Բաժիններ՝

Կենեթ Կիրկվուդ

Ռենեսանսը Ճապոնիայում (գրքից)

ՄԱՑՈՒՈ ԲԱՍՅՈ
Բանաստեղծ-պանդուխտը
Պերիպատետիկները(ճեմականները) փիլիսոփաներ էին, ովքեր Արիստոտելի օրինակով դասախոսությունների ժամանակ այս ու այն կողմ էին քայլում: Մենդիկանտները աղքատիկ կյանք վարող միաբանության թափառական վանականներ էին, ովքեր ապրում էին բացառապես ողորմությամբ: Ուխտավորները պանդուխտներ էին, ովքեր ուխտգնացությունների էին գնում սուրբ վայրեր, ամենից հաճախ` Պաղեստին, կամ, ինչպես ասվում է Չոսերի մոտ, «նա, ով պատահում է Կենտենբերիի է ձգտում` դրանք բոլորը ուխտավորներ են»: Տրուբադուրները 11-13-րդ դարերի քնարական բանաստեղծներ էին, որ գերազանցապես գովերգում էին ասպետական արիությունն ու առաքինությունը, երբեմն թափառական երաժիշտների կամ քոչվոր խեղկատակների և աճպարարների շրջապատում: Միջնադարյան Եվրոպայի սայլուղիները, որոնք դժվար թե կարելի է ճանապարհ անվանել, ողողված էին այդպիսի պանդուխտներով:
Բասյոն պանդուխտ բանաստեղծ էր:
Ըստ էության, նա փոքրիշատե օժտված էր այդ բոլոր հատկություններով: Թեպետ և նա ողորմություն չէր խնդրում, բայց ապրում էր ողորմածությամբ:

Թեպետ և նա վանական չէր, բայց ուխտագնացություններ էր կատարում առ Ճապոնիայի զոհարաններն ու սուրբ վայրերը: Թեպետ և նա չէր գովերգում ասպետական առաքինությունը, բայց բանաստեղծություններ էր արարում և կարդում էր դրանք ուրիշներին: Թեպետ և նա խեղկատակ չէր, բայց հումորի զգացում ուներ և հաճելի զրուցակից էր: Թեպետ և նա երաժիշտ չէր, բայց լսում էր օկոձյորուրիի երաժշտական դրամաները, որ կատարում էին կույր երաժիշտները չորս լարանի վինի նվագակցությամբ, և հնարավոր է, որ հենց ինքն իր հետ էր վերցնում պանդուխտներին ընտել սրինգը:

Վաշինգտոնում նախկին ֆրանսիացի դեսպան Ժ.Ժ.Ժյուսերանը հիմնավոր աշխատություն է գրել միջնադարյան Անգլիայում պանդուխտների կյանքի մասին: Համանման խնդիրը դեռ ծառացած է Ճապոնիայի պատմաբանների առջև: Պանդխտությունը վերածվել է նրբագեղ արվեստի, շատերի համար այն կոչում է դարձել: Բանաստեղծների համար դա անխուսափելի էր: Դրան դիմակայել չէր կարող և Բասյոն: Եթե նա չէր էլ ճամփորդում, Ռ.Լ. Սթիվենսոնի նման, էշ հեծած, ապա երբեմն, ինչպես Դոն Կիխոտը, ճամփորդում էր ձիով, բայց ավելի հաճախ, ժամանակակից մոլի թափառական և բանաստեղծ Ու.Գ.Դեյվիսի նման, ճամփորդում էր ոտքով: Սակայն, կարևոր չէ, թե ինչպես էր Բասյոն թափառում, ինչպես էր դեգերում` նա միշտ մնում էր պանդուխտ բանաստեղծ, պերիպատետիկ և ուխտավոր:

17-րդ դարի Ճապոնիայում ճանապարհորդների համար երկու խոչընդոտ կար: Առաջին հերթին, ճամփորդել կարելի էր միայն կամ ձի հեծած, կամ ոտքով (իհարկե, եթե նրանք դայմոն կամ հարուստ մեծատոհմիկներ չէին, ովքեր կարող էին օգտվել գահավորակից և բեռնակրից): Սամուրայները սովորաբար երթևեկում էին ձիով, իսկ ուխտավորները, բանաստեղծները և թափառական առևտրականները ոտքով էին ճամփորդում: Երկրորդ, գոյություն ունեին բյուրոկրատական բարդություններ` այլ գավառներում մնալու իրավունքի անձնագիր, Տոկայդոյում և այլ գլխավոր կետերում մաքսային ուղեկալները, տեղաշարժվելու համար հատուկ թույլտվությունները, երկար և տաղտկալի բացատրությունները սյոգունատի պահակների հետ, որ հետևում էին ճանապարհային անցուդարձին:

Այդ ուղեմուտքերը նյարդայնացնում էին, բայց անհրաժեշտ էին քաղաքական գործընթացներն ու զենքի մաքսանենգությունները վերահսկելու համար: Սովորաբար դրանք գործում էին առավոտյան վեցից, և փակվում էին երեկոյան վեցին: Սկին-Սմիթը վերջերս հրապարակեց այդ հաստատություններին վերաբերող հին փաստաթղթերը: Ուղեմուտքի հրահանգներից մեկում ասվում է. «Ուղեմուտքով անցնող բոլոր մարդիկ պիտի հանեն իրենց գլխարկները: Գահավորակների դռները պիտի բաց լինեն: Ճամփորդող կանանց անձնագրերը պիտի մանրակրկիտ ստուգվեն, իսկ եթե նրանք ճամփորդում են գահավորակով, ապա հարկ է նրանց տեղափոխել ուղեմուտքի շենքը զննելու համար»: Վիրավորների, մահացածների, ինչպես նաև «խելագարությամբ տառապող անձանց, ինչպես նաև` կալանավորների, կտրած գլուխների, դիակների համար» անձնագրեր էին պահանջվում:

Կիոտոյի և Էդոյի միջև ճամփորդողների համար անձնագրեր էին տալիս կառավարական օրգանները, և դրանք անհրաժեշտ էին սամուրայական ընտանիքների տղամարդկանց և կանանց: Բակուֆուի անմիջական ավատառուների համար անձնագիր չէր պահանջվում: Հասարակ մարդկանց համար թույլտվություն ստանալը շատ հեշտ էր` անհրաժեշտ էր տանտիրոջ, գյուղապետի կամ բարեկամներից մեկի գրությունը: Թափառիկ դերասաններին ուղեմուտքն անցնելու համար բավ էր պահակներին իրենց վարպետությունը ցուցադրելը:

Չնայած այդ բոլոր սահմանափակումներին, ուխտագնացությունները տեղի էին ունենում, և պանդուխտ գիտնականները, բանաստեղծները և նկարիչներն անշտապ գյուղից գյուղ էին թափառում, պերիպատետիկ ուսուցիչների կամ միջնադարյան եվրոպացի քարոզիչների նման, մի քաղաքից մյուսն էին անցնում, մի փառաբանված գեղատեսիլ վայրից` դեպի մյուսը, ողջ երկիրը ոտնատակ տալով: Անշուշտ, նրանք ստիպված էին լինում բացատրություններ տալու մաքսավորներին, որ հսկում էին ուղեմուտքերն ու քաղաքային դարպասները, բայց նրանք, հավանաբար, բավական ողջամիտ էին, որպեսզի պատասխանեին նրանց հարցերին և լիովին բարեհաջող անցնեին:
Հնարավոր է, համանման պանդուխտների մեջ չկար ավելի անխոնջ ճանապարհորդ, քան մի երիտասարդ, որ բազում անուններ էր փոխել, իր իսկական Ձինսիտիրո Գինձզաեմոն անունից սկսած և վերջացրած արդեն հասուն տարիքում ձեռք բերած Բասյո կեղծանունով:

Նա ծնվել է 1644 թվականին, դղյակամերձ Ուենո քաղաքում, Իգա գավառի մայրաքաղաքում, ցածրաստիճան սամուրայի ընտանիքում: Մի քանի տարվա ծառայությունից հետո երիտասարդ իշխան Յոսիտիդայի մոտ, ում հայրը տնօրինում էր Ուենո դղյակը, նա ուղևորվեց Կիոտո կայսերական մայրաքաղաքը, ուր ընկավ հոքքուի երևելի վարպետ Կիտամուրա Կիգինի ազդեցության տակ: Ձյունսիտիրոն և նրա ավատիշխան Յոսիտադան, ով վերցրել էր Սենգին կեղծանունը, մոտ ընկերներ դարձան և սովորաբար ցուցադրում էին իրենց բանաստեղծական հակումները, հրինելով մոդայիկ «բանաստեղծական շղթաներ»` ռենգաներ:

Արդեն պատանի հասակում սամուրայն այնպիսի վարպետություն ցուցաբերեց, որ, երբ նա քսաներկու տարեկան էր, նրա որոշ բանաստեղծություններ, ինչպես նաև` նրա ավատառու Սենգինինը, մտցվեցին բանաստեղծ Օգինո Անսեյի հրատարակած ծաղկաքաղի մեջ: Սյն ժամանակ էլ Ձինսիտիրոն վերցրեց Մունեֆուսա գրական անունը:
Հաջորդ տարի, 1666 թվականի ապրիլին, նրա տեր և ընկեր Եսիտադան (Սենգինը) հանկարծամահ եղավ:

Վշտացյալ քսաներկուամյա Մունեֆուսան, վերցնելով իր տիրոջ մազափունջը, ուղևորվեց Կոյա լեռը, որպեսզի նրան այնտեղ հանգչեցնի հանրահայտ բուդդիստական վանքում: Տաճարներում անցկացրած կարճատև ընթացքը, բարեգթության և աստվածապաշտության, ինքնակենտրոնացման և միստիցիզմի իրենց հանդարտավետ տրամադրությամբ բավական եղավ, որպեսզի շեղի զգայուն և մենավոր պատանուն հարազատ օջախից ու ընկերներից և նրան պատի հայեցողական վանական մեթոդների հմայքներով: Նա պատրաստ էր աշխարհից հեռանալու:
Այդուհանդերձ, շուտով նա դարձյալ հայտնվեց Կիոտոյում և ծառայության անցավ Կիգինի մոտ` Սենգինի գրական դաստիարակի, ում հետ նա շարունակեց դասական ճապոնական գրքերի, Տեյտոկու դպրոցի ռենգաների և հոքքուների ուսումնասիրությունը: Միաժամանակ, մեծ մասնագետ Իտո Տանայնի ղեկավարությամբ, նա ուսումնասիրում էր չին դասականներին Այդ ժամանակ երիտասարդ բանաստեղծ-սամուրայը ևս մեկ անգամ փոխեց իր անունը և սկսեց Տոսեյ կոչվել` «Կանաչ դեղձ», ի պատիվ չինացի բանաստեղծի, ում ստեղծագործությամբ նա հիանում էր:

Հետագա հինգ տարին Տոսեյն անցկացրեց Կիոտոյում, ջանադրաբար ուսանելով և բանաստեղծություններ ստեղծելով: Նա մտերմացավ կայսերական մայրաքաղաքում բնակվող գրական եղբայրության հետ: Այն օրերին Կիոտոն մեծ քաղաք էր, և մեզ հայտնի չէ, թե արդյո՞ք նրանք միմյանց և արվեստի այլ ներկայացուցիչների հետ սերտ կապերի մեջ էին: Սակայն, լիովին հնարավոր է, որ նրանց ուղիները հաճախ խաչասերվում էին` մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, այգիներում և պուրակներում կամ բազմաթիվ բանաստեղծական երեկոներին, որ կազմակերպվում էին գրական շրջաններում: Համենայն դեպս, շատերն անունով գիտեին միմյանց, շնորհիվ Օգինոյի կամ Տանակա Ձյոկեյի կազմած ծաղկաքաղների, ուր առաջին անգամ հայտնվեցին Տոսեյի բանաստեղծությունները: «Կայոյ» («Խխունջախաղ») ժողովածուում տպագրվել էին նրա հոքքուներից երեսուն զույգից ավելին, որոնցից երկուսը ստորագրված էին Սոբո կեղծանվամբ և գրված էին ոչ դասական ֆորմայով, և ոչ էլ Դանրինի ժամանակակից ոճով:

Բասյո-փիլիսոփան
1672 թվականին սյոգունը Կիգինին Էդո կանչեց, նրան ուղեկցում էր երիտասարդ աշակերտ Տոսեյը: Որպեսզի ինչ-որ ձևով օգնեն նրան ծայրը ծայրին հասցնել, նրան նշանակեցին Սեկիգուտիի ջրամատակարարման կառույցների շինարարության պատասխանատու, բայց նույնիսկ զբաղվելով այդ պաշտոնական և պրակտիկ գործունեությամբ, անշուշտ, անհամատեղելի նրա խառնվածքին, Տոսեյը շարունակում էր ուսումնասիրել դասականներին և բանաստեղծություններ գրել: Շուտով նա հրաժարվեց պաշտոնից և իր վրա վերցրեց հոքքուի ուսուցչի անշահութաբեր դերը: Նրա աշակերտների թիվը, որոնցից շատերը հետագայում փառաբանվեցին, անընդհատ աճում էր: Յուրաքանչյուր հրապարակման հետ տարեցտարի աճում էր և նրա փառքը: Նրա ընկերներից և աշակերտներից մեկը, Սուգիյամա Սամպուն, տեղի սյոգունի ձկան հարուստ մատակարարը, Տոսեյին տրամադրեց իր խրճիթը, որ տեղադրված էր Սումիդա գետի ձախ ափին, Ֆուկագավա ավանում: Այստեղ, այգում, Տոսեյը բանանի (բասյո) ծառ տնկեց և աշակերտները սկսեցին նրա ապաստարանը «Բասյո-ան» («Բանանի տերևի կացարան») կոչել: Դրանից հետո բանաստեղծն ընդունեց Բասյո անունը, որով էլ հենց ամենից շատ է նա հայտնի:

Մենք մանրակրկիտ չենք պատմի նրա մեկուսացած կյանքի մասին այդ հասարակ ձկնորսական կացարանում, որն ընդամենը մի փոքրիկ սենյակ ուներ, ուր նա բանաստեղծություններ էր հորինում և հետազոտում էր ձեն-բուդդիզմի հիմունքները: Դա, ինչպես կարելի է ենթադրել, միևնույն իդեալական կացարանն է, որի կարիքն ունեն բոլոր ազգերի և բոլոր ժամանակների փիլիսոփաներն ու բանաստեղծները` Օվիդիոսը, Հորացիոսն ու Ցինցինատը` իրենց գյուղական ֆերմաներում, Նիցշեն ու Գյոթեն` իրենց կացարաններում, Էմերսոնն ու Տորոն` իրենց «Կոնկորդ» և «Ուոլդեն» խրճիթներում, անգլիացի «լճաշխարհի բանաստեղծները»` Գրասերի ափին, և նույնիսկ կոմս Գրեյն` իր գյուղական մեկուսացման մեջ Ֆալոդենում, գետափին: Հնարավոր է, նա հիշում էր հին չինացի նկարիչ Կակխիի խոսքը. «Ո՞րն է արժանավոր մարդկանց սանսույ-բնանկար սիրելու պատճառը:

Բնանկարը` երբ հեռաստաններն ու բլրակները ծածկված են բուսականությամբ, երբ գետերն ընդմեջ ժայռերի աշխուժանում են հանց երեխաներ, դա մի վայր է, որ սիրում են այցելել անտառահատներն ու իմաստուն ճգնակյացները, վայր, ուր թռչուննները բարձրաձայն արտահայտում են իրենց բերկրանքը»: Այստեղ Բասյոն կարող էր ախորժանք ապրել սանսույ-բնանկարից` այնտեղից հոգեկան անդորր, բերկրանք, ներշնչանք քաղել, շփվել բնության հետ և զգալ իր միասնությունը նրա հետ: Այստեղ նա կարող էր, կատարելագործվելով ձենի ներհայեցողական արվեստում, Էմերսոնի նման, «ընկնել յոգերին և սուֆիստներին ծանոթ տրանսի մեջ, հասնել սամադխիի միստիկական վիճակին, երբ բոլոր ցանկություններից ազատագրված բնականությունը, աննպատակ և անմարմին, կենում է գիտակցության սահմաններից անդին, և երբ քեզ զգում ես ազատ, ամենակարող և անմահ»:

«Գոյություն ունեն բազում հակասական և միանման իրավահավասար տարբերակներ,- գրում էր Բասյոյի մասին Չեմբեռլենը,- որ բացատրում են նրա ճգնակեցությունը: Մեկը, որը ոչնչով չի հաստատվում, բայց որն ընկած է հանրահայտ դրամայի հիմքում, մատնանշում է բարոյական կարգի պատճառները, ակնարկելով ինչ-որ թռուցիկ սիրային կապ ավատառուի կնոջ հետ»: Սակայն ամենապարզ բացատրությունը հարկ է փնտրել այն հոռետեսական և ճգնակեցական տրամադրության մեջ, որը, թեպետ այն ներհատուկ չէ 20-րդ դարի Ճապոնիային, մեծ ներգործություն էր ունենում ազգային գիտակցության վրա քաղաքացիական պատերազմների և աղքատության միջնադարյան շրջանում և որը Բասյոյից շատ առաջ ստիպում էր ռազմիկներին և ազնվականներին` հրաժարվել իրենց աշխարհիկ տիտղոսներից:

Երկրի վերջնական խաղաղեցումով մոտ 1600 թվականին, Տոկուգավայի սյոգունների տիրապետության ժամանակ, այդ պատճառն անհետացավ: Բայց միաժամանակ սամուրայական դասի, կամ ռազմական ազնվականության բոլոր անդամների կյանքը վերածվեց տաղտկալի, առտնին տափակաբանության, ծիսակարգերի անվերջանալի շարանի, որ ճնշում էր բոլորին, ի բացառյալ ամենագորշ ուղեղների: Զարմանալի չէ, որ ընտանիքի գլուխները հնարավորինս շուտ հեռանում էին ակտիվ կյանքից, դրանում տեսնելով միակ փրկությունը պաշտոնական բռնությունից, ինչպես հարկն է ապրելու միակ հնարավորությունը: Իսկ մյուսները, առավել անհամբերները, ավելի վաղ էին ճամփից շեղվում, պատանության տարիներին, թաքնվում էի բուդդիզմի ստվերի ներքո, որի իշխանությունը երկրի վրա դեռևս ուժեղ էր: Շատերը միայն ձևականորեն էին դառնում բուդդայական վանականներ, հրաժարվում էին ժառանգական անուններից և տիտղոսներից, գլուխը խուզում էին և վանական հանդերձանք էի զգենում, սակայն իրենց կյանքը նվիրում էին ոչ թե կրոնին, այլ հաճույքներին:

Այդպիսին էին գեղագետները, ովքեր, սյոգունների և այլ մեծատոհմիկ անձանց մանկության ընկերները լինելով, մշակել էին թեյի արարողությունները, ստեղծել էին ամենահիասքանչ այգիները Կիոտոյում և նպաստում էին նրբագեղ արվեստի զարգացմանը: Իսկ այլք ճշմարիտ ճգնավորներ էին, հավանաբար, շատերը կեսճամփին մնացին միստիկական կրքի և արվեստի կամ գրականության միջև: Բասյոյի վիճակը յուրահատուկ էր: Ճշմարիտ հավատավոր, մինչև ուղնուծուծը ձեն դպրոցի միստիցիզմի հետևորդ, նա, այդուհանդերձ, զուտ պրակտիկ նպատակ էր հետապնդում` նա կամենում էր մարդկանց կյանքն ու մտքերն ավելի լավն ու վեհ դարձնել, և դրա համար` որպես էթիկական ներգործության գործիք, ընտրել էր արվեստի մի ոլորտը` պոեզիան, որին էլ և նա նվիրել էր իր ողջ կյանքը:

Ինքը` «պոեզիա» բառը, նրա համար նույնական էր բարոյականությանը: Եթե իր հետևորդներից որևէ մեկը խախտեր չքավորության, պարզության, խոնարհման, երկարատև տառապանքի կոդեքսը, նա խախտողին կկշտամբեր «Դա` պոեզիա չէ» խոսքով, ինչը որ կնշանակեր. «Դա` ճշմարիտ չէ»: Բայց ավելի հաճախ նա դաստիարակում էր իր օրինակով:

Այդպես և Բասյոյի ներթափանցումը ձեն բուդդիստական փիլիսոփայության մեջ նրա կյանքի և գրական գործունեության բանալին է, մենք իրավասու ենք հարց տալու` իսկ ի՞նչ էր այն իրենից ներկայացնում: Ճապոնիայում ձենը հայտնվել է 1200 թվականից ոչ վաղ, և ծաղկման է հասել Կամակուրայի դարաշրջանում: Նրա ձգողականությունը կանոնների բացակայությունն էր: «Ձենը,- ինչպես մատնանշում է Ջորջ Սենսոմը,- չի հիմնվում գրական աղբյուրների վրա, չունի մշակված փիլիսոփայություն: Ըստ էության, այն համարյա հակափիլիսոփայական է, քանզի շեշտը դնում է ճշմարտության ըմբռնման վրա, որը հայտնվում է հանց տեսիլ` ինքնահայեցման արդյունքում, այլ ոչ թե ուրիշ մարդկանց ստեղծագործություններն ուսումնասիրելու հետևանքով: Ձենի դաստիարակը սուտրաներ չի կարդում, ոչ մի ծես չի անում, չի երկրպագում որևէ պատկերի և դաստիարակում է իր աշակերտին ոչ թե երկար քարոզների միջոցով, այլ ակնարկներով և թերասումներով:

Աշակերտը պետք է ինքն իրեն հասու լինի, ինքնուրույն կատարելագործի իրեն և գտնի իր տեղը հոգևոր աշխարհում: Դաստիարակներն ուսուցանում էին obscurum per obscurius-ը, դիմելով պարադոքսալ առակների»: Այս նկարագրության մեջ է բանալին առ հոքքուի թաքնաթաքուր էությունը, բնության իր գեղագիտական ընկալմամբ` նրա տրամադրություններով և մարդու առ աշխարհ ներթափանցմամբ, որն արտահայտվում է ավելի շուտ «ակնարկներով և թերասացումներով», քան բաց տեքստով: Մի այլ տեղ Սենսոմը խոսում է ճապոնացիների մասին. «Նրանք հավատում էին, որ ողջ բնությունը ներթափանցված է միասնական ոգով: Դա է հենց ձեն բուդդիզմի էութունը` մաքրել բանականությունը եսասիրական ձգտումներից և հասնել աշխարհի հետ քո միասնության անդորրավետ ներըմբռնողական ընկալմանը:

Իհարկե, բնությանը հաղորդակից լինելու այդպիսի զգացողությունն իր արտացոլանքն է գտել նաև արևմտյան գրականության մեջ, սակայն այնտեղ այն միշտ կրում է անտրոպոցենտրիզմի (մարդակենտրոնության) կնիքը: Միստիկական սերն առ բնությունը հայտնվում է ճապոնական պոեզիայում շատ ավելի վաղ, քան մենք կարող ենք (հազվագյուտ բացառություններից զատ) հայտնաբերել դա Եվրոպայում: Երբ Բլեյքը տեսավ «ավազահատիկում հավերժությունը և երկինքը ծաղկաբաժակում», նա զգում էր այն, ինչ չին և ճապոնացի բանաստեղծներն արտահայտել էին նրանից շատ ավելի վաղ, ու ինչը համարյա թե տափակություն էր ձեն բուդդիստական աշխարհընկալման համար»: Երբ Սթոփֆորդ Բրուկը գրում էր միևնույն բանը Վորդսվորթի մասին, նա ինքն էլ չէր կասկածում, որ բառերով արտահայտում է ձեն բուդդիստական տեսակետը. «Մարդը, ով գտնում է Բնության մեջ միայն իր կրքերի և մտքերի արտացոլանքը, կարող է հայտնաբերել Աստծուն միայն Նրա վերաբերմունքով առ ինքը և իր մերձավորները: Նա Աստծո մեջ տեսնում է միայն մարդկայինը և դրանով քամահրում է Աստվածայինի բացարձակ կողմը: Աստծո նրա գաղափարը շատ անկատար է: Իսկ նա, ով առ Բնությունը կրքոտ սիրո միջոցով կօտարվի ինքն իրենից, կհայի Բնության հոգին և կտեսնի այն այնպիսին, ինչպիսին այն կա, կտեսանի Աստծուն, ոչ միայն` որպես անձնական, այլ նաև` որպես անանձնական, ոչ միայն մարդկայնացված Աստծո, այլ նաև մարդկային սահմաններից շատ հեռու դուրս եկող, և նա կհասկանա, որ գոյություն ունի անպարագրելի վեհությունը, հավերժական հանգստությունը, կարգուկանոնի, գեղեցկության և բազմազանության հիասքանչությունը, ինչին նա չի համարձակվի անուն տալ կամ մարդկային հատկանիշներ վերագրել, բայց նա հիրավի կհասկանա, որ դա` գործող և սիրող, իմաստուն և անտանելի ուժ է: Մեր ժամանակակից աստվածաբանությունն այդպիսի տեսության սուր կարիք ունի: Այն կկարողանար հրաժարվել միայն մարդկայինի անվերջանալի և հիվանդագին շեշտադրումից և մեզ թույլ կտար փոքր-ինչ ազատվել ինքներս մեզնից»: Հենց այդ ազատագրումն ինքդ քեզանից, այդ Բնության և Աշխարհի հափշտակուն հայեցումը ձենի օգնությամբ` պայմանավորել է որպես մարդ և բանաստեղծ` Բասյոյի նշանակալիությունը:

Բասյո-բանաստեղծը
Ինչպես բանաստեղծ, Բասյոն գիտակցում էր, որ ինքը հիասքանչ բանաստեղծական ավանդույթի և հինավուրց բանաստեղծական ներըմբռնումների ժառանգորդն է: «Կոկինսյուի» 905 թվականին հրատարակված հնամենի բանաստեղծական ծաղկաքաղի առաջաբանում հանրահայտ բանաստեղծ Կի-նո Ցուրայուկին գրում էր. «Հնում, սերնդեսերունդ, տիրակալն առավոտյան, որ անուշաբուրում էր գարնան ծաղիկներով, և գիշերը, որ լուսավորվում էր աշնան լուսնով, ամեն օր կանչում էր իր պալատականներին և կարգադրում էր պահին հարմար երգեր հյուսել:
Եվ ահա, ոմանք խոսում էին այն բանի մասին, թե ինչպես, հաճույք ապրելով ծաղիկներից, նրանք ընկնում էին, դա չնկատելով, իրենց անհայտ վայրեր, ուրիշները խոսում էին այն մասին, թե ինչպես, լուսնի մասին երազանքներում, նրանք մեկ էլ դեգերում էին անհայտ խավարում, իսկ տիրակալն ունկ էր դնում նրանց սրտերին և որոշում էր, թե ինչն էր իմաստուն, իսկ ինչը` անմիտ:

Եվ ոչ միայն դա: Երբ նրանք նայում էին տիրակալին, ըմդ որում, խոսելով մանրիկ քարի և վիթխարի Ցուկուբա լեռան մասին, երբ բերկրանքը գրկում էր նրանց ողջ էութունը, երբ նրանք հիացքով էին լցվում, երբ նրանք սիրում էին հավերժական սիրով, հանց Ֆուձի լեռան մուխը, երբ նրանք կարոտում էին մեկմեկու ճղրիդների ճռոոցի ներքո, երբ խորհրդածում էին այն մասին, որ սոճիները Տակասագոյում, Սումինոայում նման են միասին ծերացող մարդ ու կնոջ, երբ նրանք մտածում էին տղամարդկային արիության անցած տարիների մասին և վշտանում էին կուսական ծաղկման վաղանցիկ ակնթարթի մասին` նրանք երգ էին հյուսում և մխիթարվում էին դրանով:
Իսկ տեսնելով, թե ինչպես են թափվում ծաղիկները գարնանային առավոտյան, լսելով, թե ինչպ

Էմերսոնի, ինչպես և Վորդսվորթի մոտ, շատ ընդհանուր բան կար Բասյոյի հետ` լիակատար ենթակայությունը բնությանը: «Նրա բանաստեղծական ներշնչանքի յուրահատկությունը,- ասվում է Էմերսոնի մասին,- պարփակված էր նրա բնության հետ մեկուսացված շփման մեջ: Գարնանային օրով, ամռան արշալույսին, աշնանային անտառներում, գետափին, բնական կաղնու և սոճու պուրակներում, ուր հողը հարթ է ու անմշակ, նրան էին հասնում քաղցր և սահմռկեցնող ձայները, որ չես լսի գրադարաններում: Բլուրները սկսեցին կորցնել իրենց ուրվագծերը և ցրվել օդում: Նրա մարմնի մանրագույն մասերը սկսեցին տատանվել: Նա նոր վիճակի էր անցնում, զգում էր, որ իր ոսկորներում պարփակված է աշխարհի ողնուղեղը, նրա գիտակցություն էր ներթափանցում գոյություն ունեցող ձևերի ողջ բազմազանությունը, նրան թվում էր, թե ինքը դաստակը թաթախում է ներկով լի ամանի մեջ, որով նկարված էին թռչունները, ծաղիկները, շնչավոր ժայռերը, բնանկարը և հավերժական երկինքը…

Երբեմն նա արթնանում էր մինչ այգաբացը և, նստելով մթին, սառցադաշտից բերված ժայռաբեկորի վրա, սպասում էր արևածագին անտառի վրա: Հաճախ նա գիշերով ելնում էր զբոսանքի, երբ լուսինն աշխարհը սաթե էր դարձնում, քոթեջների բոլոր պատուհանները արծաթափայլ են, իսկ մարգագետինները ճառագում են գիշերային անուշահոտությունը, շաղելով վայրի բույրերը իրենց բոլոր ձարխոտերի և գիշերով փակված ծաղիկների: Հեռաստաններում խոտերի մեջ պեծկլտում էին փոքրիկ ցոփակյաց լուսատտիկները, և նա լսում էր քամու ձայնը, այնքան թույլ, մաքուր և խորհրդավոր, ասես դա պտտվող լուսատուների ձայնն էր…

Նա ուշադրություն էր դարձնում ինչ-որ բնական առարկայի վրա` օձասխտորի, վայրի խնձորենու, որի պտուղները հատապտուղ են հիշեցնում, կարմիր պտուղներով մասրենու, մեղեդային հյուսիսային քամու վրա, որ խաղում է ծառերի վրա, հանց քնարների, մեղմ օդում իջնող փաթիլների վրա, ջրի երեսին մանրամաղ անձրևին, և երբեմն այդպիսի ակնթարթները նրան անբովանդակ չէին թվում: Իսկ երբ նա տեսնում էր վեհասքանչ երկնակամարը, ապա զգում էր, որ դուրս է գալիս իր գոյության պատյանից: Բնության մեջ իշխում է հավերժական հիման, որ կախում է թփերի վրա այն վարդերը, որ մի ժամանակ դյութում էին քաղդեացիներին իրենց կախովի այգիներում»:

Համարվում է, և դա են հաստատում նրա ժամանակակից, ընկեր և բանաստեղծ Բուսոնի գծանկարները, որ Բասյոն միջահասակ վայելչակազմ մարդ էր, նրբագեղ դիմագծերով, թավ հոնքերով և առաջ ընկած քթով: Ինչպես դա ընդունված էր ուխտավորների, վանականների և ճգնավորների մոտ, նա գլուխը սափրում էր: Նրա առողջությունը թույլ էր, և նա ամբողջ կյանքում տառապել է փորի խանգարմամբ:

Նրա նամակներից կարելի է ենթադրել, որ նա հանգիստ, ժուժկալ, անչափ հոգատար և շռայլ մարդ էր և շատ հավատարիմ ընկերներին և բարեկամներին: Բանաստեղծություններում արտացոլվել է նրա արտասովոր զգայականությունը բնության հանդեպ և նրա ոգու նուրբ ընկալումը: Նրա մեջ գործունյա աշխարհիկ մարդուց համարյա ոչինչ չկար, և իր կյանքի վերջին ամիսներին նա հասկացավ, որ Օսակայի առևտրային մթնոլորտն անհամատեղելի է իր մուսային և անտարբեր է նրա ստեղծագործության նկատմամբ: Ինչպես երեխաներին, նա սիրում էր իր անմիջական աշակերտներին, և նրանք էլ, իրենց հերթին, նրան որդիական հարգանքով էին վերաբերվում:

Թեև ողջ կյանքում նա տառապել է չքավորությունից և կյանքի կեսը ստիպված է եղել գոյել իր աշակերտների հաշվին, ինչպես ճշմարիտ փիլիսոփա, նա անտարբեր էր նյութական բարիքների հանդեպ և միշտ պահպանել է ոգու հանդարտ և անխռով վիճակը: Ռոբերտ Բյորնսի նման, նա կարող էր իր մասին ասել, որ, «ինչպես ճշմարիտ բանաստեղծ, վեց պենսի արժեք էլ չունի»:

Սակայն ձենի ուսմունքի և բուդդիստական փիլիսոփայության շնորհիվ` նա կարող էր հայտնաբերել, թե «ինչ քաղցր են տառապանքի պտուղները», և, կենալով իր փոքրիկ կացարանում, կարող էր ասել, որ «այսպիսի կենաց դեպքում, մարդաշատ վայրերից հեռու, մենք զրուցակիցներ ենք գտնում ծառերի մեջ, գրքեր` խոխոջացող առուներում, աղոթքներ` քարերի մեջ, և բարիք` ամեն ինչում»: Համարում են, որ կենաց օրոք իր փառքով նա պարտ է ոչ միայն այն համբավին, որին արժանացել էր իր հղկված բանաստեղծությունների համար, սակայն առավել շատ` իր ամբողջական բնավորության, համեստության և ընկերության մեջ հավատարմության համար: Այնժամ, երբ քաղաքացիների նոր հրապույրները, ցոփությունն ու անբարոյականությունը սկսեցին խախտել վաղեմի սպարտացիական հիմերը, նրա հասարակական և փիլիսոփայական հանգստությունը և համեստությունն օրինակ էին ծառայում, որ Սոկրատին արժանի էին:
1682 թվականի ձմռանը, սյոգունական մայրաքաղաք Էդոն հերթական անգամ հաճախակի հրդեհների (որ կոչում էին «Էդոյի ծաղիկներ») զոհ դարձավ, և նրա մռայլ գեղեցկությունը թռչող կայծերի և հրի տեսքով դյութում էր նրանց, ով անձնապես չէր տուժել կրակի աստծո զայրույթից:

Դժբախտաբար, այդ հրդեհը կործանեց «Բանանի տերևի կացարանը», և ինքը, Բասյոն` կործանումից հազիվ փրկվեց: Սակայն մի քանի ամիս Կաի գավառում մնալուց հետո նա դարձյալ վերադարձավ Էդո, ճնշված և շվարած կյանքի անիմաստության և մարդու անօգության մտքից: 1683 թվականի սեպտեմբերին, իր աշակերտների օգնությամբ և միջոցներով նա նոր խրճիթ կառուցեց, այգում մի նոր բանանի ծառ տնկեցին: Սակայն դա բանաստեղծի համար կացարան չդարձավ, քանզի այդ պահից ի վեր նա տասնմեկ տարի անցկացրեց անընդմեջ թափառումներում և ուխտագնացություններում: Նրա փառքն արագ տարածվում էր, և ամենուր նա նոր աշակերտներ էր ձեռք բերում: Համարվում է, որ ի վերջո Բասյոյի դպրոցը համարյա թե երկու հազար հետևորդ ուներ, որոնց թվում էին Կիաքուն, Ռանսեցուն, Կյորայը, Սամպոն և տասնյակ այլ երևելի բանաստեղծներ:
Շարունակելի

Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս