Բաժիններ՝

ARMSCOOP-ը երկու տարեկան է

Դեկտեմբերի 19-ին լրանում է Հայկական գիտական համագործակցություն (ARMSCOOP) գիտական ցանցի գործունեության երկրորդ տարին: Գիտակրթական ոլորտի բացերի լրացման, համացանցում էլեկտրոնային գրականության տարածման նպատակով երեք երիտասարդներ հիմնեցին գիտական ցանցը, որն այսօր ոլորտի առաջատարներից է և հասցրել է ճանաչում գտնել վիրտուալ տիրույթում և ոչ միայն: Կայքի հիմնադիրները չեն բավարարվում ձեռք բերածով և մշտապես նոր գաղափարներով ու նոր առաջարկներով են հանդես գալիս:

Տարբեր առիթներով նշվել է, որ գիտական ցանցի նպատակը ամենատարբեր կրթաթոշակների, գրանտների, այլ միջազգային գիտական ծրագրերի և իհարկե, էլեկտրոնային գիտական գրականության տարածումն է: Նշվել է նաև, որ գիտական ցանցը տարբեր գիտնականների, գիտության ուղին բռնած երիտասարդների կամ պարզապես գիտությամբ հետաքրքրվողների համար պատրաստ է ստանձնելու համագործակցության կամուրջի դերը:

2011 թվականի ընթացքում գիտական ցանցում հրապարակված գիտական գրականության թիվը ավելացվեց նաև ընթացիկ տարում: Մասնավորապես՝ առաջին անգամ համացանցում հրապարակվեցին այնպիսի արժեքավոր հայագիտական գրականություն, ինչպիսին են՝ Հրաչյա Աճառյանի «Հայերէն գաւառական բառարան»-ը, Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ը , Գ. Ջահուկյանի «Զրույցներ հայոց լեզվի մասին» աշխատանքը, «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանը, Օրմանյանի «Ազգապատում» կոթողային աշխատանքը և այլ արժեքավոր գրականություն:

2012 թվականին գիտական ցանցը շարունակել է իր առջև դրված խնդիրների լուծումը՝ հրապարակելով բազմաթիվ գիտակրթական ծրագրեր, որոնց մասնակցել են հարյուրավոր անձինք:

Համացանցային գործունեությամբ չսահմանափակվելով՝ գիտական ցանցի հիմնադիրների անմիջական աջակցությամբ կազմակերպվեցին և անցկացվեցին «Հայոց լեզվի պատմության հիմնահարցեր» խորագրով դասընթացները, որոնք վարեց Հոլանդիայի Լեյդենի համալսարանի դոկտոր, լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը: Ինչպես հայտնի է, դասընթացներն անցկացվեցին Երևանում և Վանաձորում, Երևանում՝ երկու հերթափոխով՝ առավոտյան և երեկոյան: Դասընթացներին մասնակեցին հարյուրից ավելի անձինք:

Հայկական գիտական համագործակցություն (ARMSCOOP) գիտական ցանցը տարվա ընթացքում տեղեկատվական աջակից է եղել նաև հետևյալ հեղինակավոր միջոցառումների համար՝

  • Հայ գրատպության 500 ամյակին և ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության հիմնադրման 65 ամյակին նվիրված միջազգային գիտաժողով, Երևան, հոկտեմբերի 15-19-ը:
  • AEGEE-Երևանի կողմից կազմակերպված ԵՄ մոդել-համաժողով 2012:

Ընթացիկ տարին հագեցած էր ամենատարբեր գիտական ծրագրերով, գիտաժողովներով, որոնց իրենց գործուն մասնակցությունն են ցուցաբերել գիտական ցանցի հիմնադիրները ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում և արտասահմանում:

Կարևորելով ձեռք բերված հաջողություններն ու գիտական ցանցի օրեցօր ավելացող անդամների վստահությունը, ինչպես նաև ունենալով նոր ծրագրեր ու գաղափարներ` Հայկական գիտական համագործակցություն նախաձեռնությունը 2013 թվականին ևս շարունակելու է ամենօրյա իր աշխատանքը:

Նախաձեռնությունը նաև բաց է բոլոր այն առաջարկների կամ գաղափարների համար, որոնք համահունչ են ARMSCOOP գիտական ցանցի նպատակներին:

Կարող եք միանալ գիտական ցանցի ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ կամ բաժանորդագրվել ամենօրյա հրապարակումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս