Սաֆարյանի դիմումն արդեն ՍԴ-ում է

«Դեկտեմբերի 12-ին, ժամը 18:00-ի մատույցներում Սահմանադրական դատարան մուտք արվեց դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների արդյունքների վերաբերյալ թիվ 1 ԸԸՀ-ի 07.12.12 որոշումը չեղյալ ճանաչելու մասին իմ դիմումը»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
«25 էջից բաղկացած դիմումի մեջ հանգամանորեն ներկայացվել և հիմնավորվել է ընտրությունների կազմակերպման, նախընտրական քարոզչության ժամանակատվածներում և քվեարկության օրը տեղ գտած համակարգային ու համատարած բնույթի այն օրինախախտումները,

1. որոնք խաթարել են սահմանադրորեն երաշխավորված (ՀՀ Սահմանադրություն, հոդված 2) ազատ ընտրությունների կարեւորագույն սկզբունքները`
• ընտրությունների հրապակայնության սկզբունքը,
• նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները,
• ընտրական իրավունքի հավասարության սկզբունքը,
• ընտրական իրավունքի գաղտնիության սկզբունքը,

2. միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության սահմանադրական երաշխավոր պետությունը չի ապահովել քաղաքացիների ընտրելու ու պատգամավորության թեկնածուի ընտրվելու իրավունքների իրացումը, որոշ դեպքերում իր ակտիվ գործողություններով կամ անգործությամբ խոչընդոտել է դրան,

3. խախտումները, լինելով համատարած բնույթի, էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա:

Դիմումի մեջ հիշատակված սկզբունքների խախտումները հանգամանորեն դիտարկվել են ընտրական ակտիվ և պասիվ իրավունքների իրացման տեսանկյունից, վկայակոչվել են գործին առնչվող այն կարևորագույն որոշումներն ու փաստերը, որոնցով ընտրությունների կազմակերպման ու օրինականության ապահովման համար պատասխանատու մարմինները՝ ԿԸՀ-ը, թիվ 1 ԸԸՀ-ը ու պետության իրավասու մարմինները (Երևանի քաղաքապետարանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ՀՀԿ-ական ղեկավարությունը, Ոստիկանությունը, Վարչական դատարանը) խախտել են իմ՝ թեկնածուիս ու ընտրողների իրավունքները, ինչպես նաև՝ ստեղծել են էական անհավասարություն ու խտրականություն թեկնածուների ու ընտրողների միջև, խախտել են ՀՀ օրենսդրության պահանջները, թույլատրել կամ նպաստել են մյուս երկու թեկնածուների կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների խախտմանը, կատարել են ՀՀ օրենքներով չթույլատրված գործողություններ, էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա և կանխորոշել ընտրությունների ելքը ՀՀԿ թեկնածուի օգտին:

Դիմումի մեջ օգտագործվել են ԶԼՄ-ների պատրաստած ու հեռարձակած բազմաթիվ տեսանյութեր, և նաև կցվել է 17 էջ՝ հավելվածներ և 2 խտասկավառակ՝ տեսանյութերով»,- գրել է Սաֆարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս