Բաժիններ՝

Որևէ գիտնականի հաճելի չէ գաղթականի կարգավիճակը

Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը համոզված է, որ հայ գիտնականներից շատ-շատերը գերադասում են Հայաստանում գործունեություն ծավալել, սակայն  համապատասխան պայմաններ չլինելու պատճառով՝ ստիպված են լքել երկիրը:

«Գիտության բնագավառում, իհարկե, խնդիրները շատ են: Սակայն ես լավատես եմ. եթե մտածենք, որ այդ խնդիրներն անլուծելի են, ապա մեր աշխատանքներն անիմաստ կլինեն: Մենք  շատ լավ երիտասարդներ ունենք, որոնք բուհն ավարտելուց հետո պատրաստ են աշխատելու և նույնիսկ պատրաստ են աշխատելու ոչ այն գումարներով, որոնք ամբողջ աշխարհում բնորոշում են գիտական համակարգը, դրանք շատ ավելին են, քան այլ բնագավառներում:

Իսկ Հայաստանում դեռևս առկա է Խորհրդային Միությանը բնորոշ էնտուզիազմը: Այսինքն, եթե երիտասարդն ուզում է աշխատել, և ինքը պահանջը ունի գիտությամբ զբաղվելու, նա աշխատում է, սակայն, ցավոք, շատ հաճախ երիտասարդներն իրենց այդ սովը լրացնում են հանրապետությունից գնալով: Իսկ հանրապետությունից գնալու երիտասարդների  հնարավորությունները ներկայումս շատ են:

Գիտնականն իրեն չի կարող որակավորել՝ որպես հայկական գիտության ներկայացուցիչ, գիտությունը համաշխարհային երևույթ է: Հայկական գիտություն ասվածը որևէ մեկին ոչինչ չի ասում, և, բնականաբար, եթե մարդ ուզում է լինել լավ մասնագետ՝  նա շատ հաճախ հենց երկրից դուրս գնալու ուղին է նախընտրում: Ես իմ փորձից, սակայն, գիտեմ, որ եթե մի փոքր պայմաններ, հնարավորություններ են ստեղծվում այստեղ, շատերը գերադասում են հենց այստեղ կայանալ և ներկայանալ: Այդ է պատճառը, որ ես, որպես նպատակ, տեսնում եմ այդ հնարավորությունների ստեղծումը: Խրախուսանքի միջոցներ անհրաժեշտ չեն, գիտությամբ զբաղվելու նպաստավոր պայմաններն ինքնին կարող են խրախուսել գիտնականին: Նկատի ունեմ ոչ թե գումարային, այլ աշխատանքային միջոցները, պայմանները, որոնք կարող են հագեցնել գիտնականի այդ  սովը և հետաքրքրությունը, լրացնել գիտական ծարավը: Խոսքը՝ նյութերի ու սարքավորումների, ենթակառուցվածքների մասին է:

Կարդացեք նաև

Այն, ինչ անհրաժեշտ է գիտնականին: Գիտնականը մարդ է, որին որոշ բաներ չափազանց հետաքրքիր են, և եթե նա այդ պահանջը լրացնում է այստեղ, ապա միայն գումարին չի նայի, չի գնա միայն բարձր աշխատավարձի հետևից: Եթե միայն դա հետաքրքրեր՝ նա այլ գործունեության ոլորտ կընտրեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Այվազյանը:

Այս ինստիտուտում գիտաշխատողների 30-40%-ը երիտասարդներ են

«Ինստիտուտի աշխատակիցները մոտ 98 հոգի են, որոնց մեծ մասը գիտաշխատող է: Գիտնականների՝ դեպի արտերկիր հոսքը միշտ կա, խնդիրն ավելի շատ միջին տարիքի գիտնականներին մեր երկրում պահելու մասին է: Այսօր կան լավ մասնագիտացած մեծահասակ գիտնականներ, որոնք կարող են շատ լավ սովորեցնել երիտասարդներին, սակայն երիտասարդները փոքր-ինչ կայանալով, թեկնածու դառնալով՝ ուզում են գտնել այնպիսի աշխատանք, որն իրենց կապահովի որոշակի միջոցներով:

Խոսքը՝ 40-55 տարեկան գիտնականների մասին է, որը  գիտնականի առավել բեղուն շրջանն է: Այդ տարիքում նա արդեն որոշ բաների հասել է և շատ լավ աշխատում է իր այդ հետաքրքրությունների շրջանակում: Հենց այդ ժամանակահատվածում էլ՝ մարդիկ տեսնելով, որ իրենք այլ երկրներում միևնույն բնագավառում շատ պահանջված են, Հայաստանում չկարողանալով ինքնահաստատվել՝ մեկնում են: Հիմնական խնդիրը դա է: Հնարավոր է՝ վաղն այնպիսի պայմաններ ստեղծվեն այստեղ, որ վերադառնան նրանք, սակայն այսօր դա է մեր հիմնական խնդիրը:

Երիտասարդները գալիս են բուհերից, ինչ-որ ձևով կայանում են, փորձում են իրենց տեղը գտնել ավելի լավ պայմաններում, և, չգտնելով՝ թողնում-գնում են: Իսկ եթե այստեղ լինում են համապատասխան պայմաններ, հնարավորություններ՝ լաբորատորիա, որտեղ իրենք կարող են դրամաշնորհային ծրագրերով աշխատել հենց տեղում, ապա շատ-շատերը գերադասում են մնալ այստեղ: Որևէ մեկին իրականում հաճելի չէ այդ գաղթական վիճակը: Չէ՞ որ դրսում էլ ամեն ինչ պետք է սկսել զրոյից՝ ինքնահաստատվել և ապացուցել, որ դու մասնագետ ես»,- ասաց Նաիրա Այվազյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս