Բաժիններ՝

«Ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ ես սիրել եմ Սերը՝ իմ հարազատ Ֆլորային»

«Անթույլատրելի է, երբ տառապում են մեր տաղանդները, հանճարեղ ու հայտնի մարդիկ, ովքեր ստեղծագործում են ժողովրդի համար և ներկայացնում են մեր մշակույթը: Անթույլատրելի է, երբ դեպի մեծություն տանող ճանապարհը լի է տառապանքով: Ժողովուրդը մշտապես տաղանդների և իսկական հայրենասերների կողքին է: Ֆլորա Մարտիրոսյանը երկրպագուների հսկայական բանակ ունի ամբողջ աշխարհում. նա հուսահատության ոչ մի րոպե չպետք է ապրեր, քանզի նրա բանականությունը հոգու հայացք էր, որ թափանցում էր ճշմարտության խորքերը: Ինքս բավական հուզական մարդ եմ և հաճախ չեմ վերահսկում ինձ. Ֆլորան ասում էր. «Թանկագինս, քո գիտակցության պայծառությունը կայանում է նրանում, որ ապրես խաղաղությամբ նրանց հետ, ով դա պարզապես չունի»: Ես երախտապարտ եմ ճակատագրիս՝ Ֆլորայի հետ բարեկամության տարիների համար:

Նոյեմբերի 20-ին աշխարհն ինձ համար փոխվեց. շուրջս ունայնություն է, ամենուր փնտրում և տեսնում եմ նրան: Ես համոզված եմ, որ նրա հոգում խաղաղություն է, իսկ մենք ինչպե՞ս վարվենք այս սարսափելի երազում՝ առանց նրա: Առանց մարդու, ով աստվածային է, քանզի նրա մեջ այնքան բարություն կար, որ կբավականացներ բոլորին: Նրա բարեհոգությունը, նրա ձայնը ապաքինում էին իմ հոգին,  նա սրբությամբ էր օժտված:

Ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ ես սիրել եմ Սերը՝ իմ հարազատ Ֆլորային. նա սիրում և հոգում էր ամբողջ սրտով: Նա ապրում էր հարազատների, ընկերների հոգսերով, և ամենակարևորը՝ սեփական ժողովրդի խնդիրներով. նա իսկական հայրենասեր էր, դա ամենախորը զգացմունքներից մեկն էր, որ ապրում էր նրա մեջ ամեն վայրկյան:

Կոչ եմ անում համայն հայությանը՝ շարունակել նրա այն գաղափարները, որոնք պետք է կյանքի կոչվեն. նա այդ գաղափարներում ներդնում էր իր ամբողջ ներուժը: Նա երջանիկ կլինի, եթե նրա ազգային գաղափարները իրականություն դառնան, քանզի արդեն բոլոր հնարավորն ու անհնարինն այդ ուղղությամբ արել է:

Կարդացեք նաև

2007 թվականին նա հիմնադրեց «Արվեստագետները հանուն խաղաղության» բարեգործական ընկերությունը, որի անդամներ դարձան հայտնի մարդիկ, հոլիվուդյան աստղեր: Ընկերության նպատակն էր՝ արվեստի ուժով միավորել նրանց ձայները և «ո՛չ» ասել Հայոց ցեղասպանությանը և մարդկության հանդեպ գործած  այլ ոճրագործություններին, ինչպես նաև միջազգային հանրությանը կոչել խաղաղության: Այս տարի հայտնի երգչուհին Գլենդելի «Ալեքս» համերգասրահում մենահամերգ ունեցավ, որին մասնակցեց հայտնի հոլիվուդյան աստղ Շերոն Սթոունի եղբայրը՝ Մայքլ Սթոունը: Համերգին ներկա էին ինչպես Շերոն Սթոունը, այնպես էլ հոլիվուդյան այլ աստղեր:

2009 թվականին նա ստեղծեց «Կանգ առեք, մարդի՛կ» երաժշտական ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության ընկալման մասին՝ հայի, թուրքի, հույնի և ամերիկացու կողմից:

2011 թվականի նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում կայացավ առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուանդերը, Չակա-Կանը, Էրիկ Բեննետը, Բոբի Բրաունը և ԱՄՆ այլ աստղեր: Համերգի ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանին հանձնվեց ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի հատուկ պատվոգիրը՝ հայկական համայնքի առջև հատուկ և անգնահատելի վաստակի և ամբողջ աշխարհում խաղաղություն քարոզող նրա մշակույթի համար:

Այսքան տարիներ նա իր ամոքող ձայնով ստեղծագործում էր մեզ համար, մեզ սեր էր տալիս: Ես հիշում եմ, երբ մենք նախապատրաստվում էինք Մոսկվայում կայանալիք նրա մենահամերգին, նա ժամանեց մի քանի օր շուտ, որպեսզի օգնի կազմակերպչական հարցերում: Պետք է խոստովանեմ, որ իմ 20-ամյա համերգային գործունեության ընթացքում ես չեմ մտաբերում մի համերգ կամ համերգի նախապատրաստական շրջան, որ այսպիսի երանություն պարգևեր, ինչպես Ֆլորա Մարտիրոսյանի համերգն էր. մեր ամբողջ անձնակազմն աշխատում էր բավականության զգացումով: Նրանից այնպիսի էներգետիկ ալիք էր գալիս, որ մենք կորցրել էինք իրականության զգացողությունը: Շատերը գալիս էին նրա մոտ՝ ենթագիտակցորեն և գիտակցաբար նրանից էներգիա ստանալու, մարդիկ պատմում էին նրան իրենց հոգսերի և խնդիրների մասին: Նա ապրում էր բոլորի խնդիրներով, իսկ ամենակարևորը՝ Ցեղասպանության հարցն էր, որ հանգիստ չէր տալիս նրան:

Մոսկվայի նրա բնակավայրում կար փոքրիկ ձմեռային այգի, որտեղ մենք գիշերներ էինք լուսացնում՝ կազմելով համերգի սցենարը, որ պետք է կայանար 2013 թվականին՝ Մոսկվայում. ձևաչափը նույնն էր, ինչ ԱՄՆ-ում, բայց ռուսական աստղերի մասնակցությամբ, որին հաջորդելու էր համերգային արշավն ԱՊՀ երկրներով: Ամբողջ գիշեր այդ համալիրի անձնակազմը շրջապատել էր նրան հոգատարությամբ, և բոլորը զգում էին, որ իրենց առջև բարեգութ և մեծահոգի մարդ է: Ես երաշխավորում եմ, որ այդ համերգը կկայանա 3D ձևաչափով, և բոլորը կտեսնեն Ֆլորա Մարտիրոսյանին բեմի վրա, կզգան նրա ջերմությունն ու բարությունը. նրա ձայնը պետք է հնչի միշտ և ամենուր:

Նա շատ էր սիրում հյուրասիրել, մշտապես հրավիրում էր ճաշկերույթների, որոնք վեր էին ածվում նախաճաշի, նա ֆանտաստիկ էր պատրաստում:

Նա գրավեց ժողովրդի սիրտը իր աստվածային ձայնով, գթասրտությամբ, վեհանձնությամբ, մեծահոգությամբ և սիրով:

Նա միշտ ասում էր, որ պետք է օրգանիզմի էներգետիկ դաշտը լավացնել ջրի օգնությամբ: Պետք է տեսնել դրականը, բացել աչքերը, ականջները, հոգին և նորից սովորել, լսել, տեսնել, զգալ և ԱՊՐԵԼ:

Ես հասկանում էի, որ այդ ջրի գաղտնիքն այն է, որ այն պետք է լիցքավորված լինի նրա երգերով. այդ մասին խոսում և դա ապացուցում էին գիտնականները:

Կարծում եմ՝ նրա բարի գործերի արժանի պարգևը կլինի այն, որ իրականություն դառնան նրա բոլոր երազանքները, որ աշխարհը բարիանա, և լուծվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս ամենի համար անհրաժեշտ է միայն ՍԵՐ»:

ԶԱՌԱ ՄԽԵՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս