Բաժիններ՝

ՊԵԿ-«ՀայՓոստ» համատեղ նախաձեռնություն

Պետական եկամուտների կոմիտեի` վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների հիմքում առանցքային դեր ու նշանակություն ունի հարկ վճարողների սպասարկման որակի բարելավումը, ինչին ուղղված ևս մեկ քայլ է արվել:

ՊԵԿ-ը, հավատարիմ մնալով հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ընդլայնման և սպասարկման որակի բարելավմանն ուղղված քաղաքականությանը, նախատեսում է առաջիկայում ևս զգալի ընդլայնել սպասարկման կետերի ցանցը` ընդգրկելով նոր ոլորտներ:

ՀՀ կառավարության` դեկտեմբերի 6-ի նիստում հավանության է արժանացել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ միջև համագործակցության պայմանագիր կնքելու` պետական եկամուտների կոմիտեի առաջարկը: Իսկ դա նշանակում է, որ համատեղ նախաձեռնությամբ «ՀայՓոստ»-ի վերանորոգված և արդիականացված բոլոր բաժանմունքներում կստեղծվեն սպասարկման կետեր, որտեղ աշխատելու են ՊԵԿ ներկայացուցիչներ:

Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ընդգծել է, որ կոմիտեն կարևորում է հարկ վճարողներին մատուցվող ծառայութունների որակը. «Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը շրջադարձային մոտեցում է և որակապես նոր հարթություն է տեղափոխելու մեր կողմից իրականացվող սպասարկման գործառույթը»:

Դեռևս 2008-ից ներդրված էլեկտրոնային կառավարման համակարգի և ծառայությունների կատարելագործման, բարեփոխումների շարունակականության ապահովման արդյունքում, ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի, այսօր հնարավորություն է ստեղծվում Հայաստանի ամբողջ տարածքով մեկ, անտեսելով աշխարհագրական դիրքն, ավելի քան 200 կետերում առցանց ռեժիմով ունենալ հարկային և մաքսային ոլորտները սպասարկող միանման ծառայություններ.

«Կարող եմ փաստել, որ նորամուծության արդյունքում օրինակ` Մեղրիի հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը որևէ կերպ չի տաբերվելու Երևանի հարկատուների սպասարկման որակից»: «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանն իր հերթին, կարևորելով համատեղ նախաձեռնությունն, ընդգծել է. «Այս համագործակցությունը համահունչ է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ռազմավարական ծրագրերին: Կարևոր է ոչ միայն բարձրացնել հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակն, այլև ընդլայնել դրանք. ՊԵԿ-ի հետ այս համատեղ նախագիծը կօգնի իրագործել նաև մեր նպատակը»:

ՊԵԿ ներկայացուցիչների հիմնական գործառույթներն են լինելու էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման, հարկերի, տուրքերի և այլ վճարումների հետ կապված հարցերին օժանդակումը, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության, օրենսդրության հետ կապված հարցերի պարզաբանումը: Իսկ «ՀայՓոստ»-ի բաժանմունքներում տեղադրվող տերմինալների միջոցով ՊԵԿ ներկայացուցիչների աջակցությամբ հարկ վճարողները կկարողանան նաև հարկային հաշվարկներ ու հաշվետվություններ ներկայացնել:

Նախատեսվում է նաև, տեխնիկական հնարավորությունների դեպքում, առանձին փոստային բաժանմունքներում իրականացնել փոստային առաքանիների արտահանման և ներմուծման հետ կապված մաքսային ձևակերպումներ և մաքսազերծում: Այս նախաձեռնության առանձնահատկություններից մեկն այն է, որ հարկ վճարողները հնարավորություն կունենան նույն վայրում միաժամանակ օգտվել ինչպես «ՀայՓոստ»- ի, այնպես էլ ՊԵԿ-ի ծառայություններից:

ՊԵԿ հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս