«Ես համոզված եմ, որ հենց այս պահին Հայաստանում ոստիկանության որևէ բաժանմունքում մարդ են ծեծում». Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ  Ավետիք Իշխանյանի խոսքով՝ Հայաստանում մարդու իրավունքների խախտում ամենաշատը արձանագրվում է ոստիկանությունում. քաղաքացիներն այստեղ ապօրինաբար պահվում են երկար,  ենթարկվում են ֆիզիկական և հոգեբանական ճնշումների:

«Ես համոզված եմ, որ հենց այս պահին Հայաստանում ոստիկանության որևէ բաժանմունքում մարդ են ծեծում՝ ցուցմունքներ կորզելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով, մարդու իրավունքների խախտման «մեղավորը» դատաիրավական համակարգն է, որի նկատմամբ քաղաքացիները չունեն վստահություն, ինչն, ի դեպ, հիմնավորված է:

Նրա դիտարկմամբ՝ վստահության պակասի մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիները հաճախ են դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Կարդացեք նաև

Այն, որ դատական համակարգը մեր երկրում անկախ չէ, հաստատեցին նաև ասուլիսի մյուս երկու մասնակիցները` ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

«Դատարանները շարունակում են կալանքն իբրև խափանման միջոց ընտրել, որի պատճառով ունենք ծանրաբեռնվածություն քրեակատարողական հիմնարկներում, ինչն էլ բերում է այլ բնույթի խախտումների»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նախկին իրավապաշտպանը մեջբերեց հայտնի իրավապաշտպաններից մեկի խոսքը, թե իրավապաշտպանին երբեք գործազրկություն չի սպառնում: Էդմոն Մարուքյանը նկատեց, որ մարդու իրավունքները բոլոր երկրներում էլ խախտվում են, պարզապես Հայաստանում արդյունավետ պատպանության և իրավունքների վերականգման մեխանիզմներ չկան:

«Ցավոք,  ուզում եմ արձանագրել, որ մեր քաղաքացիները հաճախ իրենց հարցերի իրական լուծումը չեն տեսնում մեր իրավապահների մոտ և դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասաց նաև ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության  հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը:

Մարգարիտ Եսայանը տեղեկացրեց, որ չնայած երկրում առկա բազմաթիվ լուրջ խախտումներին, ստանում է կենցաղային բնույթի խախտումներ պարունակող բողոքներ: Թե ինչո՞ւ քաղաքացիներն ավելի լուրջ խախտումների մասին իրեն չեն հայտնում՝ տիկին Եսայանն այդպես էլ չի հասկացել:

«Մարդու իրավունքների ոլորտում մենք շատ անելիքներ ունենք: Շատ վիճակներ կան, երբ ոտնահարվում են ՀՀ շարքային քաղաքացիներրի, միջին խավի, նաև բարձրաստիճան պաշտոնյաների իրավունքները, և մենք  պետք է օբյեկտիվորեն ընդունենք, որ միշտ անելիքներ ունենալու ենք»,- նկատեց Մարգարիտ Եսայանը:

Խոսելով մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասին` Ավետիք Իշխանյանը նշեց, որ ՄԻՊ-ի վերջին շրջանի գործունեությունը դրական է գնահատում, թեև ընդհանուր առմամբ վտանգ կա, որ այս ինստիտուտը Հայաստանում կարող է դառնալ  քաղաքական գործիք:

Մարգարիտ Եսայանը նույնպես դրական գնահատեց ՄԻՊ-ի աշխատանքը և հասարակության վերաբերմունքն այս ինստիտուտի նկատմամբ, իսկ Էդմոն Մարուքյանը նկատեց, որ դեռևս այս ինստիտուտը լրջորեն չի ընդունվում անգամ օրենսդիրների կողմից, այդ մասին է խոսում նաև այն փաստը, որ ԱԺ-ն դեռ չի լսել անգամ պաշտպանի 2011թ. զեկույցը:

Տեսանյութեր

Լրահոս