Էլիոթ Ուայնբերգեր. Ռենգա
Անտառը
Երբ լինեք Անգոլայում, չգնաք գիշերով Կոժվե անտառը: Քանզի այնտեղ, ծառերի միջև, խլացուցիչ ճիչեր արձակելով՝ սուրում է ծերունի Մուխանգին. մի ժամանակ նա մեծ որսորդ էր: Մրջնանոցը գլխին դնելով, պարմանուհու տեսքով այնտեղ թափառում է` հետապնդում է Կանյադիին: Իսկ մանուկ Կպուկալան բնակվում է ծառերի բներում, շնկշնկացնում է իր գոգնոցը, որ կարված է կենդանիների մորթերից: Այնտեղ դեռևս կա Սիիյա ցեղն ու կարմիր մանուկ Կալուլուն` նա սուլոցով անցնում է երկնքով: Եվ չտեսնված գազան Սամուտամբվեկան` միոտանի, միաչքանի, միականջանի, միակ ատամով, նա կրում է իր մարդկային արյունով ներկված գավազանը: Իսկ բոլորից ամենասարսափելին Նգուզան է` վիթխարի աչքը: Նա նստում է ծառի վրա, հպվում ճյուղերին և սևեռուն նայում է:
Կապույտ աչքերը
Ես գտնվում էի Ամազոնկայի գյուղակներից մեկում, օրըստօրե սպասելով շոգենավի ժամանմանը, հուսալով դուրս պրծնել այս վայրերից: Գիշերում էի այս գյուղի միակ կացարանում, ուր կարելի էր սենյակ վարձել` գիշերվա կեսին վառում ես լույսը, իսկ առաստաղը համատարած պատված է թափանցիկ սալամանդրերով` անշարժ, գլխիվայր կախված: Ուտել կարելի էր միայն մի տեղում` անպուտահան մի խղճուկ խրճիթում, մռայլ խոհանոցով և երկու մետաղական սեղաններով, որ դրսում էին դրված, հենց չսալարկած ճանապարհի վրա: Իսկ այդ ճանապարհը գյուղի միակ փողոցն էր: Այնտեղ էլ ես նստում էի: Մի անգամ, սպասման ողջ օրվանից հետո, օրվա վերջին ճանապարհի վրա հայտնվեց մի ծերուկ: Նա մոտեցավ և դիմեց ինձ. «Sprehen sie Dutsh»:
Նա կոպիտ բամբակյա գործվածքից զգեստ էր կրում, որն այնքան էր արևի տակ մնացել, որ գույնով նմանվել էր երկնքի ամպերին, իսկ դեմքը՝ արեգակի տակ երկար մնալուց, մգացել էր: Իմ անգիտությունից դժգոհ, նա անցավ անգլերենի և ասաց. «Դու, երևի թե, մտածում ես, որ ես հնդիկ եմ, բայց ես հնդիկ չեմ: Նայիր, թե ես ինչ աչքեր ունեմ, չէ՞ որ դրանք կապույտ են: Հնդիկները կապույտ աչքեր չեն ունենում: Ես հնդիկ չեմ: Հնդիկներն ասես գազաններ լինեն: Այն ժամանակ, Գերմանիայում` մենք ճիշտ ուղու վրա էինք: Մի փոքրիկ սրսկոց` պֆֆ: Եվ ոչինչ չկա: Նայիր, թե ինչ աչքեր ունեմ ես, նրանք կապույտ ենգ»: Եվ նա մինչև մութն ընկնելը խոսում ու խոսում էր:
Գերմանացիների մեծամասնությունը ենթադրում է, որ Հիտլերը կապույտ աչքեր ուներ, իսկ իրականում նրա աչքերը դարչնագույն էին: Բարձրագույն նացիստական աստիճանավորների լուսանկարները ռետուշ էին արվում, որպեսզի աչքերը կապույտ դառնան, և որպեսզի հայացքը սևեռուն, թափանցիկ և պաղ լինի, հանց լեռնային լճակ, ինչպես սառցաբեկորը, ինչպես անամպ երկինքը, որպես կարծեցյալ անխառն արյան արտադրանք:
Անցան տարիներ: Ես հնդկական հարթավայրում մեքենա էի վարում, մինչև մոտակա քաղաքը հասնելը մի քանի ժամ կար, կողքանց լողում էին գյուղակները, ծեփակերտ, միօրինակ, միակ ծառով` պարտադիր ծխող զույգով, որ տեղավորվում էին ծնկաչոք, պատի տակ: Երեք երեխա, որ հողի վրա գծեր էին նկարում, չորս անգղ, որ իրար հրմշտելով պտտվում էին սատկած շան լեշի վրա, մենավոր մի կին, որ գնում էր ճամփով իր այծի հետ, սայլակով երկու տղամարդ, երեք կով, որ անիմաստ ինչ-որ բաներ էին փրցնում հողից ու որոճում, չորս ճանճ, որ նստել էին ոտքիս:
Մեքենան արգելակեցի, ինչպես դա հաճախ էր պատահում, կովերի հոտի առաջ, որ փակել էր ճանապարհը: Կենդանիների արանքով գնում էր մի թափառական վանական՝ սովորական նարնջագույն հանդերձանքով, փայտե մահակով և մուրալու համար նախատեսված թասով, իսկ նրա սափրած գլուխը նկարազարդված էր Շիվայի պատկերներով: Սակայն նա սովորականից ավելի բարձրահասակ էր, իսկ նրա մաշկը արևախանձված վարդագույն երանգ ուներ` թուխ չէր: Երբ մեքենան դանդաղ անցավ նրա մոտով, նա թասը վեր բերեց պատուհանի կողմը՝ առանց որևէ բառ արտաբերելու, և ինչ-որ մի պահ նայում էր ինձ երկնային, անըմբռնելի երկնագույն, սառցաբեկորների գույնի աչքերով:
Եվս մեկ պարբերություն՝ այնտեղից
Սուրում եմ չսալարկված, խորը փոսերով Կոլիբրիի խճուղիով, Կոլիբրի գյուղակի կողքով. ցցագերանների վրա կառուցած տասնյակ տնակներ: Կոլիբրի գետը հոսում է Կոլիբրի լեռնաշղթայից, ուր ամեն մի սար կոչվում է Կոլիբրի լեռնագագաթ: Ասում են՝ տեղի ժողովուրդը փոքրիկ երևակայություն ունի:
Կնոջ մասին նրանք ասում են, որ նա հիասքանչ է՝ հանց կոլիբրի, տղեկի մասին՝ որ նա ճարպիկ է՝ հանց կոլիբրի, ռեպլիկը կարող է լինել սուր՝ ինչպես կոլիբրիի կտուցը, առավոտը ծակոտկեն է՝ հանց Կոլիբրիի թևերը, բոլոր բաները` կոլիբրիից մեծ կամ փոքր են, իսկ ուտելիքն այնքանով է լավը, եթե կոլիբրին կարող է սուրալ ափսեի վրա: Մահանալով, մարդը վերակենդանանում է կոլիբրիի տեսքով: Իսկ եթե մահանում է կոլիբրին, ապա նա ուղիղ գծով ուղևորվում է դրախտ: Այնտեղ նա ապրում է հավերժ Կոլիբրի գյուղակում Կոլիբրի գետի մոտ, Կոլիբրի լեռնաշղթայի ճյուղավորումներում: Այնտեղ ամեն ինչ ճիշտ նույնպես է, միայն թե Կոլիբրի խճուղին չկա, որովհետև այնտեղից արդեն գնալու տեղ չկա:
Հրեշտակների թևերը
Հոգին հաճախ պատկերացնում են թռչնի տեսքով, իսկ հրեշտակներն ունեն թևեր, որովհետև կյանքը տեղի է ունենում հենց այստեղ, իսկ անդրկյանքը` ինչ-որ տեղ այնտեղ: Սակայն, շատ տեղերում հանգուցյալին դնում են մեջքի վրա, և երկնային ձգողականությունը մարմնի բոլոր հեղուկները քաշում է ցած, և հենց այդ պատճառով վերին մասերը ձեռք են բերում այդ մոմե դժգունությունը:
Ներքևինները, այնտեղ, ուր արյունը կանգ է առնում` մգանում են, եթե չհաշվեք այն տեղերը, որոնցով մարմինը հենվում է մակերեսին, որի վրա նրան դրել են: Հենց ինքը՝ մարմնի քաշը արյունը դուրս է մղում հյուսվածքներից, գոյավորելով ավելի լուսավոր մասեր, քան շուրջը եղած մնացյալ բոլորը: Այդպիսի մասերից են թիակներն ու ուսի վերնամասը, և այն միանգամայն սիմետրիկ թևերի տեսք է առնում:
Թաքուն ինտերվալ
Դաոսական տիեզերքը` ժամանակին ներդրված բոլորաշրջանների անվերջություն է, որոնցից յուրաքանչյուրը պտտվում է իր արագությամբ, և նրանք, որ չեն պատկանում հասարակ մահկանացուների շարքին, վերաբերում են տարբեր բոլորաշրջաններին: Սյն բանի համար, որպեսզի որոշակի ուսմունքներ իմաստունից աշակերտին փոխանցես, պահանջվում է 400 տարի, երբեմն` 4000, իսկ որոշ դեպքերում` 40 000: Պնդում են, որ Լաո-ցզին՝ «Դաո Դե Ցզինի» հեղինակը, արգանդում 81 տարի է անցկացրել:
Դաոսական ծիսակարգը սկսվում է զոհարանի կառուցումից, որը միաժամանակ այս տիեզերքի օրացույցն ու քարտեզն է` նրա պարագծով խրված է քսանչորս ցից` Քսանչորս էներգետիկ հանգույց, և յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է տասնհինգ օր, դրանով իսկ կազմելով տարին, որ բաղկացած է 360 օրից:
Ներսում` տարատեսակ նշումների առատությունն է, որ նշանակում են Երկու սկզբունքը (ինը և յանը), Երեք էներգիաները, Երեք իռացիոնալ ուժերը, Հինգ տարերքները, Հինգ տոները, Վեց տիրակալները, «Ի-Ցզինի» Ութ եռագրումներն ու Վաթսունչորս հեքսագրամները, Ինը պալատներն ու Ինը սրահները, Տասը ցողունները, Տասներկու ճյուղերըգ Յուրաքանչյուրն այստեղ` «գերբնական էակ է», դարպաս, ուղղություն, մարմնի մաս, ժամանակի չափ, փիլիսոփայական կոնցեպցիա, ալքիմիական սուբստանցիա: Ինչպես ասել է Լաո-Ցզին՝ «Դաոն ստեղծել է մեկը, մեկը ծնել է երկուսը, երկուսը` երեքը, իսկ երեքը` բյուր-հազարավոր բաները»:
Դաոսիզմի համար բնութագրական կերպով, այդ համակարգում կա մեկ ներքնապես նրան ներհատուկ մի թերություն` անցքը ժամանակի մեջ, որ կոչվում է Իռացիոնալ բացվածք: Եթե ինչ-որ պահի, իսկ այն անընդհատ փոխվում է, ինչ-որ մեկը մեջքը դարձրած անցնի տարբեր դարպասների միջով որոշակի հաջորդականությամբ, կարելի է խուսափել ժամանակից և մտնել Թաքուն ինտերվալ: Այդ, այլ ժամանակում, որ բոլոր մյուս ժամանակներից անդին է, մարդը հայտնվում է սրբազան լեռներում` այստեղ կարելի է բուժիչ խոտեր, կախարդական սնկեր և դարմաններ հավաքել, որոնք անմահություն կբերեն:
Դեղին Կայսրին դա ուսուցանեցին վեց օրացուցային Նեֆրիտե կույսերը, որ հայտնի են նաև՝ որպես Սահմանային Ինի տիկնայք: Այդ միջոցի ամենանշանավոր հետևորդն էր ստրատեգ Չու-կո Լյանը (181-234): Որպեսզի քշի նվաճողների բանակը, անընդգրկելի հարթավայրում նա թաքուն նշաններ դրեց, կամաց-կամաց վերարտադրելով դաոսական զոհարանը, իսկ այնուհետև խորամանկությամբ թշնամու բանակը ներքաշեց ինչ-որ սիմվոլիկ դարպասներից ներս: Թեպետ լանդշաֆտն արտաքնապես ոչնչով աչքի չէր ընկնում, թշնամական բանակը մոլորվեց այլընտրանքային ժամանակի լաբիրինթոսում, որից այդպես էլ չկարողացավ դուրս գալ:
Խան Յուն խոսքով դիմում է կոկորդիլոսներին
810 թվականի չորրորդ ամսվա 24-րդ օրը Խան Յուն՝ Չաո Ջոուի տիրակալը (Կանտոն), հրամայեց Կվին գրասենյակի տնօրենին՝ ընտրել հիանալի մի ոչխար և մի խոզ, տանել դրանց Վու գետի մոտ և նետել խորը ջրերը, այն բանի համար, որպեսզի կոկորդիլոսներին ճաշկերույթի հրավիրի:
Երբ վերջիններս անհապաղ հավաքվեցին հյուրասիրության, Խան Յուն նրանց դիմեց հետևյալ խոսքերով. «Հին ժամանակներում, այլ Կայսրերի օրոք, լեռներն ու ճահիճները կրակի տալու սովորույթ կար և, ըստ կարիքի գործածելով ճոպաններ, տեգեր և սրեր, չորս ծովերից հեռու էին քշում օձերին, կոկորդիլոսներին և այլ չարաբեր և մարդու համար վնասակար արարածներին:
Սակայն ժամանակ անց իշխանության գլուխ եկան Կայսրեր, որ ղեկավարելու արվեստում շատ բաներում զիջում էին իրենց նախորդներին: Դրա հետևանքով նույնիսկ Չաո Ջոուն մեկուսացման մեջ հայտնվեց, լքված հինգ լեռնային բարձունքների և ծովի արանքում, մայրաքաղաքից մոտ 10 000 լի հեռու:
Եվ օգտվելով իշխող քաոսից, դուք՝ կոկորդիլոսներդ, սկսեցիք բազմանալ: Ինչը և բնական է ստեղծված իրավիճակում:
Սակայն այսօր գահ է բարձրացել Երկնքի ճշմարիտ Որդին, Բարեգութ` խաղաղության օրերին, և նույնքան անողոք` կռվի տարիներին: Չորս ծովերի աշխարհի վեց ծագերի բոլոր հողերը ենթակա են նրա կամքին, որն ազդարարում են իր նշանակած իշխանավորների և աստիճանավորների միջոցով, ովքեր մանրակրկտորեն հարկ էին հավաքում նրանց վստահված հողերից, որպեսզի չհատնեն մեծ զոհաբերությունները մեր նախնիների և աստվածների զոհարաններում:
Եվ չեղած բան է, որ իշխանազուններն ու փոխանորդներն իրենց երկիրը կիսեն կոկորդիլոսների հետ:
Երկնքի Որդու գերագույն կամքով Չաո Ջոուի տիրակալը նշանակվեց այդ երկրի պաշտպան, ինչպես և մարդկանց, որ բնակվում են այնտեղ, բայց ձեզ, ուռաչք կոկորդիլոսներ, ձեռք չեն տալիս գետի հանդարտ խորշերը, դուք նվազագույն հնարավորությունն իսկ բաց չեք թողնում, որպեսզի հարձակվեք մարդու վրա, դուք խժռում եք նրա տնային կենդանիներին, արջերին և եղջերուներին, վարազներին և եղնիկներին, և լոկ այն բանի համար, որպեսզի փորներդ լցնեք և անդադար շարունակեք ձեր տոհմը: Այսպիսով, խոսքը ձեր մտադրությունների լիակատար անհամատեղության մասին է, երկրի տիրակալի տեսակետից՝ նրա գերակայությունների ակնհայտ ոտնահարման մասին:
Բայց, եթե նույնիսկ նա տկար և ծեր լիներ, նա նույնիսկ այդժամ գլուխ չէր ծռի ձեր առջև, կոկորդիլոսներ, և նրա սրտին ահը խորթ կլիներ, ինչպես հոգուն` դողը, քանզի որքա՞ն կլիներ նրա ամոթի չափը, եթե նա վախկոտի մեկը դուրս գար:
Այդու, ենթարկվելով Երկնքի Որդու կամքին, երկրի տիրակալը ներկայանում է ձեզ իր սուրհանդակով և մարտահրավեր է նետում ձեզ, կոկորդիլոսներ: Իսկ այժմ, եթե ձեր ըմբռնողությունը բավում է, ունկ դրեք նրա խոսքերին. «Այս գավառի հարավում տարածվում է մեծ ծովը: Նրանում իրենց տունն են գտնում ինչպես և ծովի խորքերի մեծ բնակիչները` կետաձկերն ու շնաձկերը, այնպես և ամենաչնչինները` միջին և ավելի փոքր ծովախեցգետինները: Նրանք բոլորն այդ ծովում ոչ միայն ապաստան են գտել, այլ նաև սնունդ: Եթե դուք ուղևորվեք այնտեղ վաղ առավոտյան, երեկոյան դուք տեղում կլինեք: Ահա վերջնական և անառարկելի պայմանը:
Երեք օրվա ընթացքում դուք ձեր եղկելի ձագակազմով կուղևորվեք հարավ, դեպի ծովը, այդպիսով արտահայտելով պատշաճ հնազանդություն Երկնքի Որդու կուսակալին: Եթե երեք օրը բավարար չի լինի, ես կթույլատրեմ ժամկետը հավելել մինչև հինգ օր: Եթե հինգն էլ ձեզ չբավի հավաքվելու համար, ես ձեզ ողջ յոթ օրվա իրավունք կտամ: Բայց եթե այնպես պատահի, որ յոթ օրն էլ ձեզ չբավականացնի և դուք շարունակեք հապաղել, ես կհամարեմ, որ դուք կամ դիտավորյալ չեք ենթարկվում հրամանին, որ լսել եք հենց իմ շուրթերից, կամ անխելք եք և անտարբեր աշխարհի երեսին ամեն ինչի հանդեպ, հնարավորություն չունեք հասկանալու նույնիսկ այն պարզ խոսքերը, որոնցով ձեզ է դիմել տիրակալը:
Իսկ նրանք, ովքեր քամահրում են Երկնքի Որդու ներկայացուցչի խոսքը, նրանք, ովքեր չեն լսում նրա արտաբերած խոսքերը կամ դիտավորյալ հրաժարվում են դրանք ընկալելուց, նրանք, ովքեր իրենց տխմարության պատճառով կամ թե ողջախոհության անբավության պատճառով վնաս են հասցնում մարդկանց և իրենցից թույլ արարածներին, դրանք մահապատժից չեն պրծնի:
Տիրակալը կընտրի ամենաբանիմաց սպաներին և որսորդներին, և նրանք, զինվելով ամրապինդ աղեղներով և թունավորված նետերով՝ կսկսեն, ոչ մի քայլ չնահանջելով, իրականացնել իրենց պարտքը, և այդպես կշարունակվի այնքան ժամանակ, կոկորդիլոսներ, մինչև որ դուք իսպառ վերանաք: Ադ պատճառով, ես պարտադիր կերպով առաջարկում եմ ձեզ որոշումը չձգձգել, քանզի կարող է շատ ուշ լինել»:
Այդ գիշեր չտեսնված մի փոթորիկ վրա հասավ գավառի վրա: Իսկ երբ մի երկու օր անց այն հանդարտեց, կոկորդիլոսները լքեցին գետը: Եվ վերադարձան միայն հարյուր տարի հետո, երբ կայսրությունը դարձյալ անկում ապրեց:
Մերկ խլուրդային առնետները
Մերկ խլուրդային առնետները, որոնց նաև կոչում են մերկ գետնափորներ, զուրկ են մազածածկույթից, ի բացառյալ բերանի, այդ առնետները մազոտ շուրթեր ունեն: Նրանք վարդագույն երանգի, մարմարյա-պուտպուտավոր մաշկ ունեն, որ կախվում է խորշոմած ծալքերով, համանման այն արարածներին, որ կորցրել են քաշի նշանակալի մասը: Առավել քան թեթևորեն են նրանք խցկվում և դուրս գալիս իրենց գետնահոր թունելների միջով: Նրանց բերանից դուրս են գալիս ունելիանման հատիչներ` միակ բնորոշ բանը նրանց ոչնչով չառանձնացող մռութների վրա: Այդպիսի մի առնետը կարող է տեղավորվել ձեր ափի վրա, ընդ որում, նրա պոչը ցած կկախվի: Մերկ գետնափորներն ապրում են հողի տակ արդեն երեք միլիոն տարուց ավելի:
Նրանք երբեք մակերես դուրս չեն գալիս: Նրանց թագավորությունը լաբիրինթոսի նման չէ` դա ուղիղ թունել է, որի երկարությունը մեկ կամ երկու մղոն է, անհամար փակուղիներով, որ ճյուղավորվում են նրանից, և ունեն փոքր-ինչ ավելի մեծ խուցեր: Նրանք սնվում են արմտիքներով, որ պատահում են նրանց ճամփին:
Մի գաղութում ապրում է մոտ երեք հարյուր խլուրդային առնետ: Միասին նրանք ամսվա մեջ մոտ մի տոննա հող են փորում:
Նրանք ունեն իրենց կաստայական համակարգը, որը երեք կատեգորիայի է բաժանվում, ինչպես Հնդկաստանում: Նրանցից ամենափոքրերը` գետնափորները և ուտելիք հավաքողներն են, նրանք ողջ գիշեր աշխատում են, շղթայի մեջ, էգ ու որձը հավասար, շարքում առաջինը կրծում է հողը և ետ է գցում հաջորդին, իսկ նա էլ, իր հերթին, նետում է մյուսին, և այդպես՝ շղթայով մեկ: Շարքում վերջինը ժամանակավոր ելք է փորում և հողը դուրս է տալիս, ընդ որում, նրա հետույքը պաշտպանված չէ և խոցելի է, լուսնի և գիշատիչների առաջ՝ բաց: Հողից պրծնելով, նա դարձյալ իր փոսն է փորում: Երբ գետնափորներին արմտիք է պատահում, նրանք պոկում են դրանից և կիսվում են մյուս առնետների հետ:
Միջին չափսի այդ ռազմիկները, որ ջանում են ետ նետել երբեմն այստեղ սողացող կարմիր լորտուների, ասեղնավոր և աֆրիկյան ճերմակաշուրթ օձերի, ավազաբնակ վիշապօձիկների գրոհները: Նրանք հարձակվում են, բազում մանր խայթոցներ հասցնելով, որոնք անխուսափելիորեն ակնթարթային մահվան են բերում`այն դեպքում, եթե օձը շատ մեծ չէ: Երբ, ինչ-որ պատահականությամբ, մերկ առնետների երկու գաղութ ելնում են միմյանց դեմ, նրանց բանակները մարտնչում են մինչև հաղթական ավարտը, դա կենաց և մահու կռիվ է:
Երկու ցածր կաստաները ծառայում են ամենամեծերին` արտադրողներին: Բացառիկ բոլոր մնացյալ կաթնասունների մեջ, նրանք բազմանում են մեն միակ էգի արգանդից: Նա մյուսներից անհամեմատ երկար և հաստ է և գաղութում ամենաագրեսիվն է: Երբ նա մահանում է` քաոս է տիրում: Նրան ծառայում են երկու թե երեք առնետ, և ոչ մի այլ բանով չեն զբաղվում: Իրենց ողջ ժամանակը նրանք անցկացնում են նրա շուրջը, հոտոտելով նրան, քիթ քթի տալով, նրանք նրա հետ սեքսով են զբաղվում, եթե նա դա կամենա, մի տասնհինգ վայրկյան նրանք հարմարվում են նրա ետևում, պահվելով առաջի թաթիկներով, դրանք սեղմելով թունելի պատերին: Շատ հաճախ այդ փորձերն ապարդյուն են անցնում: Երբ էգը հղիանում է, գաղութի անդամներից յուրաքանչյուրի կուրծքը, թե էգերի և թե որձերի մոտ, ուռչում է, հասնելով բարձրակետին ծնելու ժամանակ, իսկ այնուհետև դարձյալ փոքրանում է: Ծնունդից առաջ նրանք սկսում են թունելով մեկ դեսուդեն ընկնել:
Փոքրիկ առնետները թափանցիկ մաշկ ունեն, որոնց միջով լավ երևում են ներքին օրգանները: Քչերն են ողջ մնում և ապրում են երկար` քսան տարուց ավելի: Մեռած ձագերին ուտում են, բայց ուտում են մինչև գլուխը: Երբեմն ուտում են նաև ողջ մնացածներին:
Նրանք զուգավորվում են այնքան երկար ժամանակ, որ դարձել են իսկական կլոններ: Թունելի փակուղային ճյուղերից մեկը` նրանց ոտաց ճանապարհն է, նրանք թավալվում են այդ՝ մինչև ողնուծուծը կեղտով ներծծված հողի վրա, որպեսզի միանման բուրեն: Նրանք համարյա միշտ քսմսվում են իրար, քիթ քթի են տալիս, քաշքշում և հոտոտում են միմյանց:
Նրանք քնում են խմբով, մեկը մյուսի վրա ընկած, իրենց փոս-բնում, արտադրողները՝ վերևից, իրար տաքացնելով, ընդ որում, ամեն մի մերկ խլուրդային առնետ քնում է քիթը խոթած մյուս առնետի ծննդաբեր օրգանների մեջ:
Նրանք անընդհատ դաժանություն են ցուցաբերում ամենատարբեր մանրուքներում` ատամներն են կրճտացնում, արագ-արագ շնչում են միմյանց բաց երախի մեջ, ծեծում, քաշքշում, ջարդում, կծոտում են, ձգում են կախված մաշկը, երբեմն իրենց եղբայրներին և քույրերին կոխում են թունելի ամենախորքը: Բայց միայն միմյանց դեմ մրցակցության մեջ մտած էգերը, որ հավակնում են արտադրողի կոչման, իրար իսկապես որ վնաս են հասցնում: Ջարդուխուրդ եղած, պարտություն կրած էգը նստում է՝ թաքչած, ոտատակ տեղում, դողացող, ամենքից արհամարհված, մինչև որ մեռնի:
Թունելներում երբեք լուռ չի լինում: Մերկ գետնափորներն ունակ են, համենայն դեպս, տասնյոթ տարատեսակ ձայներ հանելու` հանդարտ և բարձր ծղրտոց, ծլվլոց հիշեցնող բարձր և ցածր ձայներ, ատամների կրճտոց, ականջ ծակող ճիչեր, փռշտոց, ֆշշոց, խռխռոց: Յուրաքանչյուր դեպքի համար նախատեսված են յուրահատուկ ձայներ` երբ նրանք բախվում են միմյանց, միզում են, զուգավորվում են, երբ անհանգստացած են, տագնապած են, վիրավորված են, երբ հրմշտում են իրար, երբ օտար մեկն է պատահում, օրինակ՝ բզեզը, երբ նրանք ուտելիք են գտնում, երբ չեն կարողանում այն գտնել:
Նրանք իրենց թաթիկներն ատամներով են մաքրում: Նրանք իրենց ատամները թաթիկներով են մաքրում: Նրանք հորանջում են: Նրանք դողում են: Նրանք քորում են իրենք իրենց, երբ միզում են: Նրանք տաքանում են տաքուկ, մութ հողի մեջ: Նրանք ննջում են դուրս ընկած, կարճլիկ տոտիկներով, իրենց վիթխարի գլուխները կախ գցած: Նրանք շուռումուռ են գալիս՝ ուտելով իրենց կեղտը:
Նրանք վազում են փակ աչքերով` առաջ, և երբ ընկրկում են` միևնույն արագությամբ, նրանք փախչում են իրար վրայով և տակով: Նրանք փոխում են ուղղությունը գլուխկոնծի տալով: Նրանք գտնում են ճանապարհը, առաջ նետվելով, մինչև որ նրանց քիթը դեմ առնի պատին, ետ են թռչում, շտկում են անկյունը՝ ուղղությունը, դարձյալ առաջ են նետվում: Ժամանակ առ ժամանակ մերկ խլուրդային առնետներից մեկը հանկարծ կանգ է առնում, ոտնաթաթերի վրա է կանգնում և անշարժ կենում է՝ գլուխը դեմ տալով թունելի կամարին: Նրա գլխավերևում քաղաքացիական պատերազմ է Սոմալիում: Նրանք սուր լսողություն ունեն: