Սոցիալական ցանցերը նաև խոցելի են դարձնում
Սոցիալական մեդիան բազմաթիվ հնարավորություններ է տալիս ընկերություններին՝ սպառողների հետ կապի մեջ մտնելու և նրանց հետաքրքրությունների, ցանկությունների մասին տեղեկանալու համար: Միևնույն ժամանակ սոցիալական մեդիան քեզ դարձնում է չափից շատ անպաշտպան ու բաց, եթե դու պատրաստված չես:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին «ArmNet Awards 2012» ՏՏ միջազգային 3-րդ կոնֆերանսի ժամանակ ՝ «Սոցիալական մեդիաներում բրենդի առաջխաղացման խնդիրները» թեմայով իր ելույթում նշեց բլոգեր, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ որևէ ընկերություն կարող է twitter-ում լավագույն լուսանկարի մրցույթ հայտարարել, իսկ մարդիկ սկսեն վատ տեղեկություններ «լցնել»: Կամ՝ որևէ ընկերության աշխատակից սոցիալական մեդիայում իրեն կարող է վատ պահել, և նրա այդ պահվածքը կարող են վերագրել տվյալ բրենդին՝ իմանալով, որ տվյալ անձնավորությունն այդ ընկերությունում է աշխատում:
«Շատ դեպքերում հայտնվում են այսպես ասած «մեխանիկացված» գրառումներ, ինչն անհետաքրքիր է դարձնում տվյալ գրառումը: Օրինակ՝ Հայաստանում շատ ընդունված սխալ է, երբ որևէ բրենդ ինքն իրեն Facebook-ում գրանցում է ոչ թե որպես էջ, այլ որպես օգտագործող, իսկ հետո, օրինակ, որևէ հայտնի հիվանդանոց կարող է քեզ մոտ մեկնաբանություն թողնել: Այս ամենը իրականում վնաս է հասցնում տվյալ կառույցի հեղինակությանը»,- ասաց Ս. Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ երբեմն այդ ամենը հասնում է աբսուրդի. «Ես ականատես եմ եղել անգամ մի դեպքի, երբ like-եր են հավաքում Facebook-ի միջոցով, օրինակ՝ եթե չես ուզում, որ զինվորները զոհվեն սահմանում՝ Like արա մեզ… այդ ամենը երբեմն անցնում է բարոյականությանը սահմանը»:
Ըստ Ս. Մարտիրոսյանի՝ մի կողմից նոր մեդիան ու սոցիալական ցանցերը լայն հնարավորություններ են տալիս մարդկանց և ընկերություններին, իսկ մյուս կողմից, դրանց միջոցով կարելի է նաև խոցելի դառնալ, եթե չգիտես՝ ինչպես այդ ամենն օգտագործել ի օգուտ քեզ:
«Այդ ամենի բացասական ազդեցությունը, սակայն, շատ դեպքերում նախօրորք չի գիտակցվում, իսկ արդյունքում՝ գովազդի փոխարեն, դա աշխատում է նրանց դեմ և դառնում է նրանց համար հակագովազդ: Օրինակ, երբ նույն ընկերության աշխատակիցը սկսում է քննադատողի գրառման տակ հայհոյել քննադատողին և այլն: Դա արդեն պրոբլեմ է ստեղծում»,- ասաց Ս. Մարտիրոսյանը: