Բաժիններ՝

Ինչու է նվազել Երևանի հաջորդ տարվա բյուջեի «սեփական» մասը

Մինչ բոլորը քննարկում են Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեն, Երևանի բյուջեն մի տեսակ ուշադրությունից դուրս է հայտնվել։ Երևանի քաղաքապետարանի կայքում այսօր տեղադրվել է Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի նախագիծը։ Ըստ այդ փաստաթղթի, հաջորդ տարվա եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 65,6 միլիարդ դրամի չափով։

Ծախսերի գծով նախատեսված է 66,0 միլիարդ դրամ, իսկ դեֆիցիտը ծրագրված է 400 միլիոն դրամի չափով։ Ընդհանուր 65.6 միլիարդ դրամ եկամուտներից 13.1 միլիարդը գոյանում է հարկերից և տուրքերից, 16.4 միլիարդը՝ դրամաշնորհներից։ Շուրջ 40 միլիարդն այլ եկամուտներ են, որոնք գոյանում են, առաջին հերթին, ապրանքների և ծառայությունների մատակարարումից, վարչական գանձումներից, հողերի վարձավճարներից, և այլն։

Վերադառնալով եկամտային մասին, նշենք, որ հաջորդ տարվա բյուջեն կանխատեսում է 1.88 միլիարդ դրամով (կամ՝ 2.9%-ով) ավելի շատ եկամուտներ, քան «Բյուջե-2012»-ը։ Սակայն եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները նվազել են՝ կազմելով 19.4 միլիարդ դրամ (2012թ. բյուջեով նախատեսված էր 19.7 միլիարդ դրամ)։ Այդ թվում, հարկային եկամուտները ծրագրվել են 9.363 միլիարդ դրամի չափով, որը 2012 թվականի համար հաստատված (ճշտված) ցուցանիշից պակաս է 645 միլիոն դրամով կամ շուրջ 6.5%-ով։

Ինչո՞ւ է քաղաքային բյուջեն հարկային մուտքերի նվազում կանխատեսում, եթե հանրապետության ընդհանուր տնտեսության համար հաջորդ տարի կանխատեսվում է տնտեսական աճ և հարկային մուտքերի ավելացում։ Հաշվի առնելով, որ ռեսուրսների մեծ մասը կենտրոնացած է հենց մայրաքաղաքում, կարելի էր ենթադրել, որ տնտեսական աճի դրական էֆեկտն առաջին հերթին պետք է ազդեր մայրաքաղաքի վրա, այդ թվում՝ հարկերի ավելացման տեսքով։

Սակայն տեղի է ունեցել հակառակը և կանխատեսվել է հարկերի հավաքագրման ավելի ցածր մակարդակ։ Վերը նշված 645 միլիոն դրամի նվազումը վերաբերում է գույքահարկին և հողի հարկին։ Մասնավորապես, ինչպես նշվում է Երևանի 2013թ. բյուջետային ուղերձում, գույքահարկը նախատեսվել է 8.728 միլիարդ դրամ (2012թ. համար հաստատված ցուցանիշից 334,8 միլիոնով պակաս), իսկ հողի հարկը ծրագրվել է 635 միլիոն դրամ (2012թ. հաստատված ցուցանիշից 311 միլիոնով պակաս)։

Իսկ հողի հարկի և գույքահարկի կանխատեսման նվազումն ունի կոնկրետ բացատրություն, որը տեղ է գտել բյուջետային ուղերձում։ Դա պայմանավորված է այս տարվա ապրիլին ուժի մեջ մտած «Գույքահարկի և հողի հարկի ապառքների մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ,  ինչի արդյունքում՝ զրոյացվեցին մինչև 2008 թվականը հիշյալ եկամտատեսակների գծով առաջացած ապառքները, ինչպես նաև՝ արտոնություն սահմանվեց ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված ժամկետներում ապառքները վճարելու դեպքում տույժերի զիջման համար։ Հիշեցնենք, որ համաներման բնույթ կրող այդ նախագիծը մինչև ընդունվելը  լուրջ քննադատությունների արժանացավ՝ հիմնականում այն պատճառով, որ անպարտաճանաչ քաղաքացիների պարտքերը ներելով՝ պետությունը ոտնահարում է պարտաճանաչ քաղաքացիների իրավունքները։ Օրենքն ամեն դեպքում ընդունվեց, քանի որ հարկավոր էր մաքրել հարկման բազան։

Առաջին հայացքից՝ կարող է թվալ, որ օրենքի ընդունումը նվազեցրել է համայնքների, այդ թվում՝ Երևանի բյուջեի եկամուտները, քանի որ դատական կարգով ստացման ենթակա մեծ գումարներ պարզապես «դուրս գրվեցին»։ Սակայն դա այդպես չէ։ Այդ գումարներն, այսպես թե այնպես, ստանալ չէր լինում, ինչի մասին նշվում է նաև բյուջետային ուղերձում։ Դատարանների կողմից մինչև 2008  թվականն առկա ապառքների բռնագանձման հայցապահանջները մերժվում էին վաղեմության ժամկետի հիմքով։ Սակայն նշված ապառքների որոշ մասը պլանավորվում էր բյուջետային գործընթացում՝ ըստ էության, ուռճացնելով կանխատեսվող ցուցանիշը։

Կարճ ասած, եթե չլիներ վերը նշված օրենքը, ապա Երևանի բյուջեի հարկային մուտքերը թղթի վրա ավելի մեծ կլինեին, սակայն այդ ավելացած մասն այդպես էլ կմնար թղթի վրա՝ աննշան բացառություններով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս