Հնչած` Լիբանանից, ուղղված` հայկական աշխարհին
Հայաստանի Հանրապետության նախագահի այցը Լիբանան որոշ դիտարկումների առիթ է տալիս բնականաբար: Նախ, այցը տեղի է ունենում տարածաշրջանային մակարդակի վրա ճգնաժամային պայմանների և տեղական առումով քաղաքական բեւեռացած համապատկերի մեջ։ Այդ առումով էլ նախագահի ելույթների բովանդակային շեշտադրումները հաճախ արծարծում էին տագնապին վերաբերող սկզբունքային տեսական մոտեցումներ` հատկապես խաղաղության վերահաստատման առաջադրանքը գերակշռելով:
Խաղաղության առաջադրման սկզբունքը հեզասահ ոստումով կապվեց նաև Կովկասում խաղաղություն հաստատելու առաջնահերթությանը, ընդգծելու համար Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը խաղաղության հաստատման համար ընթացող բանակցություններին: Միջին Արևելքի և Կովկասի տարածաշրջաններում առաջադրելի խաղաղության հաստատման առաջնահերթության ընդգծումը անհրաժեշտ ուղերձ էր պաշտոնական Բեյրութի ներկայացուցիչներին ուղղված, նկատի ունենալով նաև Իսլամական վեհաժողովներին մասնակցող լիբանանցի պաշտոնատարների կրավորականությունը` Բաքվի առաջադրած ամենահակահայ բանաձևի նախագծերի նկատմամբ:
Այցը իբրև խթանող գործոն կարեւոր էր նաև Երևան-Բեյրութ միջպետական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Դժվար արդարանալի անաշխուժ վիճակ է տիրում այսօր միջպետական հարաբերությունների գործընթացոմ: Երկու տասնյակից ավել երկկողմ պայմանագրերի մեծամասնությունը մնացել է թղթի վրա և երկու պետությունների միջեւ գոյություն ունեցող համաձայնությունները կյանքի կոչելու մղումները բացակա են փաստորեն: Այստեղ խնդիրը հայկական կողմի համար կրկնակի նշանակություն ունի, երբ մանավանդ նկատի ենք առնում հակառակորդի գերաշխուժ քաղաքականությունը այս ուղղությամբ:
Լիբանանը հստակ աշխատանքային թիրախ է Անկարայի համար, որ հյուսիսից մինչև հարավ, անցնելով Բեյրութից բազմաթիվ ոլորտներում թափանցման հսկայածավալ ծրագրերի իրականացման գործնական քայլերի է դիմել: Մեր առավելությունը այս դեպքում կամրջի դեր կատարելու հանգամանք վայելող կազմակերպ համայնքի գոյությունն է, որ պետական նախաձեռնություների հաջողության համար հիմնական գրավականն է: Անկարան փաստորեն զուրկ է կարեւոր այս երաշխիքից:
Նախագահ Սարգսյանի այցելության առիթով այն երկու նորագույն պայմանագրերը, որոնք կնքվեցին հեռահար բնույթով ռազմավարական նշանակություն կունենա՛ն, եթե նախկինների ճակատագրին չմատնվեն: Փոխադարձ մուտքի արտոնագրերի դրության ջնջումը կնպաստի ոչ միայն լիբանանահայ համայնք-հայրենիք կապերի սերտացմանը, այլ հիմնականում լիբանանյան և հայաստանյան հասարակությունների միջեւ կապերի զարգացմանը: Համաձայնագիրը առանձին չի կարող շարժել այս թղթածրարը, եթե համապատասխան կառույցներ և ծառայություններ չաշխատեն ոչ միայն զբոսաշրջությունը, այլ նաև տնտեսությունը գրավիչ դարձնելու և այդ բոլորի համար ներդրումային իրավական դաշտը կայացած ներկայացնելու համար:
Բարձրագույն կրթության համար վկայականների փոխճանաչման համաձայնագիրը լիբանանահայ ուսանողության հայացքները կարող է առաջնորդել դեպի հայրենիք, այնտեղ մասնագիտանալու համար: Դեռևս վաղ է խոսել լիբանանցի ուսանողի մասին, որ կարող է Երևանի ամերիկյան և ֆրանսիական համալսարաններում շարունակել իր մասնագիտությունը: Բարձրագույն կրթական համակարգի ներկայացումը, տարբեր համալսարանների մասին լիբանանցի ուսանող խավի իրազեկումը նախապայմանային բնույթի աշխատանքներ են, որոնք պետք է ձեռնարկել այդ համաձայնագրերը իմաստավորելու համար:
Իսկ այս աշխատանքը անշուշտ զուտ կրթական բնույթ չունի, մանավանդ երբ նկատի առնենք, թե կրթական ոլորտում Անկարան ի՛նչ տեսակի քաղաքականություն է փորձում իրականացնել մայրիների երկրում:
Քաղաքական հակակշիռ քայլերի այս ընդհանուր պարունակում պետք է դիտարկել նախագահ Սարգսյանի այցը Լիբանանի նահատակաց հուշարձան եւ հարգանքի տուրքի մատուցումը Օսմանյան Թուրքիայի ջարդարար քաղաքականության զոհ դարձած լիբանանցի զոհերի հիշատակին: Չմոռանանք. Լիբանանը միակ արաբական պետությունն է, որ իր խորհրդարանով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Եվ այստեղ Նահատակաց հուշարձան այցելության քաղաքական ուղերձը պարզ է:
Հասկանալի է, որ իր գործընկերոջ հրավերին ընդառաջ, փոխադարձ պաշտոնական այցելություն էր նախագահ Սարգսյանի ժամանումը Բեյրութ. և իբրև այդպիսին ներազգային մակարդակի վրա օրակարգեր, հանդիպումներ եւ նիստեր նախատեսված չէին: Թեև համայնքի հոգևոր և կրթական հաստատությունների շրջագայությունը առիթ եղավ անդրադառնալու հայության և հայրենիքին վերաբերող հրատապ խնդիրներին:
Լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպում-ճաշի ընթացքում իր ելույթում նախագահ Սարգսյանը կարևորեց լիբանանահայ գաղութի յուրահատկությունները, ազգային դիմագիծը, կենսունակ ու կազմակերպ համայնք լինելու հանգամանքը:
Անդրադառնալով Երևան-Անկարա արձանագրությունների ճակատագրին, նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր տարբերակնեը սեղանի վրա են այսօր, ընդհուպ մինչեւ ստորագրությունների հետ կանչումը Երևանի կողմից: Առաջին անգամ լինելով նման մի ակնարկ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարի կողմից հնչեց Սփյուռքի մայրաքաղաքից: Ֆուտբոլային դիվանագիտությունը մեկնարկեց Մոսկվայից:
Ստորագրությունների հետ կանչելու հնարավորությունը հնչեց Բեյրութից: Այս երևույթը նաև լիբանանահայ համայնքի ներկայացրած համահայկական կարևորության մասն է կազմում:
Նախագահի բեյրության այցի կարևորագույն ուղերձն էր սա։ Հնչած` Լիբանանից, ուղղված` հայկական աշխարհին:
Շահան Գանտահարյան
«Ազդակի» գլխավոր խմբագիր