ԲՀԿ-ից հարցրեք, թե ինչու ՀՀԿ-ն չընդունեց ԲՀԿ-ի առաջարկը

Ասում է ՀՀԿ-ական Կարեն Ճշմարիտյանը

Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր ԱԺ ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը: Քննարկումից հետո որոշ հարցերի պատասխաններ փորձեցինք ստանալ այդ նիստին մասնակցող ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ճշմարիտյանից: Վերջինս նախ` նշեց, որ, անկախ թեմայից, այդ թվում` Մարտի 1-ին վերաբերող, ինքը դեմ է ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելունգ

– Այդ հանձնաժողովի արդյունքը միայն եզրակացություն է, այսինքն` տուժողների հարազատների համար ավելի ծանրացնելու իրավիճակ է: Կարծում եմ` իրավական այլ մեխանիզմներ կան: Ընդհանրապես, չեմ սիրում ոչինչ չտվող գործողություն: Եթե ինձ մնար, ապա կառաջարկեի, որ Ազգային ժողովում ընդհանրապես կանոնակարգից հանվի ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու իրավասությունը, որովհետև դա, ըստ էության, ոչինչ չի տալիս: Այսինքն` արդյունքում ոչինչ չես ստանում, ստանում ես միայն քաղաքական պատկեր, շոու, ոնց ուզում եք` անվանեք:

– Դուք պայմանավորո՞ւմ եք այս նախաձեռնությունը նախընտրական փուլով:

Կարդացեք նաև

– Կարծում եմ` դա միայն քաղաքական նպատակ է հետապնդում, որովհետև ՀՀ բոլոր քաղաքացիներն էլ` անկախ կուսակցական պատկանելությունից, հավասարաչափ ցավում են տեղի ունեցածի համար: Ես կասեի, որ իշխանություններն առավել շահագրգռված են, որ դա բացահայտվի: Նշել, որ եղած պայմաններում հնարավոր չէ, որ չբացահայտվի` չեմ կարծում, թե ճիշտ է:

– Այդ դեպքում ինչո՞ւ չի բացահայտվում, եթե դեպքից արդեն անցել է 4 տարի, եթե, ինչպես նշեցիք, իշխանություններն առավել շահագրգռված են բացահայտելու գործում:

– Չեմ կարող ասել: Ես այդ մանրամասներին այդքան ծանոթ չեմ, թե ինչո՞ւ չի բացահայտվում` երևի հնարավոր չէ: Ինձ թվում է` ընթացքում երևի կբացահայտվի ի վերջո:

– Ի՞նչ եք կարծում` նախաձեռնությունը կընդունվի՞, և արդյո՞ք Հանրապետական խմբակցությունը կողմ կլինի:

– Ես գուշակ չեմ: Ես ինքս դեմ եմ, և դեմ եմ բոլոր ժամանակավոր հանձնաժողովներին: Դուք հասկանո՞ւմ եք` ստեղծում եք մի բան, որի տված արդյունքը, բացի քաղաքականից, ուրիշ նշանակություն չունի, այսինքն` ո՛չ կարող է պարտադրել, ո՛չ կարող է ստիպել: Եթե նայենք, բոլոր ժամանակավոր հանձնաժողովներն իրավասություն չունեն` քննել կամ ինչ-որ նյութեր բարձրացնել, մեկը մի կարծիք հայտնի, հիմնականում ոչ պրոֆեսիոնալ, որովհետև Ազգային ժողովում ավելի շատ գերակշռում են քաղաքական ուղղություններ, պարզապես քաղաքական գործիքներ են, որոնք օգտագործվում են որևէ քաղաքական ուժի կողմից, այսպես ասած` վարկանիշն ընդգծելու` ավելացնելու կամ պակասեցնելու համար: Դա քաղաքական պայքարի գործիքներից մեկն է:

– Օրինակ, իշխանությունները փորձե՞լ են հանդիպել Մարտի 1-ի զոհերի հարազատներին:

– Այդ մանրամասներին տեղյակ չեմ:

– Ինքներդ փորձե՞լ եք:

– Ես ինքս չեմ փորձել, որովհետև ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով:

– Բայց օրենսդիր մարմնի ներկայացուցիչ եք, ցանկություն է՞լ չեք ունեցել հանդիպելու:

– Եթե ինչ-որ բանով չես կարող օգնել` նախաքննությանը մասնակցելու իրավունք չունես, հետաքննությանն` իրավունք չունես, այսինքն` պարզապես ձևի համար կյանքում ոչինչ չեմ անում:

– Դա նշանակո՞ւմ է, որ իշխանություններն էլ են թույլ:

– Ձեր հարցի մեջ արդեն ուրիշ, անհասկանալի երանգ եմ տեսնում, որովհետև նախորդ հարցերն այդ երանգը չունեին: Այս երկրում բազմաթիվ տուժողներ կան, և պատգամավորները պարտավոր չեն երկրում բոլոր տուժողներին հանդիպել: Օրական ինչքա՞ն հանցագործություն է կատարվում, այսինքն` պատգամավորները պետք է հանդիպեն բոլոր տուժողների՞ն: Ես այդ ձևականություններին կողմ չեմ: Պատգամավորը կարող է պրոֆեսիոնալ հարցում անել:

– Բայց խոսքը Մարտի 1-ի մասին է:

– Ելույթ ունենալ ելույթ ունենալու համար` երբեք այդպիսի բան չեմ անում: Պարզապես ձև անել, թե ակտիվ եմ, որովհետև շատ եմ խոսում` չեմ ընդունում այդ ձևը: Չեմ ընդունում շատ խոսող պատգամավորներին: Եթե մարդիկ ուզում են կայանալ, դա իրենց խնդիրն է` ես կայանալու խնդիր չունեմ:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում կոալիցիոն նախկին գործընկերոջ` ԲՀԿ-ի բանակցությունները ՀԱԿ-ի հետ:

– Գնահատում եմ` որպես բանակցություններ: Ուրիշ ի՞նչ կերպ կարող եմ գնահատել: Մի կուսակցությունն իր խնդիրն ունի, մյուս կուսակցությունն` իր խնդիրը, և բանակցում են մեկը մյուսի հետ: Մեր հանրությունը` լրագրողները, նույնիսկ որոշ պատգամավորներ, քաղաքացիների մեծ մասը, երևի դեռ այնքան էլ սովոր չեն նորմալ քաղաքական բանակցությունների, և ձգտումներ են ուզում գտնել ամեն ինչի տակգ: Միգուցե խորհրդայնացումից հետո տրված այս ազատությունը հանգեցրեց նրան, որ սկսեցինք կասկածե՞լ ամեն ինչին: Բանակցում են` թող բանակցեն, իսկ դրանից ի՞նչ: Մյուս օրն էլ մենք կարող է բանակցենք ինչ-որ մեկի հետ:

– Այդ դեպքում ինչո՞ւ ՀՀԿ-ն չընդունեց ԲՀԿ-ի քաղաքական կոնսուլտացիաների առաջարկը:

– ԲՀԿ-ից հարցրեք: Ճիշտն ասած, ես այդ մանրամասներին այդքան էլ ծանոթ չեմ ու կոչ կանեի, որ մեր պատգամավորներն ավելի շատ եզրահանգումներ անեին իրենց պրոֆեսիոնալ բնագավառից, քան անլուրջ, ընդհանրականգ Մենք խարդավանք ենք ման գալիս ամեն ինչի մեջ: Նկատե՞լ եք` նույնիսկ «ո՞նց ես» հարցի ինտոնացիան է փոխվել: Հիմա այսպես են հարցնում. «Ո՞նց ե՜ս», այսինքն` նկատի ունենալով որևէ վատ բան: Կարծում եմ` ընդհանրապես պետք է լինի ավելի սառը, պրագմատիկ մոտեցում բոլորի մոտ: Մտածելակերպի, քաղաքակրթության, ես կասեի` նաև կրթության խնդիր կա:

Տեսանյութեր

Լրահոս