«Այո´, դուք` 700 հազար, մենք էլ` 500 հազար». Րաֆֆի Հովհաննիսյանը` փախստականների խնդրի մասին
«Սա սխրանք չէր, սա սովորական ծառայություն էր, որ պետք է բոլորի օրակարգում լինի, և անկախ նրանից՝ թե այս մայրաքաղաքն է, թե այն միջազգային համաժողովն է, հայկական խոսքը, տեսակետը պետք է ներկա լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բաքու կատարած իր այցի մասին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Որտեղ հնարավոր է՝ Հայաստանը իշխանությամբ, ընդդիմությամբ, թե հասարակությամբ, պետք է ներկայացված լինի, ոչ թե բացակա: Մեր ներկայությամբ պետք է ոչ միայն կարողանանք հավասարակշռել այս տեղեկատվական, դիվանագիտական ձախողումները և դատարկությունը, և այնպես անել, որ ոչ թե 1 հոգի իր ետևից ունենա 100 խոսացողներ, այլ 100 հոգի, մի ամբողջ պետություն լծվի մեր արտաքին քաղաքականությունը և մեր ազգային շահերի հետապնդումն այս ահավոր հատվածապաշտ, խոսող, բայց ոչինչ չանող անդունդից»,- ավելացրեց նա` ի պատասխան իր հայտարարությունների հասցեին հնչած քննադատություններին:
Լրագրողներից մեկը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին քննադատությունները հիմնականում կապված էին հայ և ադրբեջանցի փախստականների վերաբերյալ նրա կատարած հայտարարությանը, որը որոշ քաղաքագետներ նույնիսկ որակել են «բլեյանական»:
Ի պատասխան այս դիտարկմանը` «Ժառանգության» ղեկավարն ասաց, որ յուրաքանչյուրն ունի իր տեսակետը, և շատ դյուրին է սեփական տեսակետն արտահայտել գրասենյակում.
«Երկրորդը` միգուցե մենք տարբեր տեսակետներ ունենք: Ես իմ տեսակետը շարադրեցի հարցազրույցում, այն է` երբ ճանաչվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականությունը և տարածքային ամբողջականությունը, պետք չէ բացառել բոլոր փախստականների միաժամանակյա և բազմակողմանի, կամավոր վերադարձ իրենց ծննդավայրեր, և դա վերաբերում է Շահումյանին և Արծվաշենին, վերաբերում է Նախիջևանին և Արևմտյան Հայաստանին և նաև ադրբեջանցիներին: Իրենք ասում էին 1 միլիոն (ադրբեջանցի փախստականների վերաբերյալ.- Ա.Ս.), ես ասում եմ, որ լավագույն դեպքում` 700 հազար: Այսինքն՝ մենք ունենք մոտ 500 հազար մարդ, ովքեր վտարվել են, հայրենազրկվել են ոչ թե Արևմտյան այլ Արևելյան Հայաստանից, և ո՞վ է խոսում նրանց մասին: Այսինքն` այո´, դուք 700 հազար եք, մենք էլ` 500 հազար»:
Նշենք, որ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում Ր.Հովհաննիսյանի վերոհիշյալ հայտարարության վերաբերյալ նշել էր, որ առհասարակ փախստականների խնդրի նկատմամբ անհրաժեշտ է ցուցաբերել պատշաճ նրբանկատություն, և դա այն խնդիրն է, որին պետք է շատ լավ տիրապետել, որպեսզի դրա վերաբերյալ որևէ բան ասել: «Ցավում եմ, որ ադրբեջանահայ փախստականների խնդիրն ով ինչպես ուզում է, այնպես էլ օգտագործում է: Պետք է մարդկանց Թուրքիա քշել, Թուրքիա են քշում: Դա անընդունելի է»,- ասել էր Ա.Մելիքյանը:
Հ.Գ. Ի դեպ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի` փախստականների վերաբերյալ արած հայտարարության մասին նոյեմբերի 26-ի մամուլի ասուլիսում՝ վրդովվելով 168.am-ի հարցից` «ինչպե՞ս եք պատկերացնում 200 հազար բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի հետագա գոյությունը այդ 700 հազար փախստականների վերադարձից հետո», հավաստիացրել էր, թե 700 հազար թիվը եղել է լրագրողի հարցում, և Ր.Հովհաննիսյանն ինքն իրենից ոչ մի թիվ չի հրապարակել: