«Ադրբեջանահայ փախստականների խնդիրն ով ինչպես ուզում է, այնպես էլ օգտագործում է»

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` օրերս Բաքվում կատարած հայտարարությունները բավական լայն արձագանք ստացան Հայաստանում: Մասնավորապես, նա Բաքվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում խոսեց հայ և ադրբեջանցի փախստականների հարցի մասին:

«Ես հասկանում եմ 700 հազար ադրբեջանցի փախստականների խնդիրները և 400 հազար հայ փախստականների իրավունքները, որոնք վտարվել են Բաքվից և Սումգայիթից: Նրանք բոլորն իրավունք ունեն վերադառնալ իրենց հողերը, այդ թվում` ադրբեջանցիներն անկախ Լեռնային Ղարաբաղ, իսկ հայերը` Թուրքիա»,- ըստ «Ամերիկայի ձայնի»` ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով Ր.Հովհաննիսյանի վերոհիշյալ հայտարարությանը, ասաց.

«Կարծում եմ, որ առհասարակ փախստականների խնդրի նկատմամբ անհրաժեշտ է ցուցաբերել պատշաճ նրբանկատություն: Սա այն խնդիրն է, որին պետք է շատ լավ տիրապետել, որպեսզի դրա վերաբերյալ որևէ բան ասել»:

Կարդացեք նաև

Իսկ Արցախ և Թուրքիա փախստականների վերադարձի հարցի փոխկապակցման մասին, պարոն Մելիքյանը նշեց, որ, իր կարծիքով, այդ փոխկապակցումը տեղին չէր: «Ես առհասարակ դեմ եմ, երբ ադրբեջանահայ փախստականների խնդիրը պոկում են արցախյան հիմնախնդրի համատեքստից և փորձում են օգտագործել այլ խնդիրներ լուծելու համար, առավել ևս՝ երբ այդ լուծումները առայժմ գոնե առերևույթ քարոզչական են,- ասաց Արման Մելիքյանը` ավելացնելով,- Ցավում եմ, որ ադրբեջանահայ փախստականների խնդիրն ով ինչպես ուզում է, այնպես էլ օգտագործում է: Պետք է մարդկանց Թուրքիա քշել, Թուրքիա են քշում:

Դա անընդունելի է: Եվ Հայաստանի ու Արցախի իշխանությունները, և քաղաքական գործիչները պետք է այդ հարցի նկատմամբ պատշաճ բանիմացություն և նրբանկատություն դրսևորեն, որովհետև իրենց անզգույշ հայտարարություններով, չմտածված հռչակումներով վնասում են թե´ խնդրի քաղաքական կողմին, թե´ որոշակի հոգեբանական վնասվածք են հասցնում կոնկրետ մարդկանց»:

Նշենք, որ Հայ հեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նոյեմբերի 26-ին հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես նշված է.

«Բաքվում կատարած Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը ևս մեկ անգամ ստիպեց մեզ լուրջ մոտենալ այն ասեկոսեներին, որ «Ժառանգություն» կուսակցությունը ֆինանսավորվում է Արևմուտքի կողմից և կատարում վերջինիս քաղաքական պատվերները: Բոլորիս է հայտնի, որ Արևմուտքը գազային և նավթային ակնկալիքներ ունի Ադրբեջանից, որին հասնելու համար ցանկացած գնով պետք է պարտադրի հակամարտող մյուս կողմին ստորագրելու տխրահռչակ «Մադրիդյան սկզբունքները»: Սույն սկզբունքները նախատեսում են դաշտային Արցախի յոթ ազատագրյալ տարածքների հանձնումը Ադրբեջանին և երկու կողմերի փախստականների վերադարձ՝ նախկին բնակավայր և այլն: Չէինք ցանկանա, որ սույն իրատես ենթադրությունները հաստատվեին, հետևաբար պահանջում ենք Րաֆֆի Հովհաննիսյանից շուտափույտ կերպով հանդես գալ համապատասխան բացատրությունով»:

Իսկ «Ժառանգության» վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը ՀՅԴ հայտարարության մասին նույն օրը մամուլի ասուլիսում ասաց, որ չի ուզում շարունակել բանավեճը Դաշնակցության հետ, քանի որ այդ հայտարարությունից հետո ինչ-որ մակարդակում զրույցներ գնացել են, և «Ժառանգության» երիտասարդական թևը սպառիչ պատասխան է տվել դրան:

«Մադրիդյան սկզբունքները բոլորի հետ կարող են կապվել, բայց ոչ «Ժառանգության»: Նույն ՀՅԴ-ն եղել է իշխանության հետ, երբ այդ սկզբունքներն ընդունվել են, և դրանց հավանություն է տրվել` որպես բանակցությունների հիմք»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այն թվերը, որոնք նշված են Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքում, եղել են լրագրողի հարցում, և Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն իրենից թիվ չի հրապարակել. «Այսինքն` ասել է` «Ձեր ասած 400 հազարը և 700 հազարն իրավունք ունեն…»»:

Տեսանյութեր

Լրահոս