«A.A. աուկցիոն» կենտրոնն արվեստի ոլորտում աշխուժություն է առաջացրել

Հայաստանում առաջին անգամ ստեղծված «A.A.աուկցիոն» աճուրդային կենտրոնը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն նկարիչների, այլև՝ հասարակական տարբեր շրջանակներում:

Արվեստի ստեղծագործությունների ձեռքբերման և իրացման նման լայնամասշտաբ գործունեությունն աշխարհում համարվում է ինչպես ամենախոշոր բիզնես ցանցերից մեկը, այնպես էլ՝ արվեստի զարգացման ամենաճկուն մեխանիզմը: «A.A.աուկցիոն» աճուրդային կենտրոնի օնլայն եղանակով նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 5-ը մեկնարկած աճուրդը կազմակերպիչների համար անսպասելի արձագանք է ունեցել:

Արվեստի ստեղծագործությունները քննարկվում են ոչ միայն հայաստանյան, այլև՝ միջազգային հանրության տարբեր շերտերի կողմից: Միայն «A.A.աուկցիոն» աճուրդային կենտրոնի պաշտոնական կայքէջի՝ www.aaauction.am օգտատերերի այցելությունների ակտիվությունը վկայում է մարդկանց հետաքրքրվածությունը արվեստի աշխատանքներով: Ընդ որում, 2013թ. մայիսի 16-ին «A.A.աուկցիոն» աճուրդային կենտրոնի կողմից կազմակերպվող առաջին դասական աճուրդին մասնակցել ցանկացողները նույնպես արդեն մասնակցության հայտեր են ներկայացնում:

Կենտրոնի հիմնադրման շնորհիվ Հայաստանում գեղարվեստական արժեքների նկատմամբ հետաքրքրությունն ակտիվացավ. այն աստիճան, որ մեծահարուստները սկսեցին արվեստաբանների հետ խորհրդատվություններ անցկացնել՝ իրենց ֆինանսական միջոցները արվեստի մեջ ներդնելու վերաբերյալ:

Կարդացեք նաև

Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը վկայում է, որ աուկցիոն կենտրոնն իսկապես հեղափոխություն է կատարել արվեստի ոլորտում, քանի որ հասարակության մեջ այդպիսով նաև փոխվում է նկարը որպես արժեք ընկալելու գաղափարը: «Նախ` շատ շնորհակալ եմ «A.A.աուկցիոն» աճուրդային կենտրոնի հիմնադիրներից, քանի որ Հայաստանում նման պրոֆեսիոնալ գործունեություն առաջին անգամ է իրականացվում: Մեր երկրում փող ունեցող մարդիկ սկսել են հետաքրքրվել իրենց գումարներն այս ոլորտում ներդնելու մասին:

Նրանք հիմա գիտակցում են, որ ամբողջ Երևանը դարձել է բետոն, այլևս քաղաքն ապրելու տեղ չէ, այլ՝ ընդամենը շինանյութի մի կույտ է: Հասկանում են, որ տարիների ընթացքում շենքի գինն այնքան չի բարձրանում, որքան տասնապատիկ, հարյուրապատիկ աճող արվեստի գործի գինը: Արվեստի արժեքը աշխարհում հստակ գործող քաղաքականություն, շուկա է, հետևաբար` արվեստի գործի գինը միայն բարձրանում է, համենայն դեպս, գնի անկման նախադեպ առայսօր չի արձանագրվել»,- ասում է Ա. Աղամյանը՝ հիշեցնելով աշխարհի խոշորագույն աուկցիոն կենտրոնների մասին, որոնք կարող են նկարը վաճառել այնպիսի մի աստղաբաշխական գնով, որ գնորդը հանդիսանալով դրա սեփականատերը՝ հռչակվի երկրագնդի ամենահարուստ մարդը:

Առավել ևս, որ տվյալ ստեղծագործության սեփականատիրոջ այդ կապիտալը ժամանակի ընթացքում հարյուրապատիկ ավելանալու հեռանկար ունի: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հետ մենք զրուցեցինք աուկցիոն կենտրոնների գործունեության, ինչպես` միջազգային մոդելի, այնպես էլ՝ Հայաստանում ներդրված կենտրոնի մասին:

– Աուկցիոններ աշխարհում շատ կան, բայց հայաստանցին անընդհատ լսել է «աուկցիոն» բառը` հաճախ չհասկանալով, թե այն ի՞նչ է իրենից ներկայացնում:

– Մեզ հաճախ են հարցնում, թե՛ ինչո՞ւ աուկցիոններ չեք կազմակերպում, և ես փորձում եմ շատ երկար բացատրել՝ ասելով, որ դա առանձին մի կառույցի աշխատանք է, այլ ոչ թե Նկարիչների միության: Հայաստանում կան մարդիկ, պրոֆեսիոնալներ են, և լուրջ վերաբերմունքով ստեղծելով «A.A.աուկցիոն» աճուրդային կենտրոնը՝ աուկցիոնային գործունեություն նախաձեռնեցին: Կերպարվեստում աուկցիոնի գործունեությունն ուղղակի անհրաժեշտություն է:

Աուկցիոնի գաղափարը հետևյալն է՝ ունես ապրանք, որը ցանկանում ես վաճառել, ընդ որում՝ հնարավորինս բարձր գնով: Մի բան է, որ այն ֆիքսված գնով խանութում ես ներկայացնում` որպես իր, և բոլորովին այլ բան է, որ ցանկանում ես հայտնաբերել դրա մաքսիմալ արժեքը: Քանի որ կերպարվեստը հատային արտադրանք է, այլ ոչ թե մասսայական, տվյալ դեպքում աուկցիոնի դերն անփոխարինելի է: Հայաստանի պատմության մեջ աուկցիոնային գործունեություն երբևէ չի եղել: Վերջին 20 տարիներին եղել են մի շարք աուկցիոնների կազմակերպման փորձեր, բայց ձախողվել են, քանի որ այդ գործունեությունն իրականացնողները աուկցիոնի բուն իմաստը չէին հասկանում:

– Իսկ ինչո՞ւ են այդ փորձերը ձախողվել:

– Որովհետև այն իրականացնող կազմակերպությունները չէին հասկանում այդ գործունեության լրջությունը: Հայտարարում էին՝ կազմակերպում ենք աուկցիոն: Վարձակալում էին տարածք, դիմում էին նկարիչներին՝ հայտարարելով, թե` ներկայացրեք ձեր աշխատանքներն այսօր երեկոյան այսինչ ժամին կազմակերպված աուկցիոնին: Այնուհետև կազմակերպում էին մեծ ցուցադրում, հյուրասիրություն՝ ֆուրշեթ, հրավիրում էին մարդկանց, որոնք գուցե գնեին նկար, բայց չէին ներկայացել, կամ ով էլ եկել էր՝ հյուրասիրությունից օգտվել և հեռացել էր:

Այսինքն՝ ամենակարևոր բանը՝ արդյունքը, չի արձանագրվել: Նախապատրաստական լուրջ աշխատանք չի կատարվել, որի արդյունքում կարող էր աուկցիոնի ելքը, հաջողությունը կանխատեսելի դարձնել: Նշեմ, որ 1999 թ.-ին Նկարիչների միությունը նույնպես աուկցիոն կազմակերպելու փորձ կատարեց: Մեր ֆոնդերից մի քանի նկար փորձեցինք վաճառել, շատ ծանր վիճակ էր, փող չունեինք:

Ընտրեցինք տարածք, հրավիրեցինք Հայաստանում միակ աուկցիոներին, ինչպես նաև՝ այդ տարվա «Միսս Հայաստանը» ներկայացնող գեղեցկուհուն: Մինչ այդ մեկ շաբաթ անընդմեջ հեռուստատեսությամբ օրական 3-4 անգամ տեղեկատվություն էր տարածվում, քանի որ տեսահոլովակ էինք պատրաստել, հիմնարկություններին տեղեկատվական գրքույկներ էինք բաժանել, և այլն: Եկավ աուկցիոնը մեկնարկելու օրն ու ժամը. ես, աուկցիոները, գեղեցկուհին այնտեղ էինք, բայց ոչ ոք չներկայացավ այդ միջոցառմանը:

Շատ տխրեցինք և հասկացանք, որ մենք այս հարցում պրոֆեսիոնալ չենք: Մյուս կողմից էլ` շատ ծանր տարիներ էին, մարդկանց ձեռքին գումար չկար, իսկ այսօր ճիշտ ժամանակն է նման գործունեության համար:

– Հայաստանյան «A.A.աուկցիոն» աճուրդային կենտրոնը կարո՞ղ է աշխարհի խոշոր աուկցիոնային ցանց մուտք գործել:

– Անշուշտ, պրոֆեսիոնալ գործունեությունը միշտ էլ կարող է աշխարհի խոշոր ցանցերում իրացվել, բայց դրա համար տարիներ են պետք: Այսօր աշխարհը փոխվել է, տեղեկատվություն ստանալն ու աուկցիոններին մասնակցելը բավականին մատչելի է դարձել համացանցի միջոցով: Բոլոր քայլերը ճիշտ կատարելու դեպքում հայաստանյան կենտրոնը կարող է առաջիկայում դառնալ «Սոթբիս» աշխարհի ամենախոշոր աուկցիոն կենտրոնի նման մեծ կառույց: Ի վերջո, «A.A.աուկցիոն» աճուրդային կենտրոնի հիմնադիրը կատարել է մի շատ կարևոր քայլ, որը նման պրոֆեսիոնալիզմով երբևէ չի արվել:

Աշխարհի ամենահայտնի աուկցիոն տները` «Սոթբիսը», «Քրիսթին», վաճառում են ամենաթանկ գործերը: Աուկցիոնը որոշում է նկարչի ստեղծագործության գինը: Ընդ որում, սա մեծ խաղ է, որին մենք չենք փորձել մասնակցել, բայց միանշանակ արժե մասնակից լինելու քայլ կատարել: Օրինակ՝ վերջերս հայտարարություն եղավ, որ Պիկասոյի ստեղծագործություններից մեկը վաճառվել է հարյուրից ավելի միլիոն դոլարով: Դա նշանակում է, որ նկարչի տվյալ գործը սկսած այդ պահից` արժեցավ այդ գինը, հետևաբար` Պիկասոյի բոլոր աշխատանքները նույնպես սկսեցին թանկանալ:

Անհայտ է թե՛ նկարի գնորդը, և թե՛ վաճառողը, ոչ ոք չգիտի, թե ո՞վ է նկարի սեփականատերը: Շատ հնարավոր է, որ նկարի տերն այդ գործը մինչ այդ գնել էր 70մլն դոլարով, և իր կապիտալը կազմում էր այդքան գումար արժեցող մի արժեքավոր իր, որի տակ Պիկասոյի ստորագրությունն է: Նա կարող էր նկարը դնել աուկցիոնում, իր գործակալների միջոցով գինը բարձրացնել և նորից գնել այն:

Սա արվեստի գների բարձրացման մեթոդներից մեկն է: Այսինքն՝ մարդն ուներ գործ, որը ժամանակին գուցե ձեռք էր բերել ավելի էժան գնով, աուկցիոնով վերավաճառեց, ինքը գնեց կամ մեկ ուրիշը, համենայնդեպս նկարի գինը որպես կապիտալ` ավելացավ միանգամից մի քանի տասնյակ միլիոն դոլարով:

– Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի» ստեղծագործության ռեկորդային գինն ամբողջ աշխարհին ցնցեց: Պրն Աղամյան, տրամաբանությունը ո՞րն է՝ գնորդը միլիոնավոր դոլարներ վճարում է ստեղծագործությա՞ն, թե՞ հեղինակի ստորագրության համար:

– Մալևիչի «Սև քառակուսու» բնօրինակը ես տեսել եմ: Հավատացե՛ք, որ դուք ևս կարող եք այդպես նկարել, եթե ձեզ տան կտավ և սև ներկ: Ձեր և Մալևիչի նկարածի գեղարվեստական արժեքը կլինի նույնը, բայց մեկ տարբերությամբ, որ այդ ներկը Դուք եք քսել, իսկ այն՝ Մալևիչը: Ձեր ներկածը ոչինչ չի արժենա, իսկ Մալևիչինը՝ 30 մլն դոլար, որովհետև դա Մալևիչն է նկարել: Այսինքն՝ աուկցիոներները ճշտում են ոչ միայն նկարի, այլև՝ արվեստագետի արժեքը: Գնային քաղաքականության գիտակներն իրենք են:

Այնպես որ, Մալևիչի «Սև քառակուսին», որպես գեղարվեստական արժեք, ոչինչ է, բայց որպես փիլիսոփայություն` աշխարհը նվաճեց, արժանացավ ամբողջ մի կարողության: Նկարը գնահատվեց` որպես գաղափար, միտք: Կերպարվեստը գնային շատ բարդ ենթակառուցվածքներ ունի, իսկ աուկցիոնն այն կարևոր կառույցն է, որը հասկանում է, թե այդ պահին, այդ ժամանակահատվածում ո՞ր նկարն է արժեքավոր կամ ո՞ր նկարն է հետաքրքրում հասարակությանը:

Այս իմաստով Հայաստանում աուկցիոն կազմակերպելը շատ մեծ նշանակություն ունի, շատ մեծ խոսք է ասելու կերպարվեստի դաշտում, որովհետև հստակ արժեքավորելու է այս կամ այն ստեղծագործությունը, հասարակությանը արժեքը գնահատելու հնարավորություն է տալու: Հասարակությունն է որոշելու, թե ո՞ր նկարն է արժեքավոր:

– Նկարիչների միությունը համագործակցո՞ւմ է «A.A.աուկցիոն» աճուրդային կենտրոնի հետ, մանավանդ, որ կենտրոնի գրասենյակը միության շենքում է տեղակայված:

– Կենտրոնը Նկարիչների միության շենքում տարածքը վարձակալել է: Քանի որ մենք շատ ոգևորված ենք աուկցիոն կենտրոնի հիմնադրման գաղափարից, մեծ սիրով տարածքը տրամադրեցինք: Առաջիկայում կճշտենք նաև համագործակցության եզրերը: Եթե իրենք Նկարիչների միության աջակցության կարիքն ունենան, բնականաբար, մենք պատրաստ ենք: Աուկցիոն կենտրոնի գործունեությունից ոգևորված են հասարակական բոլոր շերտերը: Ի վերջո, կենտրոնի գործունեությունը կփոխի կերպարվեստի հանդեպ հասարակական վերաբերմունքը, իսկ դա արդեն նկարչի համար ձեռքբերում է, քանի որ իր ստեղծագործությունն իրացնելու հնարավորությունն ընդլայնվում է:

Տեսանյութեր

Լրահոս