Նահանջելու տեղ այլևս չկա
Ասում է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը
– 2013թ. բյուջեն տարբեր որակումներ ստացավ: Դուք ևս այն անվանել էիք գոյատևման բյուջե։ Ինչո՞ւ։
– Զարգացման այս պահին հանրապետության առջև ծառացած են բազմաթիվ` անհետաձգելի լուծում պահանջող խնդիրներ։ Մակրոտնտեսական կտրվածքով կարելի է ասել, որ այս բյուջեն չի արտացոլում եկամուտների, հնարավորությունների այն ամբողջությունը, որը կարող էր լինել։ Անգամ ինտուիտիվ մակարդակով ես պատկերացնում եմ, որ մենք պետք է ակնհայտորեն ունենայինք ավելի շատ եկամուտներ ու հնարավորություններ, քան այն, ինչ տեսնում ենք այս վերջին տարիների բյուջեներում։
– Այսինքն` տնտեսությո՞ւնն է իր պոտենցիալից ցածր մակարդակի վրա, թե՞ այդ հնարավորությունները կան, պարզապես ստվերում են և բյուջեում ներառված չեն։
– Եթե մեր հնարավորություններից ցածր ցուցանիշներ են ամրագրված, ուրեմն բյուջեն ամբողջությամբ չի արտացոլում իրական վիճակը։ Հասկանալի է` ստվերայնություն կա: Որոշ զեկույցներում անգամ դրա մասշտաբների մասին գնահատականներ են հնչում (թեպետ ստվերը քանակապես չափելն անշնորհակալ գործ է)։
Կարելի է պնդել, որ ստվերայնության մակարդակով պայմանավորված` մենք ունենք քիչ եկամուտներ բյուջեում։ Սակայն, իմ խորին համոզմամբ, պատճառը միայն ստվերը չի։ Մենք կարող էինք ունենալ բավականաչափ շատ ռեսուրսներ` գործունեության արդյունավետության բարձրացման հաշվին։ Ընդ որում, արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն կա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաև պետական համակարգում:
– Կառավարությունը վերջերս ինքն էլ սկսել է խոսել արդյունավետության բարձրացման մասին։
– Միայն այդ մասին խոսելով կամ այդ բառը արտաբերելով` խնդիրը չի լուծվում: Արդյունավետության բարձրացմանը հասնելու համար բազմաքայլ, բազմաթիվ և խիստ կոորդինացված գործողություններ են անհրաժեշտ։ Մենք այդ ուղղությամբ լուրջ հաջողություններ չենք գրանցում, դրանով էլ պայմանավորված են բյուջեում արտացոլված ցածր հնարավորությունները։ Իսկ ցածր հնարավորություններն, իրենց հերթին, դժվարություններ են ստեղծում և թույլ չեն տալիս լուծել ամենատարբեր խնդիրներ։
– Օրինակ` ի՞նչ խնդիրներ կան, որոնք առավել կարևոր են։
– Աշխատատեղերի խնդիրը։ Իհարկե, պաշտոնական վիճակագրությամբ պատկերն այդքան վատը չէ, սակայն բոլորին է հայտնի, որ գործազրկության իրական մակարդակը շատ ավելի բարձր է։ Կամ՝ եկամուտների ցածր մակարդակը և սարսափելի բևեռացվածությունը։ Այդ ամենից բացի, խնդիրներ ունենք հենց կարգավորման դաշտում։ Ինքս երկար ժամանակ լինելով օրենսդիր դաշտում` նկատել եմ, որ կարգավորման առումով տրիվիալ, տեսանելի քայլեր կային, որ կարելի էր անել և ստանալ բավական լավ արդյունքներ։ Սակայն չենք արել։
– Ինչո՞ւ չեք արել։ Ո՞վ կամ ի՞նչն է խանգարել։
– Ես կարծում եմ, որ սա էլ ստվերայնության մի այլ տարբերակ է։ Այսինքն` կան մարդիկ, որ պղտոր ջրում ձուկ են որսում։ Որքան կանոնակարգվածությունը խոցելի է, այդտեղ որոշակի անձինք` կառավարողները, որոշումներ ընդունողները, կամ որոշումների ղեկին մոտ գտնվողները իրենց ավելի լավ են զգում։ Փակագծերը սրանից ավելի թույլ տվեք չբացել:
– Վերադառնանք բյուջեին։ Փաստորեն, ինչպես նշում եք, դրանում արտացոլված հնարավորությունները քիչ են` խնդիրները լուծելու համար։ Սակայն կառավարությունը համարում է, որ բյուջեում կան կտրուկ առաջընթացի, արմատական բարեփոխումների, արտահանման խթանման նախադրյալներ։ Դուք դրանք տեսնո՞ւմ եք։
– Ես այս պահին կարծում եմ, որ գոնե 2013 թվականի կտրվածքով այդ ամենը քիչ տեսանելի է։ Բայց կամքի առկայության և արդյունավետ ու հետևողական աշխատանքի պարագայում այդ բոլոր բարձր նպատակները շատ իրատեսական են: Այդտեղ ոչ մի չափազանցված բան չկա։
– Իսկ այդ կամքը կա՞։ Կամ գոնե ուրվագծվո՞ւմ է Ձեզ համար։
– Այսպես կպատասխանեմ` նահանջելու տեղ այլևս չկա։ Արդեն այդ կամքը պետք է ինքնըստինքյան դրսևորվի։ Հակառակ դեպքում լավ բանի սպասել հնարավոր չէ։
– 5 տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսն էր` «Առաջ, Հայաստան»։ Զուտ տնտեսական առումով` որքանո՞վ ենք առաջ գնացել։
– Այն բոլոր ծրագրերն ու նպատակները, որոնց մասին նախագահը խոսում էր, իրականացման ենթակա բաներ էին։ Ոչ մի չափազանցություն չկար։ Սակայն մենք հայտնվեցինք չափազանց դժվարին իրավիճակում՝ նկատի ունեմ տնտեսական ճգնաժամը։ Ես ոչ թե փորձում եմ դրանով արդարացնել ներկայիս իրավիճակը, պարզապես դրա ազդեցությունն իրոք շատ լուրջ էր։
Մինչև անգամ հարուստ երկրներն այսօրվա դրությամբ դեռ ունեն դժվարություններ։ Այդ ամենից բացի, ազդեցին նաև քաղաքական կյանքում որոշ ոչ ցանկալի վայրիվերումները։
– Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Հայաստանում գործարար միջավայրը բարելավվում է (ըստ Doing Business զեկույցի), սակայն ներդրումների հոսքը նվազում է։
– Իմ կարծիքով, ցանկացած տիպի նման զեկույց` լինի Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող Doing Business-ը, Moodyգs-ը թե մեկ ուրիշը, ըստ էության, բացի բուն առարկայից` հետապնդում են նաև այլևայլ նպատակներ։ Այդ թվում՝ հնարավոր է` նաև քաղաքական նպատակներ։ Գեոկառավարողները` աշխարհի հզորները` ելնելով իրավիճակից, ամեն տարի կարող են յուրաքանչյուր երկրի համար նկարագրություններ իրականացնել, որոնք այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։
– Այսինքն կարելի՞ է ենթադրել, որ կոնկրետ այս դեպքում Արևմուտքը սիրաշահում է Հայաստանին։
– Կարող ենք նաև այդ բառն օգտագործել։ Եթե Doing Business-ի գնահատականների պարագայում ներդրումների, գործարար ակտիվության, արտահանման պոտենցիալը մեծացնելու առումով մենք այդքան նկատելի առաջընթաց չենք գրանցում, ուրեմն երևի ինչ-որ տեղ անհրաժեշտ է մեզ սիրաշահել։
– Վերջերս սկսեց քննարկվել սահմանի վրա ԱԱՀ-ի գանձման մեխանիզմը վերացնելու թեման։ 1990-ականներին, երբ այդ մեխանիզմը ներդրվեց, դուք ԱԺ պատգամավոր էիք և դեմ էիք այդ մեխանիզմին։ Այն ժամանակ որքանո՞վ էր անհրաժեշտ դրա կիրառումը։
– Այդ մեխանիզմը ներմուծողն, իհարկե, կարող է տարբեր` ճիշտ կամ ոչ ճիշտ հիմնավորումներ բերել։ Սակայն աքսիոմատիկ ճշմարտություն է. եթե տնտեսվարող սուբյեկտը չի սկսել շրջանառություն, նա չի կարող կրել որևէ պարտավորություն։ Ինչի՞ համար տնտեսվարողը պետք է «առաջ ընկած» պարտավորություն կատարի, եթե նա դեռ հասույթ չի ստացել։ Այսինքն` տնտեսվարողն ինչ-որ առումով անտոկոս և անվերադարձ վարկ է տալիս կառավարությանը։
Դրա անունը որոշ դեպքերում դնում են` գերավճար։ Ի՞նչ է նշանակում` գերավճար։ Բա տնտեսվարողից կարելի՞ է գերավճար վերցնել։ Իմ խորին համոզմամբ, տնտեսվարող սուբյեկտները պետք է հատուկ պաշտպանվեն, ոչ թե ենթարկվեն որևէ ավելորդ ծանրաբեռնվածության։
– Անկախ այդ ամենից, հիմա բյուջեն այդ համակարգից կախվածության մեջ է։ Եթե սահմանին հարկումը վերացվի, դա բյուջետային մուտքերի խնդիր կառաջացնի։ Ի՞նչ պետք է անել այս պարագայում։
– Ցանկացած պարագայում, ցանկացած հարցում, այդ թվում` նաև տնտեսության մեջ, չկան անլուծելի խնդիրներ։ Այլ բան է, որ դա չի կարելի կտրուկ անել. եթե օրգանիզմն ունի հիվանդություն, որը շատ է բարդացել, ապա դրա ապաքինումը պետք է որոշակի հերթականությամբ ու սխեմայով իրականացվի։ Հակառակ դեպքում` կտրուկ մոտեցումը կարող է բերել բացասական հետևանքների (և արդեն բերել է)։
Արդեն 15 տարի է, գործում է այդ համակարգը։ Այսինքն` մենք բավականաչափ ժամանակ ունեինք այդ խնդիրը լուծելու համար։ Սակայն հիմա նույնպես ուշ չի։ Պետք է քայլ առ քայլ վերացնել սահմանի վրա ԱԱՀ-ի գանձման պահանջը։ Օրինակ, նախ` սահմանի վրա հարկման պահանջից ազատել այն ապրանքները, որոնք բերում են նոր արտադրությունների ստեղծման կամ խթանման։ Մնացած ապրանքները, որոնք ինչ-որ տեղ ենթաակցիզային բնույթ ունեն, կարելի է թողնել սահմանին հարկման դաշտում։ Սակայն` ժամանակավորապես, բյուջեն չվտանգելու համար` հասկանալով, որ աստիճանաբար դրանք նույնպես պետք է ազատվեն սահմանի վրա հարկման պահանջից։