Փոքր հասակում աչքերը շատ տրորած երեխաների մոտ կերատոկոնուսի առաջացման հավանականությունն ավելի մեծ է

Հայաստանում տարեցտարի ավելանում է կերատոկոնուսով հիվանդների քանակը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ակնաբույժ Վարսիկ Հակոբյանը.

«Մեր միջավայրը չի մաքրվում, օրեցօր աղտոտվում է: Դա էկոլոգիայի խնդիր է»,- ասաց ակնաբույժը՝ միևնույն ժամանակ նշելով, որ հիվանդների թվի աճին նպաստում է նաև ախտորոշման մեխանիզմների կատարելագործումը:

Ակնաբույժ Լիլիթ Կիրակոսյանն էլ նշեց, որ հիվանդության խոցելի խմբի մեջ են մտնում հայերն ու հրեաները. «Ինչպես պարբերական հիվանդությունների համար, այնպես էլ՝ կերատոկոնուսի դեպքում, խոցելի խմբերը հայերն ու հրեաներն են: Դա գենետիկական խումբն է, լեռնային գոտին է, որովհետև և՛ կերատոկոնուսը, և՛ գարնանային կատարը, աչքի ալերգիկ հիվանդությունն ավելի շատ է հանդիպում լեռնային գոտիներում ապրող մարդկանց մոտ: Կա նաև վարկած, որ այն մարդիկ, ովքեր գարնանային կատար են ունեցել, նրանք էլ են կերատոկոնուսի համար ռիսկային խումբ»:

Վարսիկ Հակոբյանի խոսքով` հետազոտություն կա այն մասին, որ մանուկ հասակում աչքերը շատ տրորած երեխաների մոտ կերատոկոնուսի առաջացման  հավանականությունն ավելի մեծ է. «Եթե երեխաները տրորել են, ուրեմն՝ նրանց աչքերը քոր են եկել, ալերգիկ խնդիր է եղել: Սա նշանակում է, որ եթե երեխայի մոտ կա գարնանային կատար, ապա այն անպայման պետք է բուժվի, որպեսզի կերատոկոնուսի չվերածվի»:

Կարդացեք նաև

Ակնաբույժների հաղորդմամբ՝ կերատոկոնուսն աչքի եղջերաթաղանթի հիվանդություն է, որը հանգեցնում է եղջերաթաղանթի բարակեցման և արտափքման: Հիվանդության առկայության դեպքում՝ ծռմռված, աչքի մեջ օտար մարմնի զգացողություն է լինում:


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս