«Ադրբեջանն ագրեսոր է, բա դո՞ւք ինչ եք»
Վարդենիսցիները պատրաստվում են դատի տալ Հայաստանի Հանրապետությանը
Երեկ «168 Ժամ» թերթի խմբագրություն էին եկել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչները և խնդրում էին գոնե լրատվամիջոցների օգնությամբ իշխանությունների կողմից իրականացված «խաբեությունը» բացահայտել: Ասում էին, որ իրենց անունից ՀՀ կառավարությունը գումարներ է հատկացրել, սակայն դրանք հասցեատերերին չեն փոխանցվել:
Բանն այն է, որ 1993թ. հուլիսի 12-ին Ադրբեջանի օդուժի կողմից ռմբակոծվել է Վարդենիս քաղաքի Իսակով փողոցը, որի հետևանքով երեք մարդկային զոհ է գրանցվել: Բացի այդ, թվով ինը տուն փլուզվել է՝ տարբեր աստիճանի վնասներով, մինչև անգամ մարդկանց գույքն է ամբողջովին ոչնչացել:
Այդ ողբերգությունից հետո ՀՀ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովն ակտեր է կազմել՝ սահմանելով յուրաքանչյուր տան վնասի չափը: Որպես վնասների փոխհատուցում` սահմանվել է 28 մլն դրամ ընդհանուր գումար, որից 26 մլն դրամն` ուղղակի տուժածների, իսկ 2 մլն դրամը՝ մասնակի տուժածների համար: Իսակով փողոցի 37 տան բնակչուհի Էլմիրա Աղաջանյանն ասում է, որ ընտանիքի անդամները հրաշքով են ողջ մնացել:
«Մենք կարծեցինք` երկրաշարժ է, ամբողջ տունն ավերակ դարձավ՝ ունեցվածքը, գույքը: Անմիջապես եկան, հավաքվեցին, աղմուկ բարձրացրեցին: Սկսեցին արագ-արագ նկարահանումներ կատարել: 25-ամյա Տիգրան Հարությունյանի դիակը փրթիկ-փրթիկ էր եղել: 3 մահ ունեցանք:
Կամերաներն առած գալիս էին, ասում էինք՝ տները փլվել են, մեզ օգնություն ցույց տվեք, որտե՞ղ ապրենք: Բա, թե՝ նկարում ենք, որ աշխարհին ցույց տանք, թե Ադրբեջանն ինչ ագրեսոր ա:
Մենք անտուն, առանց ոչնչի հայտնվեցինք փողոցներում, իսկ իրանք զբաղված էին էդ դեպքի շուրջ աղմուկ հանելով»,- պատմում են տուժած բնակիչները, որոնցից ոմանք առայսօր փլուզված տներում են ապրում, իսկ որոշ ընտանիքներ այլ բնակարաններ են վարձակալել, քանի որ կիսատ պատերով իրենց բնակարաններում ապրելն ուղղակի անհնար է: Ինչևէ, 2001թ. ապրիլի 25-ի որոշմամբ Ազգային ժողովը հաստատել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ քաղաքներում ռմբակոծությունից ուղղակի տուժած բնակիչներին շարունակական սկզբունքով փոխհատուցում հատկացնելու Կառավարության N 343 որոշումը, այսինքն՝ ակտերով նախատեսված գումարների մարումն ամեն տարի բյուջեից հատկացումներով կազմակերպելը: 2002թ. Կառավարությունը հատկացրել է 14 մլն դրամ, որից 4մլն դրամը՝ Վարդենիսին, իսկ 10մլն դրամը Ճամբարակին է հատկացվել:
Բնակիչների հավաստմամբ՝ այդ գումարը համամասնորեն բաժանվել է ուղղակի տուժած բնակարանների սեփականատերերին, իսկ 2003թ. բյուջեից հատկացվել է 10մլն դրամ, որը, սակայն, չգիտես ինչո՞ւ` հասցեատերերին չի տրամադրվել:
Ռմբակոծությունից տուժած ինը ընտանիքների անդամները տարիներ շարունակ դիմում են ՀՀ նախագահին, վարչապետին, Ազգային ժողով, Քաղաքաշինության նախարարություն, որտեղից, սակայն, բոլոր դիմումները վերահասցեագրվում են Գեղարքունիքի մարզպետարան:
Մարզպետարանից ի պատասխան` բնակիչներին տեղեկացնում են, որ բյուջեից հատկացված 24մլն դրամը համամասնաբար բաշխվել է ուղղակի տուժածներին: «Բայց դա խաբեություն է, որովհետև մեզ տրամադրել են 2002թ. բյուջեից տրված այդ 14 մլն դրամը, իսկ 2003 թվականի գումարներից՝ ոչ մի լումա: 2003թ. Կառավարությունը Վարդենիսի ուղղակի տուժածների համար բյուջեից դուրս է գրել 10մլն դրամ՝ համամասնորեն փոխհատուցումը մարելու համար, սակայն մեր ինը ընտանիքներից որևէ մեկին այդ գումարից չի տրվել:
Մենք ստիպված դիմեցինք փաստաբանի, որը մեր ինը ընտանիքների անունից դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Քաղաքաշինության նախարարություն և Գեղարքունիքի մարզպետարան»,- ասում են ռմբակոծությունից տուժածները՝ մատնանշելով մարզպետարանից ստացված գրությունը, որտեղ մասնավորապես Է. Աղաջանյանի տան վերաբերյալ ասվում է.
«1993թ. ուղղակի հրետակոծությունից տուժել են Վարդենիս քաղաքի թվով 9 բնակարաններ: Համաձայն կազմված ակտերի Ձեր բնակարանին պատճառված վնասի չափը կազմում է 3436000 ՀՀ դրամ: ՀՀ կառավարության կողմից 2003թ. հատկացված 14.0 մլն դրամը համամասնորեն բաժանվել է մարզում ուղղակի հրետակոծությունից տուժած բնակչությանը, այդ թվում Ձեզ՝ 599700 ՀՀ դրամ: ՀՀ կառավարության կողմից նշված նպատակի համար միջոցներ հատկացնելու դեպքում Ձեր խնդրանքը կբավարարվի»: Հետագայում արդեն մարզպետարանի մեկ այլ գրությամբ ասվում է, որ՝ «2002-2003թթ. ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 24մլն դրամ գումար, որը համամասնորեն բաժանվել է ուղիղ հրետակոծությունից տուժած բնակարանների տերերին՝ հիմք ընդունելով 1992-1993թթ. կազմված ակտերը»:
Մինչդեռ Վարդենիսի վերոնշյալ ինը ընտանիքների բնակիչներից որևէ մեկը 2003թ. բյուջեից հատկացված այդ 10մլն դրամից գումար չի ստացել, այսինքն՝ Կառավարությունը թեև գումարները հատկացրել է փոխհատուցումը համամասնորեն մարելու նպատակով, այդուհանդերձ, այն հասցեատերերին չի հատկացվել: Բնակիչներն այս տարվա օգոստոսին կրկին դիմել են Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին, ով, սակայն, տեղյակ չի եղել այս խնդրից և վերջիններիս հավաստիացրել է, որ շուտով կդիմի ՀՀ նախագահին, Քաղաքաշինության նախարարին՝ խոստանալով այս հարցին լուծում տալ:
«Օգոստոս ամսին գնացինք մարզպետարան: Մարզպետը ճարտարապետից պահանջեց փաստաթղթեր ներկայացնել, թե հատկացված գումարներն ո՞ւմ են բաշխել: Ցուցակն իրենց մոտ է ու մեզ երբեք ցույց չեն տվել: Մենք ուզում ենք պարզել, օրինակ՝ որդիս այդ ռմբակոծությունից մահացավ, տունս փլվեց, բայց ինձ այդ գումարը չեն փոխանցել: Լավ, ես ո՞նց ապրեմ, ամայի տարածքի մեջ ենք ապրում»,- ասում է Ռիմա Հարությունյանը:
Տուժած բնակիչներից Է. Աղաջանյանը վստահեցնում է, որ Վարդենիսի բնակիչները ստացել են միայն 2002թ. բյուջեից հատկացված 14մլն դրամի` միայն Վարդենիսի բնակիչների միջև բաշխված 4մլն դրամից իրենց հասանելիք 599700 դրամը, որով կարողացել են միայն ռմբակոծության արդյունքում փլուզված տան ջարդոնները աղբատար մեքենաներով տեղափոխել:
Այսինքն՝ 2003թ. Կառավարության կողմից տրամադրված 10մլն դրամը, որը տուժած բնակիչների փոխհատուցումը մարելու նպատակով էր հատկացվել, չի բաշխվել այդ 9 ընտանիքներից որևէ մեկին: «Ազգային ժողովը դեռ այն ժամանակ հաստատեց մեր փոխհատուցումը շարունակական ձևով մարելու որոշումը, այսինքն՝ տարեցտարի պիտի հատկացումներ անեին: Մեզ 2002թ.-ին ինչ հատկացրել են՝ դա է եղել: Կառավարությունը 2003-ին էլ է գումար դուրս գրել, բայց մեզ չեն փոխանցել:
Փաստաթղթերով գրված է, որ 2003թ.-ի 10մլն դրամը մեր փոխհատուցման նպատակով է դուրս գրվել, սակայն մեր 9 ընտանիքներից ոչ մեկը չի ստացել: Պետությունը 1998թ.-ից պետք է ինձ իր հաշվարկով 2.900.000 դրամ փոխհատուցում տար, որ տունս վերականգնեի, բայց 2012 թիվն է, էլի չենք կարողանում այդ գումարները ստանալ»,- ասում է Է. Աղաջանյանը:
Ի դեպ, բնակիչների խնդրանքով նրանց փաստաբանը դիմել է համապատասխան կառույցներին` այդ 10մլն դրամի հասցեատերերի ինքնությունը պարզելու նպատակով, սակայն ի պատասխան` մարզպետարանից փոխհատուցումը ստացողների ցուցակների փոխարեն, միայն տեղեկացրել են, որ 10մլն դրամը բաշխվել է մասնակի տուժածներին:
«Հասկանո՞ւմ եք, եթե պետական փաստաթղթերում գրված է, որ այդ 10մլն դրամը բաժանվել է ուղղակի տուժած 9 ընտանիքներին, ապա ինչո՞ւ է բաժանվել մասնակի տուժածներին կամ արդյո՞ք բաժանվել է… Ովքե՞ր են այդ մասնակի տուժածները, որոնց անուն-ազգանունները չեն տրամադրում: Սա պարզ խաբեություն է: Գնում ենք Քաղաքաշինության նախարարություն, ասում են՝ մենք ցուցակ չունենք, մեզ զեկուցել են, որ այդ 10 մլն դրամը բաշխվել է:
Ախր, լավ, հայտարարեցիք, որ փոխհատուցումը շարունակական է լինելու, բայց 10 տարի անցավ, բա չե՞ք մտածում` էս մարդիկ ո՞նց են ապրում: Չինովնիկները հանգիստ նստել են իրենց դղյակներում, դաչաներում, մի՞թե չեն մտածում, որ էդ դժբախտությունից հետո մարդիկ չեն կարողանում փլված տներում ապրել: Հո մենակ Ադրբեջանին ագրեսոր ներկայացնելո՞վ չէ: Արեցին, բա մեր իշխանությունները մեզ հետ ինչպե՞ս են վարվում»,- արդարացիորեն դժգոհում են Վարդենիսի 9 բնակարանների սեփականատերերը:
Այնուամենայնիվ, նկատենք, որ Կառավարության որոշմամբ՝ ռմբակոծությունից տուժածների վնասները հաշվարկվել են հետևյալ կերպ՝ 28 մլն ընդհանուր գումար, որից 26մլն դրամն` ուղղակի տուժածներին, իսկ 2 մլն դրամը՝ մասնակի տուժածներին: Եթե մասնակի տուժածների փոխհատուցման ծախսը կազմել է 2մլն դրամ, ապա ինչո՞ւ են 2003թ. հատկացված 10մլն դրամի հատկացումները վերագրում մասնակի տուժածներին: Ո՞ւմ են հատկացրել 2 մլն դրամ կազմող` մասնակի տուժածների համար նախատեսված 10 մլն դրամից մնացած 8 մլն դրամը: