Hotel President Wilson-ը Պուտինի անունն օգտագործո՞ւմ է իր PR-ի համար (լուսանկարներ)
Տարբեր երկրների շքեղագույն հյուրանոցների նույնիսկ ամենաթանկարժեք համարն անհամեմատելի է Ժնևում գտնվող Hotel President Wilson-ի նախագահական, իսկ ավելի ճիշտ՝ թագավորական փենթհաուզի հետ: Մեկ գիշերն արժե 81.000 դոլար:
Սովորական համարների մեկ գիշերավարձն արժե 400 դոլար: Ժնևյան լճի կողքին, միջազգային օդանավակայանից 8կմ հեռավորության վրա տեղակայված հյուրանոցն ունի 180 սովորական և 48 լյուքս համարներ: Հյուրանոցի ձեղնահարկում է տեղակայված Նախագահական ամենաթանկարժեք համարը: 2011թ. G20-ի գագաթաժողովի ընթացքում այստեղ է բնակվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչի մասին հյուրանոցի վարչակազմը նշում է իր կայքէջում:
Ռուսական լրատվամիջոցներն իրենց զարմանքն են արտահայտել, թե ինչո՞ւ է միայն իրենց երկրի նախագահի՝ հյուրանոցում գիշերելու մասին տեղեկատվությունը տեղադրված կայքէջում, այն դեպքում, երբ այդ նույն սենյակում տարբեր ժամանակներում գիշերել են G20-ի գրեթե բոլոր ղեկավարները, տարբեր երկրների նախագահներ, վարչապետներ, կանցլերներ:
Ոմանք սա մարքետինգային և PR քայլ են համարում հյուրանոցի կողմից: Այն դեպքում, երբ երկրների նախագահները շոու-բիզնեսի ներկայացուցիչներ չեն, և նման ինֆորմացիա, որպես կանոն, հյուրանոցները չեն հրապարակում: Ոմանց էլ հետաքրքրում է՝ արդյոք հյուրանոցի տնօրինությունը Պուտինի՝ իրենց հյուրանոցում օթևանելու մասին տեղեկատվությունը հրապարակելու համար թույլտվություն ստացե՞լ է, թե՞ ոչ:
Ինչևէ, Նախագահական 16.480 քմ տարածք զբաղեցնող հյուրանոցային այս համարում կան 12 ննջասենյակներ, 12 լոգասենյակներ, «Steinway» ռոյալ, բիլյարդ, անհատական վերելակ, ֆիթնես-սրահ, առանձին տեռաս: Բոլոր սենյակները համալրված են «Bang & Olifsen» ֆիրմայի տեխնիկայով: Հյուրանոցը Starwood Hotels & Resorts-ի մաս է կազմում: