Բաժիններ՝

Չուտել ընդդիմադիրի միս. անհամ է ու անալի

Այսօր Ազգային ժողովը քվեարկության կդնի 2013թ. պետական բյուջեի նախագիծը, որի քննարկումները, մեղմ ասած` աբսուրդի թատրոն էին հիշեցնում: Մի կողմից` նախագիծը քննադատում էին ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, մյուս կողմից` այդ քննադատություններից վիրավորված` պատասխանում էր իշխանությունը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկվա իր ելույթը նվիրեց ոչ թե բյուջեի նախագծին, այլ ընդդիմադիր պատգամավորներին: «Կա համով ընդդիմադիր, կա և անհամ, անալի ընդդիմադիր»,- ասաց Գ. Սահակյանը: Վերջինս այնուհետ անդրադարձավ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին ուղղված այն հարցին, թե ինչո՞ւ երկրի ֆինանսական մայր-փաստաթղթի քննարկմանը ներկա չէ երկրի վարչապետը: «Տո՛, ձեր ի՞նչ գործն է` վարչապետը եկա՞վ, թե՞ չեկավ: Կառավարությունն ինքն է որոշում, թե ոնց պետք է ներկայացնի:

Չնայած ելույթիս այդ կողմն էլ ունեի, որ պետք է պարզաբանեի, որ` գոնե այդքան անգրագետ մի եղեք, հիշեք, թե բյուջեի քննարկումները ոնց են անցնում»,- նշեց Գ. Սահակյանը` շարունակելով: «Ա՛յ, ասում են` տղերք, տեսեք` ի՜նչ դուխով ենք` վարչապետին անպատվեցինք, նախագահին անպատվեցինք: Տո, բա որ հակադարձենք` ի՞նչ պիտի անեք: Չենք հակադարձում այն պատճառով, որ ձեր նշած բարձրունքներն այնքան խրոխտ են, որ առանց հակադարձելու, մի հայացքով կոչնչացնեն ձեր ամբողջ արգումենտները»:

Մինչդեռ նրա ընդդիմադիր գործընկերներից շատերն ընդամենը խոսում էին բյուջեի ստվերային կողմերի մասին, որից բնակչության սոցիալական մակարդակը չի բարձրանալու: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի կարծիքով` ակնհայտ է, որ հաջորդ տարի մեր բնակչությունը «մի փոքր» վատ է ապրելու: «Փոխաբերական իմաստով` ներկայացվածը ես համարում եմ տարկետման բյուջե: Կառավարությունը վատ է սովորել, վատ է աշխատել և մնացել է նույն դասարանում` տարկետման մեջ: Մինչդեռ այս կառավարության միջուկ-տնտեսական թիմը դեռևս 2008թ. համարձակ հավատով ծրագիր էր ներկայացրել արմատական բարեփոխումներ անցկացնելու կոնկրետ, շոշափելի արդյունքներ ապահովելու հույսեր ներշնչելու համար: Այդ հույսերն ի դերև եղան»,- ասաց Ա. Վարդանյանը:

Կարդացեք նաև

Նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ իր ելույթում նշեց, որ բյուջեի նախագծում չկա երկրի ամենակարևոր մարտահրվերը` աշխատատեղերի ստեղծումը, երբ երկրում գործազրկությունը 20% է:

«Եվ այդպիսի գործազրկության պայմաններում չխոսել և չգործադրել, չկիրառել լայնամասշտաբ զբաղվածության քաղաքականություն, առնվազն պետք է մտածել, որ հայրենի կառավարությունն այս մարտահրավերը չի դիտակումգ որպես կարևորագույն մարտահրավեր: Մենք ձեզ հետ միասին պետք է ճշտենք, ի վերջո, սա մարտահրավե՞ր է, եթե մարտահրավեր է, ապա պետք է տեսնենք, թե այս փաստաթղթում կա՞ այդ մարտահրավերը: Բանից պարզվում է, որ չկա»,- ասաց նա: Ա. Մինասյանի խոսքով` Կառավարությունը նորից հույսը դրել է ֆինանսաբանկային և ապահովագրության ոլորտների վրա, և ամենակարևորը` այստեղ հույսը դրել է սոցիալական փաթեթի վրա:

«Մենք վարում ենք իսկապես թանկ փողի քաղաքականություն, բանկային հոգեբանության քաղաքականություն, որի արդյունքում ՀՀ տնտեսությունը չի շահում ո՛չ այս բանկերից, ո՛չ այն ֆինանսական կազմակերպությունների գործունեությունից, որին մենք ձեզ հետ միասին նպաստել ենք այսքան ժամանակ` ընդունելով հակաազգային, հակապետական օրենքներ: Կոչ եմ անում` դեմ քվեարկել այս փաստաթղթին»,- ասաց Ա. Մինասյանը:

Իսկ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, թե երկրի ֆինանսական փաստաթղթի քննարկումները մի շարք հարցեր թողեցին անպատասխան: «Ինչո՞ւ այս բյուջեն պատասխան չի տալիս աշխատատեղերի ստեղծման տրամաբանությանը, բովանդակությանը, գործընթացին, ինչո՞ւ ենք հրաժարվել 2011-13թթ. ամրագրված միջնաժամկետ պետական ծախսերի ծրագրով` առ այն, որ երեք տարիների ընթացքում պետք է ստեղծվեն 50.000 փոքր և միջին ձեռնարկություններ, և 70.000 աշխատատեղեր: Մենք դա ընդամենը փոխարինեցինք 10.000 աշխատատեղով, և այդ աշխատատեղերի տեղը լավ չի երևում, պետք է ճշտել»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Վերջինս անբավարար գնահատեց բյուջեի նախագիծը, որին ի պատասխան` ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթում` ՀՀԿ-ի ոճին համապատասխան, պատասխանեց. «Մեր գործընկերներից մեկը ելույթում նշեց, որ բյուջեն անբավարար է, և նշեց այն տարբերակով, որ բյուջեի նախագծով ծախսային մասի ավելացումն ավելի մեծ էր, քան 2010, 2011, 2012թթ.:

Եթե այդ տրամաբանությունը հաշվի առնենք, ապա ինչո՞ւ այդ քաղաքական ուժը 2010, 2011, 2012թթ. բյուջեին կողմ քվեարկեց: Նշանակում է, որ ազնիվ չենք: Երկրորդը` իմ գործընկերներից մեկը դահլիճում նշեց, որ գյուղատնտեսության աճ է նկատվել, բայց դա բնության շնորհն է: Սիրելիներս, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ երբ արև է լինում` ընդդիմության շնորհքն է, իսկ երբ կարկուտ է գալիս` իշխանության»: ՀՀԿ պատգամավորն ավելացրեց. «Մենք ամենաբարձր մակարդակով ասել ենք, որ խրախուսում ենք ներդրումները ՀՀ-ում, ուստի, մի բան պետք է ասեմ` ցանկությունները կարևոր են, բայց ավելի կարևոր է ազնիվ և շիտակ գործելը: Հալվա ասելով` բերանդ չի քաղցրանա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս