
Veliz-ը նոր տեսահոլովակ ունի

Veliz-ը նոր տեսահոլովակ ունի: Վերջերս հայկական շոու-բիզնես մուտք գործած երգչուհին «Բարև արև» երգով ներկայացավ հանրությանը: «Մենք առաջին տեսահոլովակից այդքան մեծ արձագանք չէինք սպասում, սակայն երգն ու տեսահոլովակն ընդունվեցին շատերի կողմից: Արձագանքներն այնքան շատ էին, որ սկսեցինք աշխատել երկրորդ տեսահոլովակի վրա, ինչն ի սկզբանե չէինք պլանավորել»,- ասաց երգչուհու ամուսին և պրոդյուսեր Վարդգես Մանուկյանը:
Ինչպես 168.am-ին Վարդգես Մանուկյանը տեղեկացրեց, արդեն երկրորդ տեսահոլովակի նկարահանման աշխատանքներն ավարտվում են, այժմ նյութը մոնտաժվում է: «Սպասելիքները շատ են: Հուսանք՝ կընդունվի այս աշխատանքը ևս: Երգի հեղինակը Veliz-ն է, իսկ երաժշտության հեղինակը՝ ազգությամբ պարսիկ Անդուշ Բաբաքորդան: Երգը սիրո, ազատության, խաղաղության և Աստծո կամքի մասին է: Երգը կոչվում է՝ «Երբեք մի ասա երբեք»»,- ասում է Վարդգես Մանուկյանը:
Նշենք, որ երգչուհու բեմական անվան բացատրությունը դեռ գաղտնի է պահվում, և պրոդյուսերն այս անգամ ևս չբացահայտեց Veliz անվան խորհուրդը՝ պատճառաբանելով, որ դեռ ժամանակը չէ: