Մարտի 1-ի զոհերի հարազատների վիշտը դարձրել էիք ձեր դրոշակը. Մարգարիտ Եսայան

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարություն է արել, որում մասնավորապես ասված է.

«Քաղաքական որոշ ուժեր նախընտրական իրավիճակներում վարակվում են արդեն սովորական դարձած մի շարք հիվանդություններով, օրինակ՝ լավամարդ երևալու, մարդկանց սիրաշահելու, համոզելու, ինքզինքը հրեշտակի լուսապսակով ներկայացնելու և ուրիշներին սևացնելու, սեփական դիմագիծն առասպելական լույսի տակ ներկայացնելու: Այս մղումների մեջ ինձ համար անընդունելին ուրիշի վիշտը և ողբերգությունը շահարկելու մղումն է: Ոմանք ջանք չեն խնայում իրենց չակերտավոր լավամարդությունը տիրաժավորելու և այս կամ այն ամբիոնից, նաև՝ Ազգային ժողովի, ներկայացնելու:

Բառերը հնանում են և կորչում, բայց դրանց արձագանքը մնում է, մարդիկ հիշողություն ունեն, մի թերագնահատեք մեր հասարակության հիշողությունը:

Շահագործում էիք վիշտը, երբ 2008-ի մարտյան ողբերգությունից հետո խոսում էիք Մարտի 1-ի զոհերի մասին, ինքներդ ձեզ կասկածից դուրս դնելով, այլ մեղավորներ էիք փնտրում, զոհերի հարազատներին, թող ներեն ինձ հարազատները, դարձրել էիք քաղաքականության մաս, այդ մարդկանց վիշտը դարձրել էիք ձեր դրոշակը…

Երկու ժամանակավոր հանձնաժողով ստեղծվեց այդ ողբերգական դեպքերը քննելու համար, դա ևս դարձրիք քաղաքական գործիք, շահարկում եք նաև հիմա, նոր հանձնաժողովի մասին խոսելով:

Ազնիվ չեք, պարոնայք, և դա ես չեմ ասում: Այսօր մամուլում կարդացի Մարտի 1-ի զոհերի ծնողների հարցազրույցները, հիասթափված են ձեզանից, հասկանում են, որ այլ ուժերի ռևերանսներ անելով, իրենց վիրավորում եք, այդ մարդկանց անդառնալի վիշտը կրկին փորձում եք շահարկել:

Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի՝ մեջբերեմ Մարտի 1-ին զոված Սամվել Հարությունյանի հոր՝ Ռոբերտ Հարությունյանի միտքը. «Մեր ցավն այսօր ոչ ոք չի հասկանում, ոչ մեկը, բացարձակ, անգամ Հայ ազգային կոնգրեսը: Եթե այս մարդիկ անմեղ զոհվեցին ու վիրավորվեցին, և այսօր եթե պիտի գնան ինչ-որ մեկի հետ բանակցությունների, չգիտեմ՝ գնան ում հետ միանան, ով՝ որ ուժերի հետ, ուրեմն, անիմաստ մահացան։ Ո՞նց անենք բա, 60 տարեկան մարդիկ ենք արդեն ու ի՞նչ պիտի անենք, ո՞նց պիտի անենք,մեզանով ո՞վ է հետաքրքրվում, ո՞վ է հետաքրքրվում, թե նրա երեխային պահում են, չեն պահում, այդ երեխան ուր է, ինչպես է։ Դա մի քիչ մարդկային չէ, հասկանո՞ւմ եք։ Եթե ընտրությունից ընտրություն մեզ պիտի հիշեն, ավելի լավ է՝ չհիշեն» (ՀԺ-13.11.2012):

Մարդու հավատը կորցնելն ամենից դաժանն է, մի փորձեք ավելի առաջ գնալ, պարոնայք, տեղ չունեք գնալու, առջևում մարդն է, ետևում՝ դարձյալ՝ մարդը…

Կանգ առեք, ընդունեք, որ այլևս անելիք չունենք, ինքներդ ձեր մեջ այնքան խնդիր եք ստեղծել, որ մի ամբողջ կյանք չի հերիքի ձեր ներսի խնդիրները լուծելու, ուր մնաց՝ հավակնում եք երկրի խնդիրները լուծել, դա մենք կանենք և անում ենք: Իսկ դուք, կարծես հետևություններ չեք արել, և կրկին հավակնում եք կանգնել մեր հասարակության առաջ և քվե խնդրել՝ ո՞ւմ համար, ձեր մեջ կա՞ այդ մեկը, չկա , ընդունենք այս իրողությունը:

Մի պահ տղերքով նստեք, խելք-խելքի տվեք, հիշեք ձեր վաղվա օրը, հիշեք զոհերին և նրանց տառապող ծնողներին, հիշեք ձեր միջի մարդուն: Եվ մի փորձեք կրկին ջուր պղտորել, այս անգամ դա ձեզ չի ներվելու եւ անողոք դատավորը լինելու է հասարակությունը՚»:

Տեսանյութեր

Լրահոս