Ինքնահրկիզումը հացի գների թանկացման դեմ ամենաարդյունավետ միջոցն է
«Հացի գների խնդրի լուծման 32 տարբերակ ենք առաջարկել, բայց դեռ արձագանք չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի սպառողների միություն» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը:
Ըստ Ա.Պողոսյանի, ինքնահրկիզման տարբերակը վերջինն է և ամենաարդյունավետը: «Մենք բոլոր հնարավոր մեթոդները կիրառել ենք: Իրականում մեր ուժը մեր հրապարակայնության մեջ է: Եթե կա խնդիր, մենք, համենայնդեպս, փորձում ենք առաջարկել լուծումներ»,- ասաց Ա. Պողոսյանը:
Հարցին, թե որ ատյաններին են իրենք դիմել հացի գների խնդրով, ՀՍՄ նախագահը պատասխանեց. «Մենք խնդիրը բարձրացրել ենք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում, բարձրացրել ենք Սննդի անվտանգության պետական ծառայությունում, բարձրացրել ենք Հարկային տեսչությունում, նախագահի Վերահսկողության վարչությունում: Այն ամենը, ինչ հասնում էր ինձանից, ես արել եմ։ Հարց է առաջանում՝ ի՞նչ արդյունք կտա այդ ամենը»:
Ա. Պողոսյանն ասում է, որ նմանատիպ թանկացումներն անմիջականորեն ոտնահարում են սպառողների իրավունքները: Ըստ նրա, Միավորված Ազգերի կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից ընդունված սպառողների 4 օրենքները ոտնահարվում են այս գործողությունների արդյունքում: «Առաջին օրենքը վերաբերում է անվտանգ ապրանքների և ծառայությունների օգտագործմանը, երկրորդը՝ ընտրության իրավունքին, դրանցից մեկն էլ վերաբերում է լսված լինելուն՝ ինչ, բնականաբար, հնարավոր է՝ տարօրինակ լինի մեզ համար: Այսինքն՝ այն խնդիրները, որոնք բարձրացնում է սպառողը կամ սպառողի ներկայացուցիչը, պետական մարմինների կողմից պետք է ադեկվատ լուծումների արժանանան»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ իրավունքը երբեմն ոտնահարվում է նույն պետական մարմինների կողմից:
Արմեն Պողոսյանի կարծիքով, հացի գների թանկացումն ունի մի քանի պատճառ, որոնցից կարևորագույնը շուկայի գերկենտրոնացումն է: «Հացի շուկայում երկու ձեռնարկություն զբաղեցնում են գերիշխող դիրք. իրենց է պատկանում շուկայի 70 տոկոսից ավելի մասնաբաժինը, իսկ տնտեսական մրցակցության օրենքն ասում է, որ 30 տոկոսից ավելի մասնաբաժին ունենալը պատժելի չէ, սակայն արժանի է ուշադրության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից, ինչպես նաև այն, որ այդ դեպքում պետք է տրոհել մասնաբաժինը, որպեսզի այն լինի թուլատրելի սահմանում: Դա մտնում է հատուկ ռեեստր, որի միջոցով վերահսկվում են ֆինանսական հոսքերը՝ թե որքանով է գնագոյացումն արժանահավատ, այսինքն՝ ծախսերն ու վաճառքի գինը որքանով է հարաբերական միմյանց հետ, հասույթը որքանով է արդարացված ծախսերի համեմատ: Եթե այնտեղ կա մրցակցության չարաշահման էլեմենտ, պետք է անմիջապես գրանցվի պատժամիջոց»,- ասաց Ա. Պողոսյանը:
Ինչ վերաբերում է հացի թանկացման մյուս պատճառներին, ապա դրանցից մեկը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ մենք արտադրության մեջ օգտագործվող 65 տոկոս հումքը ներկրում ենք, սեփական արտադրության ալյուրը ընդամենը 35 տոկոս է կազմում: «Արտաքին շուկայի գործոնն ունի իր ազդեցությունը: Իրականում մենք մեր կողմից արտադրած հումքը անտնտեսվար կերպով ենք իրացնում: Բերքատվությունը՝ 1 հեկտարից ստանում ենք 10-20 ցենտներ, զարգացած երկրներում 1 հեկտարից ստանում են 40-50 ցենտներ ցորեն: Իրականում փորձագետներն ասում են, որ ամենաարդյունավետ հողերը Շիրակի մարզի ցորենի դաշտերն են: Տրոպիկ տարածքում անիմաստ ցորեն ենք ցանում և բերք հավաքում: Հարկավոր է զարգացնել բերրի հողերի տարածաշրջանը»,- մեզ հետ զրույցում ասաց Պողոսյանը՝ ավելացնելով, որ Լեռնային Ղարաբաղի բերրի հողերը կարող էին ապահովել ավելի քան 50 տոկոս բերք, ինչը, ցավոք սրտի, տեղի չի ունենում՝ անհասկանալի պատճառներով: