«Ինտերնետը կիսաբաց թողնել հնարավոր չէ»

Առջևում ՀՀ նախագահական ընտրություններն են: Ինչպե՞ս կօգտագործեն քաղաքական ուժերը և թեկնածուները համացանցը քարոզարշավի ընթացքում: Արդեն իսկ կարելի է ասել, որ սոցիալական ցանցերում մրցապայքարը սկսված է, սակայն դա արվում է քողարկված տեսքով: Ընտրություններին ընդառաջ կրքերը կարող են սրվել: Ինչպիսի՞ դրսևորումներ կստանա մրցապայքարը, և ինչպիսի՞ քարոզչական հնարավորություններ է ինտերնետն ընձեռում մրցակիցներին: Այս մասին է մեր զրույցը տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:

– Ինտերնետը, որպես քաղաքական գործիք, ինչպե՞ս կարող է օգտագործվել:

– Տվյալ դեպքում «կարող» է` բառը սխալ է ասված, քանի որ ինտերնետն արդեն իսկ օգտագործվում է: Հայաստանում ինտերնետը որպես քաղաքական գործիք սկսվեց կիրառվել 2007-2008թթ.-ին: Այն ժամանակ, սակայն, դեռ ինտերնետից օգտվողների թիվը քիչ էր` մոտ 200 հազար մարդ:

Այդ տարիներին բարձր կրթական ցենզով մարդիկ էին ցանցում գտնվում, որոնք ազդեցություն գործելու տեսանկյունից վատ թիրախ են: Այդ ժամանակ շատ ռեսուրս այդ ուղղությամբ չներդրվեց: Այդ ռեսուրսները հիմնականում կիրառվեցին մարտ ամսին, երբ անջատեցին հեռուստաալիքները, թերթերը չէին տպագրվում, և այլն: Այսինքն` երբ արտակարգ դրություն հայտարարվեց, և սահմանափակումներ մտան: Դա առաջին դեպքն էր, երբ ինտերնետը դարձավ պայթյունային, այն դարձավ տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը:

Կարդացեք նաև

Ավելին, ոչ թե ԶԼՄ-ների մասին է միայն խոսքը, այլ նաև բլոգների: Այդ ժամանակ առաջին անգամ տեղեկատվություն ստանալու այլընտրանքային աղբյուրները Հայաստանում դարձան հիմնական: Եվ, բնականաբար, այդ պահին հետաքրքրությունը բլոգների նկատմամբ բավական մեծ էր, այնքան մեծ էր, որ նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանը հենց այդ ընթացքում բլոգ բացեց: Այսինքն` եթե դա այդքան կարևոր չլիներ, ապա այն չէր բացվի:

Եթե խոսում ենք ներկայի մասին, ապա իրավիճակը կտրուկ փոխվում է: Հայաստանի բնակչության կեսից ավելին այսօր օգտվում է ինտերնետից: Նրանց մեծ մասը սոցցանցերում է գտնվում, հետևաբար` քաղաքական բոլոր կողմերը (թե ընդդիմության, և թե իշխանության.- Լ.Մ.) սկսել են այն շատ լավ օգտագործել: Դա շատ էժան և շատ ավելի թիրախային հարթակ է:

Եթե հեռուստատեսությունը շարունակում է մնալ որպես հիմնական դիտվող բան, ապա որպես տեղեկատվության աղբյուր` արդեն իսկ վարկանիշները ցույց են տալիս, որ օնլայն լրատվականներն այլևս ավելի շատ են ընթերցվում, քան դիտվում է հեռուստատեսությունը:

Սա դեռևս 2011թ. տվյալներն են, և կարծում եմ` իրավիճակը ներկայումս ավելի է ուղղվել դեպի ինտերնետ: Հեռուստաչափումներ իրականացնող «Nielsen» ընկերության ամփոփ ուսումնասիրության տվյալներով (http://media.am/television-program-measurement)` միայն լրատվականների միջին աուդիտորիան, օրինակ` «Հայլուր»-ինը` մոտ 200 հազար էր, իսկ մնացած հեռուստատեսային լրատվական թողարկումներինը` 2000- 3000, մինչդեռ ինտերնետում անգամ ամենավատ կայքն օրական ունի 2000-3000 այցելություն: Բացի այդ, ինտերնետն ունի իր յուրահատկությունը:

Օրինակ` Facebook-ի գովազդը սկսեց շատ ակտիվ օգտագործվել խորհրդարանական ընտրություննների ժամանակ: Այդ սոցցանցում դուք կարող եք թիրախավորել ձեր գովազդը, այնպես անել, որ այն կարողանան տեսնել միայն կոնկրետ տարիքի, կոնկրետ սեռի մարդիկ: Այդ հնարավորությունները ոչ մի հեռուստատեսություն կամ թերթ չունեն: Այնպես որ, համացանցը տվեց շատ հզոր գործիքներ և բավական էժան, որոնք հասանելի են բոլորին: Եթե հեռուստատեսության պարագայում քաղաքական որոշ ուժեր չունեն հնարավորություն հեռուստատեսություն մուտք գործելու, ապա համացանցում այդ խնդիրը չկա, ամսական մոտ 100-200 դոլարով կարելի է բավական լուրջ քարոզչություն անել, օրինակ` Facebook-ում:

– Առաջիկա նախագահական ընտրություններում այդ ամենն ակտիվորեն կկիրառվի՞:

– Միանշանակ: Այսինքն` այդ տեխնոլոգիաներն արդեն իսկ օգտագործվում են գրեթե բոլոր կուսակցությունների կողմից: Բացի «Oրինաց Երկրից», բոլորն ունեն իրենց երիտասարդական թիմերը, որոնք ակտիվ գործում են համացանցում: Իհարկե, թիմեր կան, որոնք կեղծ պրոֆիլներ են ստեղծում կամ կեղծ խմբեր, որոնցից շատերը, հետագայում պարզվում է, որ պատկանում են բոլորովին այլ քաղաքական ուժի:

Այսինքն` տեխնոլոգիաները շատ լուրջ են կիրառվում, և, եթե հաշվի առնենք զուտ լսարանի վրա դրա ունեցած ազդեցությունը և կատարված ծախսերը, ապա ոչ մի հարթակ ինտերնետի հետ չի կարող մրցել:

– Ի՞նչ եք կարծում, առաջիկա ընտրություններին հնարավո՞ր է, որ, այսպես ասած` «ռուբիլնիկը անջատեն», և մենք զրկվենք ինտերնետից և տեղեկատվությունից: Այնպես, ինչպես դա եղավ նախորդ նախագահական ընտրություններին հետևած դեպքերի ընթացքում:

– «Ռուբիլնիկն անջատելու» երկու տարբերակ կա` ֆիլտրացիա, ինչպես 2008 թվականին արվեց, երբ լրատվական որոշ կայքերի մուտքը սահմանափակվեց: Սակայն փորձը ցույց տվեց, որ որքան շատ սահմանափակումներ են լինում, այնքան մարդիկ ավելի շատ են ցանկություն ունենում այն կարդալ: Դե, իսկ ինտերնետ տարածք միջնորդավորված մուտքերի հնարավորությունը միշտ էլ կա:

Նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպես, օրինակ` Չինաստանում, որտեղ այդ ամեն ինչը շատ լուրջ հիմքերի վրա է դրված, որտեղ անգամ հատուկ կիբեռ-ոստիկանություն կա, որը փակում է այդ ամենը, և այլնգ նույնիսկ այնտեղ այդ ամենը չի աշխատում, ուր մնաց թե` Հայաստանում դա աշխատի:

Մյուս տարբերակն էլ այն է, որ ինտերնետն ամբողջությամբ անջատվի: Նման փորձ եղել է միայն Եգիպտոսում: Անցյալ տարի, երբ այնտեղ քաղաքական խռովություններ սկսվեցին, մի քանի օրով անջատեցին ամբողջ ինտերնետը: Դա բերում է նրան, որ այդպիսով առաջին հերթին ինքը` իշխանությունն է իրեն շրջափակման ենթարկում, և ինքն էլ չի ունենում ինտերնետի հնարավորություն:

Բայց չէ՞ որ այդ ինտերնետը իշխանություններին պետք է նաև սեփական քարոզչությունն իրականացնելու համար: Ինտերնետը կիսաբաց թողնել հնարավոր չէ: Մի հետաքրքիր բան, սակայն, պետք է ասեմ. Պետդեպարտամենտն անցյալ տարի հայտարարեց, որ այս ամենից ելնելով` սկսել են տեխնոլոգիական հատուկ լուծումներ մշակել, որոնք թույլ են տալիս որևէ երկիր ինտերնետ ներմուծել այն ժամանակ, երբ այն հատուկ անջատվում է: Օրինակ` անօդաչու թռչող սարքերը կարելի է օդում պտտեցնել և wifi բաժանել, և այլն: Այսինքն` նման լուծումներ էլ կան:

Կամ, օրինակ, նույն Եգիպտոսում ինտերնետն անջատեցին, սակայն Google-ը մտցրեց անվճար հեռախոսազանգի հնարավորությունը: Մարդիկ զանգում ինչ-որ բան էին ասում` և այդ հաղորդագրությունն իրենք գրում էին Twitter-ում: Դեռ չեմ խոսում այն մասին, որ ավելի պարզ լուծումներ էլ կան: Օրինակ, դուք կարող եք կանգնել սահմանին մոտ և բջջային կապով օգտվել հարևան երկրի ինտերնետից, և այլն: Չեմ կարծում, որ նման որևէ բան լինի մեր երկրում:

– Արդյոք նախագահական առաջիկա ընտրությունների ընթացքում ինտերնետ տարածքում հաքերային ներքին պայքար կարո՞ղ է ծավալվել իշխանության և ընդդիմության միջև:

– Նման բան իրականում եղել է: Մայիսին կայացած ԱԺ ընտրություններից մի քանի օր առաջ blognews.am-ը ենթարկվեց DDoS հարձակման, հետո` 1in.am-ը, իսկ ընտրությունների օրերին iditord.org կայքը ենթարկվեց հարձակման, և այդ հարձակումները միանշանակ դրսից չէին: Ո՞վ էր ներսից այդ ամենը կազմակերպել` ուրիշ հարց է, կասկածյալները շատ են, սակայն ուզում եմ նշել, որ այդ ամենից` ներքին հաքերային պատվերներից, արդեն շատ վատ հոտ է գալիս:

– Այսինքն` հնարավոր չէ՞ ապացուցել:

– Նման հարձակումների պարագայում հնարավոր է նույնիսկ` թիրախը չիմանա դրա մասին: DDoS տիպի հարձակումների պարագայում հարձակում պատվիրողը փող է տալիս դրսում ինչ-որ հաքերային խմբի, այդ հաքերային խումբը միացնում է վարակված համակարգիչները, օրինակ` Պակիստանիցգ դե արի ու այդ պոչը գտի: Այսինքն` գրեթե անհնարին է գտնել պատվիրատուին:

Սակայն այդ ամենի մասին կարելի է իմանալ հետևյալ կերպ, վստահ կարելի է ասել, որ հենց այնպես հարձակումներ չեն լինում լրատվական կայքերի վրա: Այսինքն` հարձակում պատվիրողն ինչ-որ բանից ելնելով է, չէ՞, լռեցնում տվյալ կայքը: Կոնկրետ իմ հիմնավորվածությունը կայանում է նրանում, թե ինչ տիպի նյութերից հետո են նման հարձակումներ եղել: Սակայն ես կարող եմ նաև սխալվել, քանի որ այդ նույն պատվիրատուն կարող է լինել հակառակ կողմը, որպեսզի ստվեր գցի այս կողմի վրա: Այսինքն` որոշ նրբերանգներ կան:

Որոշակի տոկոս կասկած կա, իհարկե, որ այդ ամենը կարող են կազմակերպել նաև թուրքերը, ադրբեջանցիները կամ ռուսները` ներքին լարվածություն ստեղծելու համար: Այնպես որ, տարբերակները շատ են:

– Նախընտրական շրջանում բազմաթիվ կայքեր են ստեղծվում: Օրինակ` նախորդ նախագահական ընտրությունների ընթացքում ստեղծվել էր payqar.net կայքը, որն արգելափակվեց: Ի՞նչ եք կարծում` առաջիկա ընտրությունների ընթացքում նման դեպքեր կլինե՞ն:

– Ինչպե՞ս կարող է կայքը փակվել: .am-ի պարագայում մենք նման փորձ ունենք, երբ մարտի 2-20-ը մի շարք .am-ի տակ գտնվող տեղեկատվական կայքեր զրկվել էին իրենց դոմենային անունից: Այսինքն` այդ հասցեն հավաքում էիր, սակայն այդտեղ չէիր հայտնվում: Դա նույնն է թե` Կադաստրով նայես և տեսնես, որ քո տանն ուրիշ մարդ է ապրում: payqar.net-ի դեպքի մասին ես չեմ լսել, սակայն նման բաների արդյունքում Հայաստանը միջազգային շատ լուրջ խնդիրների առջև է կանգնել, որովհետև դա չտեսնված վատ բան է:

Հայաստանից նմանատիպ ընդամենը մի դեպք գիտեմ, որ կայքը փակվել է: Դա armgirls կայքն էր, որը Ոստիկանությունը փակեց, քանի որ այն պոռնո/վատ բովանդակություն ունեցող կայք էր: Կարող է` ինչ-որ կայք բացվել-փակվե՞լ է. ես նույնպես կարող եմ ինչ-որ կայք բացել, հետո ինքս փակել` ասելով, որ ինձ իշխանությունները ճնշեցին: Չկա մի բան, որի վրա կարելի է հիմնվել և ասել, որ դա այսպես է:

Սակայն, ընդհանրապես, նման գործելաոճը վտանգում է հայաստանյան կողմի` .am տիրույթին տիրապետելու հարցը, որովհետև կարող է ընդհանրապես հարց դրվի` զրկել Հայաստանին .am տիրույթին տիրապետելուց, և այդ տիրույթը փոխանցվի ինչ-որ մի կազմակերպության, որը կսկսի տիրապետել դրան` Հայաստանի մաս չլինելով: Դեռ չեմ խոսում այն մասին, որ կայքը պարզապես շատ հանգիստ կարելի է գրանցել ոչ .am տիրույթում, այլ մեկ ուրիշ դոմենային տիրույթում, որտեղից ոչ ոք ձեր ձեռքից չի կարող վերցնել այն:

– Խոսենք գովազդի մասին: Ինտերնետի տարածվածությանը զուգընթաց` գովազդը, փաստորեն, տեղափոխվում է դեպի ինտերնետ: Խոսենք այդ տենդենցի մասին:

– Աշխարհում, այո, նման տենդենց կա, իսկ Հայաստանում` դեռ ոչ: Բնականաբար, վերջին տարիների ընթացքում գովազդի գները հայաստանյան ինտերնետում աճել են: Սակայն ասել, որ գովազդի շուկան ամբողջովին տեղափոխվել է դեպի ինտերնետ` չեմ կարծում: Ավելին ասեմ, այդ ամենը շատ դժվար է գնահատել, քանի որ Հայաստանում գնահատվում է միայն հեռուստատեսության գովազդի շուկան:

Այլ տեսակի գովազդների պարագայում նման հաշվարկներ չկան: Իհարկե, հաշվի առնելով կայքերի այցելությունները, և այլն, հասկանալի է, որ ամենաշատ այցելություն ունեցող կայքերում գովազդի գները հասել են տասնյակ-հազարների, մինչդեռ հեռուստատեսային գովազդի պարագայում խոսքը միլիոնների և տասնյակ-միլիոնների մասին է: Իհարկե, արդեն սկսել են օգտագործել ինտերնետային գովազդը:

– Առաջիկա ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը լայնորեն չե՞ն օգտագործի ինտերնետը` իրենց գովազդելու համար: Ընտրապայքարը տեղափոխվում է համացանց:

– Արդեն իսկ օգտագործում են ինտերնետը: Օրինակ` մենք ունենք նախագահի թեկնածու` Վարդան Սեդրակյանը, որը հիմնական թեկնածուների համեմատ չունի լուրջ ռեսուրս, բայց այդ թեկնածուն կոնկրետ իր ընտրարշավն արդեն սկսել է հենց Facebook-ով, և մոտ մեկ ամիս է` իր գովազդը տարածում է սոցցանցում: Մնացած դեպքերում բոլորի ընտրարշավները սկսվել են մի քիչ թաքնված կերպով: Բոլորը ասում են, որ` այսինչ բանը նախընտրական քայլ է, բայց դա ակնհայտ նախընտրական քարոզչություն չի դեռ: Բայց, բնականաբար, այդ ամենն արդեն սկսվել է:

– Որքա՞ն գումար է պետք նախագահական ընտրարշավն ինտերնետով կազմակերպելու, ինչպես նաև` կայքերի վրա հաքերային հարձակումներ կազմակերպելու համար:

– Հաքերային հարձակումները շատ են էժանացել: Այսպես, օրական ինչ-որ մի կայք` DDoS հարձակման տակ պահելու համար` որպեսզի կայքը չաշխատի, արժե մոտ 50 դոլարից սկսած գումար: Աշխարհում այդ ամեն ինչին շատ լուրջ են սկսել վերաբերվել, քանի որ այն ասես զանգվածային ոչնչացման զենք դարձած լինի: Իհարկե, լավ պաշտպանված կայքի վրա հարձակումը պետք է լինի բավական թանկ` օրական մի քանի հարյուր դոլար, սակայն այդ կայքն էլ կծախսի մի քանի հարյուր դոլար և կպաշտպանվի: Այսինքն` 100-1000 դոլարի հարց է նման հարձակումների կազմակերպումը:

Ինչ վերաբերում է ինտերնետով զուտ ընտրարշավ անցկացնելուն, ապա պետք է հաշվի առնել մի բան` կրեատիվությունը միշտ գումար է խնայում: Դու կարող ես ինչ-որ թույն բան հնարել և մի 50 դոլարով անել հաջողված ընտրարշավ: Ամսական մի 200 դոլար facebook-յան գովազդ դնելով` կարող եք ընդհանուր առմամբ ծածկույթ ստանալ ամբողջ հայկական շուկայի համար:

Շատ համեստ, բայց ընկալելի գովազդային արշավ կարող եք անել: Բնականաբար, կուսակցությունները ծախսելու են շատ ավելի շատ գումար: Բացի այդ, իրենք թիմեր են պահելու, որպեսզի իրենք այդ ամեն ինչն անեն: Նկատի ունեմ, որ նվազագույն գումարով կարելի է ռեալ ինչ-որ մի բան անել` և ավելի թիրախային, իսկ հետո տեսնել, թե ինչպե՞ս է այդ ամենն աշխատում:

Տեսանյութեր

Լրահոս