«Մենք միշտ հետևել ենք սննդի որակին, հետևել ենք, որ ժամկետանց չլինի»

Նոյեմբերի 6-ին Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանշաններով Արարատի հիվանդանոց է տեղափոխվել 13 երեխա: Թունավորվածները 3-6 տարեկան երեխաներ են:

Նրանք սրտխառնոց, փսխում են ունեցել, որոնք, ըստ Առողջապահության նախարարության` առաջացել են սիսեռով, բրնձով, հավի մսով պատրաստված ապուրի օգտագործումից 2,5 ժամ անց: Բարեբախտաբար, երեխաների կյանքին վտանգ չի սպառնում:

«Հետազոտության արդյունքում պարզվել է, որ վարակի փոխանցման հավանական գործոնը սնունդն է, քանի որ նշաններն ի հայտ են եկել միամոմենտ, և վարակի գաղտնի շրջանի տևողությունն ու կլինիկական ախտանշանները բնորոշ են սննդային թունավորմանը»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Երեկ ՀՀ ոստիկանությունն էլ հայտարարեց, թե գործի հանգամանքները պարզվում են, և կատարվում է քննություն: Արարատի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Գեղանուշ Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե կատարվում է բակտերիոլոգիական հետազոտություն, որի արդյունքները պարզ կլինեն միայն այսօր երեկոյան:

«Կիմանանք` թունավորումն ինչի՞ց է առաջացել` սննդի՞ց, թե՞ մեկ այլ բանից: Իմ կարծիքով` 90 տոկոս հավանականությամբ, ասում են, որ մանկապարտեզի սննդից է եղել թունավորումը, չգիտես` սո՞ւպ են կերել, փլա՞վ են կերել: Երևի, որ բոլորն իրար հետ նույն ժամանակաշրջանում են վատ զգացել, իմ կարծիքով, շատ հնարավոր է` մանկապարտեզից լինի: Թե չէ` առանձին-առանձին բոլորի ընտանիքներում չէր կարող մի բան լինել, որ բոլորն իրար հետ վատ զգային: Այդ դեպքում կլիներ մեկ-երկուսը` նույն ընտանիքից: Եթե 13-ը միաժամանակ են վատ զգացել, ուրեմն` իմ եզրակացությունն այն է, որ մանկապարտեզից է»,- ասաց Գեղանուշ Ավետիսյանը:

Նրա փոխանցմամբ` այժմ երեխաներն իրենց լավ են զգում, բայց հսկողությունը շարունակվում է, հետազոտվում են նաև մանկապարտեզի մյուս երեխաները:
Արարատ գյուղի մանկապարտեզի վարիչ Գայանե Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս ստույգ տվյալներ չկան այն մասին, թե սննդային թունավորում է տեղի ունեցել, քանի որ հետազոտության արդյունքները դեռևս հայտնի չեն: «Թունավորումը տեղի է ունեցել մանկապարտեզում, բայց ի՞նչ պատճառով` չեմ կարող ասել, մինչև պատասխանները չլինեն»,- ասաց մանկապարտեզի վարիչը:

Ըստ նրա` իր տնօրինությամբ 1995-ից սկսած նման դեպքեր չեն արձանագրվել մանկապարտեզում: Հարցին` արդյո՞ք թունավորման պատճառ է հանդիսացել փչացած սննդամթերքը, թե՞ պատրաստման ընթացքում թույլ տրված սխալները` Գայանե Գասպարյանը պատասխանեց, որ չի կարող ասել. «Մենք միշտ հետևել ենք սննդի որակին, միշտ հետևել ենք, որ ժամկետանց չլինեն, խստորեն ենք մոտեցել այդ հարցին, հետևել ենք, և աշխատել եմ ինչքան հնարավոր է` շատ որակյալ սնունդ վերցնել երեխաների համար»:

Մանկապարտեզի վարիչը վստահեցրեց, որ երեխաների առողջական վիճակը շատ լավ է. «Մեկն էր հիվանդանոցում պառկած, որը վիրուսային խնդիր ուներ` նշիկների բորբոքում, հիմնականում դա է պատճառը, որ երեխայի ինքնազգացողությունը վատ է: Մյուս երեխաները շատ լավ են: Տեղեկություններ ունեմ, որ ծնողները չեն բողոքում, չեն դժգոհում, և երեխաները շատ լավ են զգում: Առաջինը ես ահազանգեցի մեր բժշկուհուն, և մենք որոշեցինք, որ ճիշտը հիվանդանոց տանելն է, որտեղ ստուգումները կարվեն, որպեսզի նորմալանա վիճակը»:

Տեսանյութեր

Լրահոս