«ԲՄՎ X 5»-ը մոտ 10 մ բարձրությունից գլորվել է ձորը (տեսանյութ)
Այսօր ժամը 16.30-ի սահմաններում Աշոցք-Գյումրի միջպետական ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ Ղոչի աղբյուր կոչվող տեղանքումում, «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ավելի քան 10 մ բարձրությունից գլորվել ձորը:
Մեքենայում եղել են վարորդը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 58-ամյա Վաղարշակ Մադոյանը և նրա որդին՝ Դավիթ Մադոյանը: Պատահարի հետևանքով, Վաղարշակ Մադոյանը ստացել է գլխուղեղի և մեջքի վնասվածքներ և ուղեղի ցնցում:
Վիճակը բժիշկները գնահատում են կայուն: Որդին վնասվածքներ չի ստացել: Տղայի պատմելով, Բավրա գյուղից ուղևորվելիս են եղել Երևան, և նրանց դիմաց դուրս եկած մեքենայի հետ բախումը կանխելու համար, հայրը շեշտակի փոխել է մեքենայի ուղղությունը և հայտնվել ձորում:
Անվտանգության բարձիկներն են օգնել, որ տղան վնասվածքներ չի ստացել: Վարորդին մեքենայից դուրս է բերել Աշոցքի հրշեջ-փրկարար Կորյուն Երանոսյանը, ով դեպքի պահին իր մեքենայով անցնելիս է եղել:
Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերություն