
Մենչին երկրորդ անգամ են «այն աշխարհ» ուղարկում

Երկու օր անընդմեջ հայկական ինտերնետային կայքերը գրում էին այն մասին, թե դերասան-շոումեն Արմեն Պետրոսյանը (Մենչ) վթարի է ենթարկվել և մահացել:
«Նայում եմ այստեղ գրած մի քանի մեկնաբանություններին ու ուղղակի զարմանում: Ինչքան են մարդիկ դարձել անսիրտ: Չհաշված այն, որ առավոտվանից ստանում եմ ցավակցական նամակներ, նույնիսկ մոտ մարդիկ են զանգում՝ ճշտելու նպատակով: Այդքանից հետո բացում եմ սյս կայքը ու կարդում եմ ինձ համար շատ տարօրինակ մեկնաբանություններ:
Մեկը գրում ա՝ մարդկանց մի խաբեք, մյուսը փորձում ա ինձ բացատրի, որ շնորհակալություն են հայտնում ոչ թե ինչ-որ բանի մասին, այլ համար))): Անկեղծ եմ ասում, շատ ծիծաղալու ա: Ես ունեմ բարձրագույն կրթություն, և պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ, ով իրեն համարում է գրագետ, հրապարակի կենտրոնում գրել հայերեն թելադրություն ու պարզել, թե ով գրագետ ա, ով՝ անգրագետ, չնայած որ ունեմ ռուսական կրթություն: Եվ մի խորհուրդ մեր բոլոր սոցցանցերի օգտատերերին, պարտադիր չի ամեն հոդվածի տակ թողնեք մեկնաբանություն, եթե իրոք ասելու բան չունեք:
Շնորհակալություն: Եվ Աստված չանի՝ ինչ-որ մեկը հայտնվի նույն դրության մեջ, ինչ ես այսօր»,- սոցիալական ցանցում գրել էր Ա. Պետրոսյանը: Ֆեյսբուքի իր պատին երեկ Մենչը նաև գրել էր. «Ոնց թե Մենչն ավտովթարից մահացել ա: Ժողովուրդ ջան, տարօրինակ բան ա կատարվում, այսօր առավոտյան ժամը 10-ից, մարդիկ վախեցած ձայներով զանգում են ինձ և լսելով, որ պատասխանում եմ` մի պահ լռում են: Ուզում եմ բոլորին ասել շնորհակալություն իմ մասին այդքան մտածելու մասին, բայց այդ անիմաստ ՇՈՒԽՈՒՐԸ սուտ ա: Ես դեռ չեմ պատրաստվում մահանալ»:
168.am-ը դերասանի հետ զրույցում փորձեց պարզել, թե ովքեր են նմանատիպ լուրերի հեղինակները: «Իմ կարծիքով՝ կա՛մ շփոթել են ավտոմեքենան, կա՛մ անունը, կա՛մ ազգանունը: Կասկածելու ուրիշ հիմք չունեմ,- մեզ հետ զրույցում ասաց շոումենն ու ավելացրեց,- 3 տարի առաջ էլ էր նման դեպք եղել, այդ անգամ անունն էին շփոթել: Ուղղակի մեր հայերն այնպես են ներկայացնում. մեկը մի բան է ասում, մյուսը` ճոխացնում է, երրորդն արդեն հաստատում է»: