
Դատարանը հրավիրում է անձամբ Ռուբեն Հայրապետյանին

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ, այսօր հետաձգել է քաղաքացի Հրանուշ Խառատյանն ընդդեմ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ հայցադիմումի գործով նախնական դատական նիստը մինչև նոյեմբերի 22-ը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Այդ նիստին պատասխանող կողմը պետք է ներկայացնի նոտարական կարգով վավերացված լիազորագիր կամ պատասխանողն անձամբ պետք է ներկայանա դատարան և հավաստի, որ 4 փաստաբանների իր շահերը ներկայացնելու մասին լիազորագրում առկա ստորագրությունը պատկանում է իրեն:
Դատարանն այս որոշումը կայացրել էր հայցվոր կողմի միջնորդության հիման վրա:
Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում է հատուցել իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը: Հայցի առարկան «Նուվել դը Արմենի» ամսագրում սեպտեմբերի 7-ին հրապարակված Ռ.Հայրապետյանի հարցազրույցն է, որն, ըստ հայցվորի, պարունակում է իր բարի համբավը, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավը վիրավորող և իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտություններ: Ուստի հայցվորը պահանջում է ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար և հերքել իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտությունները: