«Արմավիան» ավիաօդերևութաբանական ծառայությունների կարիքը չի զգում
Այսօր «Ավիաօդերևութաբանական կենտրոն» ՊՓԲԸ-ի տնօրեն Պավել Մանուկյանը լրագրողներին հայտնել է, որ եթե «Արմավիա» ընկերությունը չվճարի ավիաօդերեւութաբանական տեղեկատվության ծառայությունների դիմաց, ապա այլևս ավիաօդերևութաբանական տեղեկատվություն չի տրամադրվի ազգային ավիափոխադրողին:
«Արմավիա» ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան galatv.am-ի հետ զրույցում նշել է. «Մենք շատ ուրախ կլինենք, եթե նրանք էլ տեղեկատվություն չտրամադրեն, որովհետև ամբողջ աշխարհում չկա մի երկիր, որտեղ ժամանելով` «Արմավիայի» ինքնաթիռները նման տեղեկատվության համար վճարումներ կատարեն: Գոյություն ունի աերոնավիգացիա, որը շատ լավ մատուցում է նույն այդ ծառայությունները, մենք կարող ենք նրանց հետ համագործակցել»:
Նանա Ավետիսովայի խոսքով՝ «Ավիաօդերևութաբանական կենտրոնը» ուղղակի նման ծառայություններ մատուցելով փող է աշխատում, որովհետև վճարովի հիմունքներով նրանք նույն տեղեկատվությունը վճարի դիմաց մատուցում են և´ օդանավակայանին, և´ ավիաընկերությանը, և´ աերոնավիգացիային:
«Մենք պարտավոր չենք իրենց հետ ունենալ ուղիղ կապ: Իրենց ծառայությունը շատ թանկ է, յուրաքանչյուր չվերթի համար նրանք պահանջում են 60 դոլարին համարժեք դրամ: Մենք իրենց դիմեցինք՝ խնդրելով վերանայել այդ գները, կամ դարձնել օրական տարիֆ, ոչ թե ամեն չվերթի համար վճարենք»,- ասել է Նանա Ավետիսովան՝ հավելելով, որ եթե «Ավիաօդերևութաբանական կենտրոնը» «Արմավիայի» հանդեպ իր պահանջների համար պետք է դիմի ՀՀ նախագահին, ուրեմն` դա իրենց իրավունքն է: