«Սպառել ենք մեր սխալվելու լիմիտը»
Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ
– Մի քանի օր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ էր հրավիրել, որին ներկա էիք նաև Դուք: Ինչո՞ւ Կառավարությունը հանկարծ որոշեց պայքարել այդ երևույթի դեմ:
– Նախընտրական փուլում իշխանությունը միշտ գնում է այդպիսի քայլերի, ինչպես վկայում է նախկին փորձը, բայց եթե դա նույնիսկ որոշակի քաղաքական հաշվարկ է պարունակում իր մեջ, և իշխանությունը կարող է օգտագործել այն` քայլեր ձեռնարկել այդ չարիքի վերացման դեմ, ապա կարելի է ողջունել այն: Իսկ ասել, թե դա իրականացվում է ուղղակի նախընտրական փուլի՞ համա՛ր, թե՞ իսկապես, սկզբունքորեն պայքար է տարվելու կոռուպցիայի դեմ` ժամանակը ցույց կտա:
– Երբ տարիներ շարունակ մեր հասարակությունը խոսում էր կոռուպցիայի մասին, Կառավարությունը հերքում էր դա, երբ մեր երկրում տնտեսական ճգնաժամ էր, Կառավարությունը դարձյալ հերքում էր, մինչդեռ հետո Կառավարությունը տնտեսական ցածր ցուցանիշերը պայմանավորեց ճգնաժամով: Ինչպե՞ս հասկանալ Կառավարությանը:
– Վերջին 20-22 տարիներին քաղաքական դաշտում վտանգավոր մշակույթ, իսկ, ավելի ճիշտ` հակամշակույթ է ձևավորվել. երբ բոլորը տեղյակ են լինում ճշմարտությանը, գիտեն` ո՞վ` ի՞նչ է անում, ի՞նչ է ատկատը, ովքե՞ր են գլխավոր «ատկատիստները», ովքե՞ր են եղանակ ստեղծողները դեղերի շուկայում, մենաշնորհ ունեցողները` հանքարդյունաբերության ոլորտում, և այլն, սակայն ճշմարտություն ասելու մենաշնորհը վերապահվում է միայն երկրի նախագահին:
Թե՛ այս գումարման, թե՛ նախկին գումարումների խորհրդարանում, ընդդիմության կողմից միշտ խոսվել է կոռուպցիայի մասին, ինչն իշխանության մեծամասնության կողմից արձագանքվել է` որպես պոպուլիզմ կամ ժողովրդահաճություն, քաղաքական դիվիդենտներ ստանալու միջոց: Մինչդեռ մենաշնորհներից ամենավտանգավորն այն է, երբ ճշմարտությունն ասելու մենաշնորհն ինչ-որ մեկին է վերապահվում, եթե նա նույնիսկ հանրապետության նախագահն է: Իսկ այդ մենաշնորհը ձևավորեցինք մեր երկրի թվացյալ ժողովրդավարության փուլում:
– Ինչո՞ւ: Ընդդիմությո՞ւնն է թուլացել:
– Խնդիրն ընդդիմության թույլ կամ ուժեղ լինելը չէ, այլ մեր հասարակության մեջ է: Այսօր մեր հասարակությունն ինչ-որ չափով կորցրել է պայքարելու ունակությունը, անհրաժեշտ իմունիտետը` ճնշումների, այլասերվածության նկատմամբ, ինչին մեծապես նպաստել է այն, որ ժողովրդի մի զգալի հատվածի զայրույթն ու պայքարի կամքը ժողովրդի հետ արտագաղթել է և շարունակում է արտագաղթել:
Եվ հարցը վերլուծել այդ հարթության վրա` ասելով, թե իշխանությունն ուժեղ է, ընդդիմությունը` թույլ, ճիշտ չէ, քանի որ հասարակությունն է, որ կարող է ուժեղացնել ընդդիմությանը կամ թուլացնել իշխանությանը: Ամեն դեպքում այսօր մեր հասարակությունն ունի այն ընդդիմությունը և իշխանությունը, ինչին արժանի է, և թող որևէ մեկը չվիրավորվի, երբ ասում են` ամեն մի ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Ներկա քաղաքական իրողությունները մեր ժողովրդի հավաքական կերպարի արտացոլումն են: Նույնիսկ կարևոր չէ, թե ինչպե՞ս է ձևավորվել այդ իշխանությունը` փող բաժանելով, բռնանալով, ահաբեկելո՞վ թե՞ այլ միջոցներով, որովհետև թույլ ենք տվել, որ մեզ պարտադրեն իշխանություն:
– Եթե փետրվարին վերարտադրվի իշխանությունը, ապա հասարակությունն ո՞ւր կգնա:
– Մեր ժողովրդի հավաքական իմաստությունը նույնիսկ ամենաանհավանական թվացող դեպքերում միշտ գտնում է անհրաժեշտ լուծումներ: Այդ օրինաչափությունը մեր պատմությունն է արձանագրել, բայց այսօր, իսկապես, սպառել ենք մեր սխալվելու լիմիտը, այլևս չկա տարածություն, որտեղ կարելի է օգտվել սխալվելու իրավունքից:
– Իսկ այսօր հասարակությունն ունի՞ առաջնորդի խնդիր, ինչպես 2008թ. էր:
– Միշտ թերահավատորեն եմ վերաբերվել բոլոր այն սպասումներին, որոնք պայմանավորել են անհատով` ֆետիշացնելով անհատի գործոնը: Նման մոտեցումը վտանգավոր է և հարիր չէ ժողովրդավարական պետություններին:
Գալիս է ինչ-որ պահ, երբ հասարակությունը տեսնում է, որ իր կերտած կուռք-կերպարը վերածվում է հակակերպարի. մենք այս տարիների ընթացքում, կարծում եմ` «ճաշակել» ենք դրա սերն ու դառնությունը: Ես կարևորում եմ քաղաքացիական հասարակության ձևավորումը, որը, թեկուզ դանդաղ, բայց հաստատակամորեն նվաճում է իր տեղը հասարակության մեջ: Բայց այստեղ, կարծում եմ` առկա է մի վտանգավոր միտում` քաղաքացիական հասարակության մեջ ներգրավված որոշ ներկայացուցիչներ ինքնահաստատման համար մերժում կամ բացառում են քաղաքական ուժերի անհրաժեշտությունը` պատճառաբանելով դա իրենց գնահատմամբ` քաղաքական դաշտի որակով:
Գնահատականների հետ ինչ-որ առումով կարելի է նույնիսկ համաձայնել, բայց այն շահարկել, և բացառել այս իրավիճակում քաղաքական ուժերի անհրաժեշտությունը` կարծում եմ` եսակենտրոնության դրսևորում է: Կայացած հասարակություններում քաղաքացիական կառույցները քաղաքական ուժերի հիմնական ուղղորդողներից են, և ոչ թե` հակառակորդը:
– Պարոն Հակոբյան, իսկ Կառավարության հակակոռուպցիոն պայքարի խորհրդի նիստին քննարկվեցի՞ն կոռուպցիայով զբաղվող պաշտոնյաների անուններ: Ի՞նչ գնահատական կտաք այդ նիստին:
– Առայժմ չեմ ուզում տալ գնահատականներ, քանի որ սպասում եմ հետագա զարգացումներին: Ինձ համար հետաքրքիր էր այն հանգամանքը, որ տարիներ շարունակ գործադիր իշխանության համակարգում կան կոռուպցիայի դեմ պայքարող հանձնաժողովներ, այնինչ մինչ օրս հասարակությանը տեսանելի որևէ դրական արդյունք չի գրանցվել:
Ավելին` այս ընթացքում կոռուպցիան չի զիջել իր տեղը` դառնալով ավելի կառուցվածքային: Իմ ելույթում ասացի, որ պետք է հրաժարվել այդ հանձնաժողովներից: Գործադիր իշխանությունն ինքն իր համար ձևավորում է հանձնաժողով, որպեսզի այն պայքարի իր դեմ: Դա նոնսենս է: Անտրամաբանական է, որ նույն իշխանության մեջ իշխանությունը ձևավորի հանձնաժողով, որը կարող է պայքարել իր դեմ: Դա բնական չէ: Իմ առաջարկությունն այն էր, որ ստեղծվի միասնական համապետական հանձնաժողով, որը նախ` վստահելի, համոզիչ լինի ժողովրդի համար, և որտեղ ընդգրկվեն ընդդիմության կողմից ներկայացուցիչներ:
Այդ հանձնաժողովը պետք է գործի թափանցիկ և պարբերաբար պետք է հաշվետվություն ներկայացնի հասարակությանը, թե ի՞նչ է արել, այսինքն` աշխատանքի արդյունքը: Հակառակ դեպքում` այս ամենն անիմաստ ու անպտուղ աշխատանք է: Եթե պետության մեջ բարձրագույն իշխանության ներկայացուցիչները` ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, ուժային կառույցների ղեկավարները, միջնորդավորված կամ ուղղակի կապ չունենան կոռուպցիայի հետ, ապա ստորին օղակները, հավատացեք, չեն մտնի կոռուպցիոն դաշտ:Այստեղ պետք է փնտրել կոռուպցիայի կենսունակության արմատը:
– Սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահը` Կառավարությունում կայացած հայտնի խորհրդակցության ժամանակ հայտարարեց, թե կոռուպցիայի դեմ պայքարելիս պետք է բռնել շնաձկան գլխից: Այսինքն` ի դեմս Կառավարության ղեկավարների` իրենք արդյո՞ք կբռնեն այդ «գլուխները»:
– Նախագահի այդ հայտնի ելույթից հետո առայժմ չի երևում, որ, իսկապես, շահագրգռված են հասնել շնաձկներին: Այն, ինչ հիմա արվում է` մեծ «գլուխներ» չեն, իսկ հասարակությունը հետևում է` արդյո՞ք խոսքին գործ կհաջորդի, թե՞ ոչ:
– Սպասո՞ւմ եք կոնկրետ անունների հրապարակման:
– Հնարավոր է` նույնիսկ առանձին անուններ հնչեցվեն: Կոնկրետ անուններ ասելը դեռ քիչ է, երբ չկա այն մարմինը կամ հանձնաժողովը, որ կարող է` սկզբից մինչև վերջ, տրամաբանական ավարտին հասցնել պատճառահետևանքային կապը: Այդ պայքարը չպետք է լինի իրավիճակային, միայն նախընտրական: Ցավոք, մենք չունենք և չենք ցանկանում, գոնե առայժմ, ստեղծել մեխանիզմներ, որոնք կարող են հետևողականորեն պայքարել կոռուպցիա երևույթի դեմ, որը մեր պետության կայացման գլխավոր խոչընդոտներից է: Սա է գլխավոր խնդիրը: