Բաժիններ՝

«Մրցանակը չի կարող համեմատվել այն երջանկության հետ, որ ինչ-որ նոր բան ես բացահայտում». Նոբելյան մրցանակակիր

«Նոբելյան մրցանակն այնքան մեծ է, որ որևէ մեկը չի կարող ակնկալել, թե հնարավոր է հասնել դրան։ Այդ լուրն իմանալով՝ ես ցնցվել էի և երկար ժամանակ չէի հավատում, որ արժանացել եմ այդ մրցանակին։ Ես ունեմ նույն ոլորտում աշխատող շատ գործընկերներ, որոնք ինձնից շատ ավելի լավ գիտնականներ են, սակայն ես ավելի բախտավոր գտնվեցի: Մրցանակ ստանալու երջանկությունը, սակայն, չի կարող համեմատվել այն երջանկության հետ, երբ դու որպես գիտնական՝ ինչ-որ նոր բան ես բացահայտում, սա շատ ավելի մեծ երջանկություն է, քան զուտ մրցանակ շահելը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Նոբելյան մրցանակակիր Թիմ Հանթը:

Նա բջջի բաժանումը կարգավորող սպիտակուցների՝ ցիկլինների հայտնագործողն է, ինչի համար Լելանդ Հարթվելի և Փոլ Ներսի հետ համատեղ 2001թ. արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում։

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, Մատենադարանի նորակառույց մասնաշենքում տեղի ունեցան Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթի և Մարտին Չալֆիի հանրային դասախոսությունները։

Թիմ Հանթի դասախոսությունը նվիրված էր քաղցկեղի հիմնախնդիրներին։ Նրա խոսքով՝ քաղցկեղը հիմնականում ծերերի հիվանդություն է։ Ըստ գիտնականի, սակայն, գիտության և առողջապահության զարգացման շնորհիվ անցած մեկ դարում քաղցկեղի որոշ տեսակներ անհետացել են, մասնավորապես` ստամոքսի քաղցկեղը, որն այսօր շատ հազվադեպ է հանդիպում։ Փոխարենը, սակայն, շատացել են քաղցկեղի այլ տեսակներ, օրինակ, թոքի քաղցկեղը, որը հիմնականում պայմանավորված է ծխելու հանգամանքով։

«Այսօր ծխողների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդ կանայք, ինչը ցավալի է, քանի որ ծխախոտի ծուխն արտադրում է քիմիական նյութեր, որը վնասում է ԴՆԹ-ն»,-ասաց Թ. Հանթը՝ ներկայացնելով քաղցքեղի առաջացման պատճառները, զարգացման փուլերը և այլն:

Այս օրերին Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթը և Մարտին Չալֆին գտնվում են Հայաստանում: Նոբելյան մրցանակակիրների՝ Թիմ Հանթի «Քաղցկեղի հիմնախնդիրները» և Մարտին Չալֆիի «Կանաչ ֆլյուորեսցենտային սպիտակուց լուսավորելով կյանքը» հանրային դասախոսություններին երեկ մասնակցում էին կենսաբժշկության, մոլեկուլային կենսաբանության և հարակից ոլորտներում ներգրավված ավելի քան 180 երիտասարդ գիտնականներ և ուսանողներ: Իսկ արդեն երեկոյան Նոբելյան մրցանակակիրները երիտասարդ գիտանականների հետ կիսեցին հաջողակ գիտնական դառնալու գաղտնիքները (այս ամենի մասին մանրամասն կարող եք կարդալ վաղվա «168 Ժամ» թերթի տպագիր համարում):

Նշենք, որ Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունները կազմակերպվել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ նախաձեռնությամբ և ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի, Մատենադարանի աջակցությամբ։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս