Միջնորդներ` ընդդեմ խաղաղարարների
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՄԱԿ-ի ու Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Իբրահիմիի հանդիպման նախօրյակին պաշտոնական Մոսկվան պարզ դարձրեց իր պատկերացումը սիրիական հանգուցալուծման ուղղությամբ: Լիակատար և երաշխիքային հրադադարի համար միակ առաջարկը, ըստ Մոսկվայի, ՄԱԿ-ի դիտորդների և խաղաղապահ ուժերի տեղակայումն է Սիրիայի տարածքում։ Թեև Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու նախագահի Միջին Արևելքի հարցերով խորհրդականը վերջնական տեսք չի տվել ռուսական առաջարկին, այսուհանդերձ, երբ ասվում է, թե Մոսկվան պատրաստակամ է դիտարկել Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների և խաղաղարարների տեղակայման հարցը, նշանակոմ է, որ ոչ թե դիտարկումից անդին պատրաստ է միայն քննարկելու, այլ նաև այդ գծով առաջարկ անելու և աշխատելու, որ այդ առաջարկը վերածվի որոշման:
Ռուսական այս առաջարկը բախվում է թուրքական մերժմանը, որը դիվանագիտական ձևերով հրապարակայնորեն մերժում է այն, եթե ոչ անպայման հակա-առաջարկ, գեթ փոխ-առաջարկ ներկայացնելով: Անկարան եռակողմ ձևաչափով կայանալիք համաձայնության մեջ է տեսնում Սիրիայի հանգուցալուծումը. այստեղ մանրամասնված է նաև եռակողմի բովանդակությունը` Թուրքիա, Ռուսասատան և Իրան:
Դիվանագիտական բառապաշարով այս առաջարկը իր հերթին արձագանգ է գտել Ռուսաստանից: Մոսկվան սկզբունքորեն համաձայն է ձևաչափի այս բաղադրությանը, սակայն, ըստ ռուս դիվանագետ ներկայացուցչի, գոյություն ունեն ձևաչափի տարբեր տարազներ` Թուրքիա- Իրան-եգիպտոս և Թուրքիա-Եգիպտոս-Սաուդյան Արաբիա:
Միաժամանակ, նկատվում է միջազգային ընտանիքի այլ առնչված կողմերի համեմատական կրավորականությունը, գեթ առ երևույթ: Հարցի լուծման հստակ առաջարկներ չեն հնչում այս կամ այն կողմից և հայտարարությունները մնում են կարգախոսային բովանդակության սահմաններում: Հունիսին էր, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամները հատուկ հաղորդագրությամբ նախատեսել էին ձևավորել անցումային կառավարություն:
Անցումային կառավարության անտեսանելիությունն է փաստորեն, որ մշտական անդամներից մեկին մղում է նոր առաջարկով հանդես գալու: Նախադրյալները հուշում են, որ ռուսական առաջարկը միջազգային ընտանիքի կողմից կարող է քննարկման առարկա դառնալ: Ի վերջո, զինվորական բախումներով հատկանշվող հակամարտության գոտիների համար նախատեսված ընթացակարգ է խաղաղապահ ուժերի առաքումը, մանավանդ քաղաքացիական ընդհարումների դեպքում։
Չի բացառվում, որ որևէ հակամարտության լուծում նաև, ըստ միջազգային համաձայնության, հանձնվի միջնորդական առաքելություն իրականացնող կողմերին: Այս ևս օրինաչափ է իբրև պրակտիկա և միջազգային պայմանագրի հիման վրա կիրառելի որոշում: Այս դեպքում սակայն միջնորդական ձևաչափի բաղադրության անորոշությունը և առաջարկողի կողմից տարբեր պատկերացումներ հրապարակ նետելը չի օգնում, որ սկզբունքի շուրջ համաձայնություն գոյանա: Ռուսական արձագանգը այդ մասին է վկայում` «համաձայն, բայց…»:
Մոսկվայի և Անկարայի պատկերացումները կարող են նույնիսկ իրար լրացնել, եթե անշուշտ ընդհանուր համաձայնությունը կայանա: Զինվորական տեղակայումներին զուգահեռ միջնորդական առաքելությունները կարող են աշխատել: և կամ միջնորդները կարող են խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտության հանգել ու դիմել միջազգային ընտանիքին:
Այս բոլորը դեռ ճանապարհ ունեն անցնելու: Հստակ է, որ սիրիական խնդիրը հայտնվել է երկու հիմնական ուղղությունների առանցքներում։ Իսկ Մոսկվան և Անկարան դեռեվս չեն համաձայնել խնդրի լուծման ընդհանուր սկզբունքների շուրջ:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր