««Gallup International Association»-ի արդյունքներն ինձ ոչինչ չեն ասում. ոչ լավ, ոչ վատ»

«Gallup International Association»-ի հայկական գրասենյակի հարցումների արդյունքները  չեն կարող ոգևորության կամ հիասթափության հիմք հանդիսանալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ խոսելով «Gallup International Association»-ի հայկական գրասենյակի հարցումների մասին: Հիշեցնենք, որ համաձայն այդ հարցումների` Հայաստանի 1067 բնակիչների 39 տոկոսը երկրի ներկա տնտեսական վիճակը միջին է գնահատում, 31 տոկոսը՝ վատ, 22 տոկոսը՝ շատ լավ, 5 տոկոսը` լավ, 2 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին,  շատ լավ՝ միայն 0,5 տոկոսը:

«Ցանկացած հետազոտություն պետք է ոչ միայն պարզ հարցումների շնորհիվ լինի. հարցումներին ընդհանրապես շատ լուրջ չեմ վերաբերվում, քանի որ հարցումները կարող են ունենալ տպավորիչ, համոզիչ արդյունք այն դեպքում, երբ դրանք իրականացվում են, առաջինը` ամբողջ երկրով մեկ, բոլոր մարզերում, հարցվողները բոլոր սոցիալական խմբերից են՝ բոլոր տարիքային, սեռական, և այդ դեպքում միայն կարելի է փորձել ինչ-որ ընդհանրացումների մասին խոսել: Այս պարագայում, այն, ինչի մասին ասում  եք, ի հարգանս այդ կազմակերպության, որը որոշակի հեղինակություն, այնուամենայնիվ, ունի, ես կարծում եմ, որ դա մեզ համար ոչ մխիթարական է, ոչ էլ ինչ-որ հիմք կարող է հանդիսանալ կա՛մ ոգևորության համար, կա՛մ հակառակը»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:

Ըստ տնտեսագետի՝ իրենք ունեն իրենց ուսումնասիրությունները, կա նաև  վիճակագրական վերլուծություն, որը ցույց է տալիս, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանը, որքան է կազմում աղքատության շեմից ներքև գտնվողների թիվը, նվազագույն աշխատավարձը:

«Ես տնտեսագետ եմ, և` «հարցումները ցույց տվեցին» արտահայտությունն ինձ առանձնապես սրտամոտ չէ: Արդյունքներն ինձ ոչինչ չեն ասում. ո՛չ լավ, ո՛չ վատ, որովհետև այդպես կարող են քաղաքական գործիչների մասին կարծիք հայտնել, բայց ոչ՝ տնտեսության: Տնտեսությունը շատ կոնկրետ և շատ զգայուն օրգանիզմ է, և դրա մասին միայն փաստերով կարելի է դատողություններ անել: Ի՞նչ դինամիկ փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանում:

Կարդացեք նաև

Օրինակ՝ ազգաբնակչության թիվն ավելանո՞ւմ է, թե՞  կրճատվում: Պարզվում է, որ կրճատվում է մեզ մոտ, որի մասին վիճակագրության ծառայությունը հայտնեց, որքան է կազմում կենսապահովման նվազագույն զամբյուղը, իրականում ստացվում է, որ նվազագույն աշխատավարձը դրանից շատ է զիջում, 50.000 և ավելի զամբյուղն է կազմում, և նվազագույն աշխատավարձը հունվարից կլինի 35.000: Սրա մասին պետք է մտահոգվել, թե չէ անլուրջ եմ կարծում, որ անընդհատ մենք նայենք, թե ով կողքից ինչ ասաց: Ինձ թվում է` ժամանակն է, որ մենք ապավինենք մեր ուժերին և հասկանանք, թե ինչ է իրականում տեղի ունենում Հայաստանում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս