Ֆլոր Կլինկերսի մարգարտյա զարդերն արդեն վաճառքում են (լուսանկարներ)

Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցավ փակ հանդիպում հոլանդացի արվեստագետ Ֆլորա Կլինկերսի հետ: Նա աշխարհին հայտնի է իր մարգարտյա զարդերի հավաքածուներով:

Ֆլորա Կլինկերսը համոզված է, որ կնոջ համար ավելի հաճելի և յուրօրինակ զարդ, քան մարգարտյա զարդն է` չկա: Այդ իսկ պատճառով հոլանդացի արվեստագետը որոշել է ստեղծել զարդեր հենց մարգարտից: «Մարգարիտը համարվում է հավերժական սիրո, երջանկության զարդ: Ես երկար ժամանակ ճանապարհորդում էի: Եղել եմ աշխարհի տարբեր երկրներում, զբաղվել եմ շատ աշխատանքներով, տեսել եմ շատ հետաքրքիր վայրեր, շատ բաներ եմ փորձել, բայց այս աշխատանքն ինձ համար այլ է: Տեսնելով և ծանոթանալով բազմաթիվ մշակույթներին, մարդկանց կենցաղներին, ես հասկացա, որ պետք է վերադառնամ իմ հայրենիք և ստեղծեմ զարդեր հենց մարգարտից, քանի որ այն մնայուն է: Մարգարիտն այն հրաշքն է, որը սազում է բոլորին, որը ցանկալի է բոլոր կանանց համար: Երբ ես նայում եմ մարգարտին, այն անմիջապես պատկերացնում եմ կնոջ վրա: Մանավանդ, եթե կինը ծնվել է հունիս ամսին, ապա անպայման պետք է կրի մարգարտե զարդ, քանի որ մարգարիտը հենց հունիս ամսվա խորհրդանիշն է»,- ասում է արվեստագետը:

Ֆլոր Կլինկերսի մարգարտյա զարդերն այսուհետ հնարավոր կլինի ձեռք բերել «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի թանգարանի խանութում, որն այսուհետ կդառնա արվեստագետի մարգարտյա զարդերի միակ պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում:

Լուսանկարները` Սերժ Դավիդովի

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս