Առաջնայինը ոչ թե գիտության, այլ մարդու բարեկեցության խնդիրն է
«168 Ժամի» զրուցակիցն է ՀՀ վարչապետին կից Տեղեկատվական տեխոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
– Արդեն 10 տարուց ավելի է` ՏՏ ԶԱԽ-ը գոյություն ունի, 10 տարուց ավելի է նաև՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակա ճյուղ է հայտարարվել: Ինչպե՞ս եք գնահատում ոլորտի զարգացումն այդ տարիների ընթացքում:
– Ոլորտի զարգացումը պետք է դիտարկել երկու կողմից: Եթե համեմատում ենք աշխարհում ոլորտի զարգացման հետ` մենք բավական հարցերում դանդաղ ենք աշխատում, չենք կարողանում ապահովել մաքսիմալ ներդրումներ, մաքսիմալ մասնագետների պատրաստում, և մեր ամբողջ պոտենցիալը չենք կարողանում օգտագործել:
Սակայն, եթե համեմատում ենք երկրի ներսում գոյություն ունեցող այլ ոլորտների և տնտեսության այլ ճյուղերի հետ, ապա մենք բավական առաջատար ենք: Մեր ոլորտը բավական կազմակերպված է: Բացի այդ, ոլորտում աշխատող մարդիկ իրենք ինտելեկտուալ բարձր մակարդակի վրա են գտնվում, որովհետև ՏՏ գործիքները պահանջում են, որ դու լինես գրագետ և կարդացած և որոշակի հմտությունների տիրապետես, հակառակ պարագայում դու պարզապես չես կարող լինել այդ ոլորտի անդամ: Բարեբախտաբար, դա նաև մեր ոլորտի առավելությունն է. մեր ոլորտում աշխատող մարդիկ բարձր ինտելեկտով մարդիկ են և տիրապետում են այսօրվա ամենաժամանակակից գործիքներին` համակարգիչ և այլ սարքեր:
Նրանք այդ ամենը օգտագործում են ոչ թե միայն հաճույք ստանալու, այլև բիզնես անելու համար, և այդ առումով մենք առաջ ենք մնացած ոլորտներից: Եթե ուրիշ տեղ 3-4 %-ի աճ է, ապա մեր մոտ ամեն տարի 30%-ի աճ է` նախորդ տարվա համեմատ: Այս 10 տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ, ամեն տարի 20-30 % աճ ենք ապահովում:
– Խնդիրների մասին խոսենք: Ի՞նչ խնդիրներ կան ոլորտում:
– Առաջ մեր ամենախանգարող խնդիրը ինֆրաստրուկտուրան էր` ինտերնետ, «ԱրմենՏելի» մենաշնորհ, և այլն: Երբ այդ ամենը վերացվեց, միանգամից մեր առջև մի մեծ հորիզոն և ազատ աշխատելու հնարավորություն բացվեց: Փառք Աստծո, այսօր սահմանների խնդիր չկա, ինտերնետով դու կարող ես ուղարկել քո «ապրանքը», լավ ինտերնետ ունենալու պարագայում, գիշեր թե ցերեկ, կարող ես աշխատել աշխարհի ցանկացած կետի հետ:
Այսինքն` համաշխարհային ցանցում որևէ խանգարող խնդիրներ չկան` ոչ սահմանների, ոչ ազգության, և ոչ էլ ժամանակային: Ինտերնետի գինը գնալով էժանանում և մատչելի է դառնում: Ցանկացած մարդ և ցանկացած կազմակերպություն այսօր կարող է այդ միջոցներից օգտվել և առաջընթաց ապահովել: Դա առաջին գործոններից մեկն էր, որ նպաստեց ոլորտի զարգացումներին: Երկրորդ կարևոր գործոնը մեր համայնքի կազմակերպված լինելու հանգամանքն է, այսօր, բացի մեր խորհրդից, որն ունի 50-ից ավելի անդամ, որտեղ ամեն տարի 15 անդամ ռոտացիոն կարգով ընտրվում է, որն ակտիվ աշխատում է վարչապետի հետ, որովհետև հնարավոր չէ այդ բոլոր ընկերություններին հրավիրել վարչապետի մոտ:
Այսօր գործում է նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, որը բավական ակտիվ գործունեություն է ծավալում: Շնորհիվ այդ միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, այսօր մենք ունենք հզոր մի կառույց, որը լուրջ ընդդիմախոսի դեր է կատարում Կառավարությանը` իր գաղափարներով և առաջարկներով, ինչպես նաև՝ իր ակտիվ գործունեությամբ լավ «դրայվերի» դեր է կատարում: Միությունը ամենատարբեր միջոցառումներ է կազմակերպում. «ԴիջիԹեք» ցուցահանդեսի կազմակերպում, Պաշտպանության նախարարության հետ համագործակցության առումով բավական ակտիվ է աշխատում, ռոբոտաշինության ուղղությամբ է քայլեր ձեռնարկում:
– Նշեցիք, որ այսօր արդեն լուծվել է ինտերնետի հարցը, ինքնակազմակերպման հարցը` կան տարբեր կառույցներ, որոնք փորձում են համախմբել և կազմակերպել և, ինչո՞ւ չէ, նաև իրենց առաջարկները ներկայացնել կառավարությանը: Ի՞նչ խնդիրներ կան այսօր ոլորտում:
– Այսօր ՏՏ-ին վերաբերող ամենալուրջ խնդիրը որակյալ աշխատուժ ունենալու խնդիրն է, երկրորդ կարևոր խոշոր խնդիրը` մեր մասնագետներին Հայաստանում պահելու խնդիրն է: Այսինքն` կրկին մասնագետների խնդիրն է, որն ինչ-որ տեղ գալիս է մեր երկրի ընդհանուր խնդիրներից: Մեր լավ մասնագետները գնում են Հայաստանից: Նրանք դրսում ավելի ազատ կյանքով են ապրում, այն առումով, որ այնտեղ կենցաղային հարցերով իրենց գլուխները չեն ծանրաբեռնում:
Մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ մեր մասնագետները և մեր պատրաստած կադրերը չգնան: Սակայն դա՝ նրանց գնալը, ինչ-որ տեղ վերջնական կորուստ չի նշանակում, որովհետև այն օրը, երբ մենք Իսրայելի նման կկարողանանք դառնալ հզոր, ուժեղ պետություն, այդ մարդիկ՝ բոլորը, հետ կգան Հայաստան, և այս անգամ արդեն իրենք նոր հմտություններով, իրենց պատրաստվածությամբ ներդրումներ կկատարեն այստեղ: Բայց մենք այսօր պետք է առաջին հերթին լուծենք մի խնդիր` սիրել, հարգել մեր ժողովրդին, որովհետև հենց որ մենք սկսեցինք սիրել, հարգել մեր ժողովրդին, սովորական մարդուն, գյուղացուն, քաղաքացուն, որը պետք է առնվազն ապահովված լինի մինիմում պայմաններով, այդ ժամանակ կարելի է հաշվել, որ մենք դարձել ենք աշխարհի ամենալավ երկիրը:
– Տեխնոլոգիաների զարգացումն ընդհանրապես, նախևառաջ՝ կապ ունի գիտության հետ: Այսինքն` առանց գիտության տեխնոլոգիան չի կարող զարգանալ, և՝ հակառակը: Այս կապը հիմա Հայաստանում ինչպե՞ս է: Արդյո՞ք գիտության վիճակն այսօր Հայաստանում նպաստավոր է տեխնոլոգիաների զարգացման համար:
– Այսօր աշխարհն այնքան է փոքրացելգ նման կերպ մենք կարող էինք խոսել սրանից մոտ 20-30-50 տարի առաջ, երբ տեխնոլոգիաները ստրատեգիական արժեք ունեին: Բայց այսօր աշխարհն ուրիշ ճանապարհ է ընտրել: Այսօր աշխարհը 99%-ով բաց է տեխնոլոգիաների առումով: Արտասահմանյան ընկերություններն, օրինակ, այսօր Հայաստանում կարող են գտնել խելացի ուղեղով մեկին, ով առկա տեխնոլոգիաների հիման վրա կարող է նոր բան ստեղծել: Այսինքն` գիտությունը մաքսիմալ բաց է:
Այսօր այն երկիրը, որը մեծ գումարներ կներդնի, այդ երկիրն էլ կարող է զբաղվել գիտությամբ: Այսօր միակ գործոնը, որը հնարավորություն է տալիս պետություններին զբաղվել գիտությամբ` ֆինանսական ներդրումներն են, որովհետև մեծ ներդրումների խնդիր կա, իսկ մասնագետների խնդիր ոչ մեկը չունի: Այսօր որևէ մեկը Հայաստանից կարող է գնալ որևէ երկիր կամ ուղղակի ինտերնետով բարձր աշխատավարձով աշխատել դրսի որևէ ընկերության համար:
Աշխատաշուկան ազատ է, և մասնագետը կարող է գնալ ցանկացած տեղ: Իսկ մեծ խնդիրներ կարող են լուծել այն երկրները, ովքեր մեծ գումարներ են ներդնում գիտության մեջ: Մենք խնդիր չունենք Հայաստանում, որ մենք աշխարհից հետ ենք մնալու, քանի որ գիտության մեջ չենք կարողանում ներդրումներ անել: Մենք օգտվում ենք այն բոլոր բարիքներից, որ գիտությունը ստեղծում է աշխարհում:
Միայն մեծ գումարներ ներդնելու դեպքում կարող ենք դառնալ այդ խաղի մասնակիցներից մեկը: Փող ունե՞ս` ներդրում արա գիտության մեջ: Ընդ որում՝ դա միայն գիտությանը չի վերաբերում, նույնն է նաև սպորտի և մշակույթի ոլորտում: Այսօր աշխարհում լավ են խաղում ֆուտբոլային այն թիմերը, որտեղ մեծ գումարներ են ներդրված, որտեղ ֆուտբոլը բիզնես է դարձել, որտեղ ֆուտբոլիստին 40-50 մլն եվրո են տալիս: Նման պայմաններում մենք կարո՞ղ ենք մրցակից լինել, հայկական մի թիմ կարո՞ղ է մրցել, օրինակ, Իսպանիայի թիմի հետ: Նույնն էլ գիտության մեջ է, արվեստի մեջ, ֆիլմարտադրության մեջ, և այլն: Եթե Եվրամիության անդամ լինենք, ապա ավելի հեշտ կլինի մեզ համար, քանի որ մի պետության համար առանձին դժվար է, պետք է միասին գործել և միասնական գործընթացների մասնակիցը լինել:
– Արդյոք այսօր բավարար ֆինանսավորում հատկացնո՞ւմ ենք գիտությանը՝ ելնելով մեր պայմաններից:
– Մենք բավարար գումարներ չենք հատկացնում, բայց մյուս կողմից՝ մենք չենք կարող գիտությանը գումարներ հատկացնել ինքնանպատակ: Գիտության ֆինանսավորման խնդիր, իհարկե, տեսնում եմ: Այսօրվա ֆինանսավորումը շատ քիչ է, որովհետև այսօր շատ խնդիրներ կան, որ Հայաստանի համար պետք է լուծումներ ստանան: Հայաստանյան փոքր ընկերություններին պետք է հնարավորություն տալ, որ նրանք աշխատեն և գտնեն լուծումներ:
Հետագայում հնարավոր է՝ այդ ընկերություններն աճեն և հզորանան: Սակայն ամենակարևոր խնդիրը մեզանում այն է, որ մեր երկրում քաղաքացիները, մարդիկ պետք է լավ ապրեն: Ես չեմ կարծում, որ այսօր գիտության խնդիրն առաջնային է: Յուրաքանչյուր մարդ այսօր իր աշխատավայրում պետք է իրեն մարդ զգա, դառնա հասարակության ակտիվ անդամ՝ ցանկացած ոլորտում՝ գյուղատնտեսությո՞ւն, թե՞ տեղեկատվական տեխնոլոգիաներ, մարդ պետք է իր երկրում իրեն տեր զգա:
– Այդպիսով մենք երկրորդային երկիր չե՞նք դառնում, երբ ուրիշը ստեղծում է, իսկ մենք ուրիշի ստեղծածի ընդամենը մի մասնիկն ենք:
– Իսկ ո՞վ ասաց՝ դու թելադրի բրենդ: Եթե մենք կարողանանք դառնալ բրենդային որևէ ոլորտում առաջատար երկիր, իրենք չեն գնա այլ երկիր, այլ կգան Հայաստան: Մենք պետք է կարողանանք մեր երկրում շատացնել բրենդային ուղղությունները և մեծ արդյունքներ ստեղծել և մեր ինտելեկտուալ պոտենցիալով առաջ գնալ: