Ապրելու ենք վատ, բայց լավ պաշտպանված
Այսօր կառավարությունն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի քննարկմանն էր ներկայացրել 2013թ. բյուջեի նախագիծը: Այդ նախագծով նախատեսվում է, որ բյուջեի եկամուտներն աճելու են: Նշանակում է, որ աճելու են նաև ծախսերը: Բյուջեի նախագծով նախատեսվում է, որ 2013թ. Հայաստանի ՀՆԱ աճը կազմելու է 6,2 տոկոս: Այս տարի ՀՆԱ-ի աճն արդեն մոտենում է 7 տոկոսին, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է ավելացնել աճի տեմպերը, և կառավարությունը կատարում է հանձնարարականը:
Չնայած նման անշեղ տնտեսական աճին, այն ոչ մի կերպ չի անդրադառնում մարդկանց կենսամակարդակի վրա: ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ հարցրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին, թե արդյոք ինքը ճի՞շտ է հասկացել, որ 2013թ. բյուջեի նախագիծը եկամուտների աճ չի նախատեսում: Գաբրիելյանը պատասխանեց`այո: Մելքումյանն արձանագրեց, որ դա նշանակում է, որ մարդիկ հաջորդ տարի 4 տոկոսով ավելի վատ են ապրելու, քան այս տարի:
Տրամաբանությունը շատ պարզ է. եթե պետությունն աշխատավարձերի բարձրացում չի նախատեսում, եթե մարդկանց եկամուտները չեն ավելանում, բայց գների աճը նախատեսվում է 4 տոկոսի սահմաններում, ապա պարզ է, որ մարդիկ նույն գումարով 2013թ. 4 տոկոսով պակաս ապրանքներ և ծառայություններ են ձեռք բերելու, քան այս տարի: Նույնանման վիճակ է նաև այս տարի, և այդպես էր նախորդ տարի: Մեկ այլ պատգամավոր` ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, հաշվել է, որ 2011թ. ՀՀ քաղաքացիների իրական եկամուտները պակասել են 1,8 տոկոսով:
Հայաստանը տնտեսական անշեղ աճ է արձանագրում, իսկ Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակն՝ անշեղ անկում: Որտե՞ղ է գաղտնիքը: Հաջորդ տարվա բյուջեով ամենամեծ ավելացումները նախատեսվում են պաշտպանության ոլորտում: Այս ավելացման փաստն ընդունում են բոլորը և համարում են, որ լավ է, որ պաշտպանության համար նախատեսված ծախսերն ավելանում են, քանի որ դրանով ավելանում է Հայաստանի պաշտպանվածությունը: Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական բյուջեն, և Հայաստանը պարտադրված է համարժեք արձագանքել:
Մի խոսքով, Հայաստանի քաղաքացիները 2013թ. ապրելու են ավելի վատ, բայց լինելու են ավելի պաշտպանված: Լա՞վ է դա, թե՞ վատ: Տասնյակ-հազարավոր ՀՀ քաղաքացիներ այս հարցին պատասխանում են՝ մեկընդմիշտ Հայաստանը լքելով, որովհետև նրանք ուզում են ապրել և՛ ավելի լավ, և՛ ավելի պաշտպանված: Նրանց համար լավ ապրելու կամ պաշտպանված լինելու միջև առաջարկվող երկընտրանքն ընդունելի չէ: