Բաժիններ՝

Սամվել Ճզմաչյան. «Բանկերն իրենց ուսերին են տանում ճգնաժամային բեռը»

Հարցազրույց «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի հետ

 

 – Պրն Ճզմաչյան, վերջերս «Անելիք Բանկի» կանոնադրական կապիտալում  CreditBank s.a.l-ի մասնակցության չափը հասցվեց 89,95%-ի, իսկ ձեր մասնակցության չափը` 10,05 %-ի։ Բաժնետերերի այդ փոփոխությունն ի՞նչ ազդեցություն ունեցավ Ձեր բանկի գործունեության վրա:

– CreditBank s.a.l.-ն ուղղակի ավելացրեց իր բաժնեմասը: Ես  միշտ կողմնակից եմ եղել, որպեսզի բանկերի կառավարման գործընթացներում հնարավորինս շատ բաժնետերեր  լինեն։ Ողջունում եմ նմանատիպ մոտեցումը, քանի որ այն թե ներգրավում է միջոցներ, և թե ավելացնում է գիտակ բաժնետերերի թիվը, որոնք թեկուզ էգոիստորեն ձգտում են օգտակար լինել բանկին:

Մեր բանկի բաժնետերերի թիվը վերջին տարիներին նվազել է: Մենք 5-6 հոգի էինք, սակայն այժմ մնացել ենք երկուսս՝ ես և CreditBank-ը: Մյուս բաժնետերերն ինչ-ինչ պատճառներով ցանկացան դուրս գալ: Լավ է այն փաստը, որ մեր դիմաց, մեզ հետ բաժնետեր է բանկ, և ոչ այլ կառույց (օրինակ՝ երշիկեղենի գործարան), որը կարող է ընդհանրապես չհասկանալ  բանկային գործից: Գործընկերը լիբանանյան բանկ է, ինչպես գիտենք՝ նրանց բանկային համակարգը զարգացած համակարգ է: Գրեթե նույն բնակչությունն ունենալու պարագայում, Հայաստանի հետ համեմատած,  իրենց ակտիվներն առնվազն 100 անգամ ավելի են: Ձգտում ենք ունենալ շատ բաժնետերեր, սակայն աշխատում ենք հիմնականում արտասահմանյան թե՛ ֆիզիկական, և թե՛ իրավաբանական անձանց հետ, քանզի Հայաստանում այսօր այդպիսի միջոցներ չկան: Հետագայում կլինե՞ն, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա:

– Ինչպե՞ս եք գնահատում բանկային համակարգի ներկայիս վիճակը՝ հատկապես տնտեսության մյուս ոլորտների հետ համեմատության մեջ:

– Մեր ներկայիս տնտեսության պայմաններում բանկային համակարգը միանշանակ առավել լավ վիճակում է:  Սակայն, որ բանկային համակարգը կրում է իր վրա շատ մեծ ճգնաժամային բեռ, դրանում չկասկածեք: Ով էլ որ հակասի, կասի, որ նման բան չկա, ամեն ինչ հոյակապ է, և իրենց գործունեությունը զարգանում է երկրաչափական պրոգրեսիայով, չեմ հավատա: Չի կարող գործարարությունը, որը մի տնտեսությունում է, որն էլ ճգնաժամային վիճակում է գտնվում, հրաշալի ձևով զարգանալ: Բայց դրա հետ մեկտեղ, մենք ծանր վիճակում չենք: Մենք ընդամենը կրում ենք մեզ վրա  ճգնաժամային բեռը: Ամենայն հավանականությամբ,  դա հետևանք է բանկային համակարգի նկատմամբ տարվող ճիշտ քաղաքականության՝ թե կառավարության, և թե Կենտրոնական բանկի կողմից, ինչի մասին միշտ ասել եմ և հիմա էլ կասեմ։

– Բանկերը վերջին շրջանում ակտիվացրել են վարկավորման գործընթացը և մրցակցության մեջ առաջարկում են վարկեր՝ մեկը մյուսից հարմար և արագ պայմաններով։ Օրինակ,  «Անելիք Բանկն»  ուսանողական վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացնում է մեկ օրվա ընթացքում: Իրո՞ք հնարավոր է 24 ժամվա ընթացքում վարկ տրամադրել։ Եվ արդյոք այդ քաղաքականությունը նպաստե՞լ է նոր հաճախորդների ներգրավմանը։

– Եթե ուսանողները հասցնում են անհրաժեշտ փաստաթղթերը հավաքել և ներկայացնել բանկ, այո, վարկը տրամադրում ենք 24 ժամվա ընթացքում: Հիմնականում բոլոր բանկերը տանում են «գովազդային» նմանատիպ քաղաքականություն, ես հաճախակի հետևում եմ գովազդային այն հայտարարություններին, որում ասում են՝ վարկեր՝ 7 ժամվա ընթացքում, 6 ժամվա ընթացքում: Այդ գովազդները համապատասխանում են իրականությանն այն պարագայում, եթե ֆիզիկական անձն ի վիճակի է սահմանված ժամկետում ներկայացնել անհրաժեշտ թղթերը: Ինչ վերաբերում է բանկում ավելի շատ հաճախորդներ ներգրավելուն, ապա՝ այո: Ի վերջո, բանկն իր քաղաքականության մեջ ի նկատի է ունենում իր շահը: Հակառակ դեպքում՝ նշանակում է՝ լինել բարեգործական կամ հովանավորչական ընկերություն: Վարկավորումը բարեգործություն չի: Թեպետ կոնկրետ ուսանողական վարկի տրամադրումն ունի նաև սոցիալական ուղղվածություն:

Զրուցեց Ելենա Կարապետյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս