«Հաջողությունն այս ընտրություններում որևէ քաղաքական ուժի ոչինչ չի տա»

Հարցազրույց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ

– Ի՞նչ նախապայմանների դեպքում Դուք կառաջադրեք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում, և հնարավոր համարո՞ւմ եք ընդդիմադիր որևէ ուժի հետ համագործակցությունը:

– Առաջադրվելու համար ոչ թե նախապայմաններ են պետք, այլ անհրաժեշտության զգացում, ավելին` համոզում։ Ճակատագիրն ինձ շատ ավելին է տվել, քան ինձ հայտնի որևէ անհատի: Դա պարտավորեցնող է, իսկ երևույթի գիտակցումը նաև նախազգուշացման առաջին ազդակ պիտի ընկալել:

Եթե դու խուսափես ճակատագրով քեզ վիճակվածից, դու այլևս պիտանի չես։ Այսինքն` գոյությունդ էլ անիմաստ է: Ես ոչ միայն հնարավոր, այլ շատ կարևոր եմ համարում համագործակցությունը գաղափարակից կամ գոնե նպատակակից ուժերի հետ։ Հայաստանի պայմաններում քաղաքական ուժերին ընդդիմադիրի և իշխանակիրի բաժանելու փորձը գոնե առայժմ տեղին չէ։

– ՀԱԿ-ը վերջին մեկ տարում վարում է կուրս` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն իր կողմը գրավելու, իրենց խոսքերով ասած` «իշխանությանը այդ կարևոր ռեսուրսից զրկելու համար»: Այդ մարտավարությունը, ըստ Ձեզ, որքանո՞վ է արդարացված և ի՞նչ կտա ընդդիմությանն ընդհանրապես:

– Եթե այսօր երևույթին նայենք ուժերի առկա հարաբերակցությունից, ծիծաղելի է խոսել իր կողմը ներգրավելու ցանկության մասին։ Համատեղ, միասնական ճակատով գործելու ցանկության մասին դեռ կարելի է խոսել, բայց ներգրավելու` տեղին չէ: Պետք է հասկանալ, որ որևէ քաղաքական ուժի այս ընտրություններում հաջողությունը ոչինչ չի տա։ Ունենք սահմանադրություն, և ըստ նրա` իշխանությունը պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը։

Այդ մեծամասնությունը կունենա՞ նաև նախագահի պաշտոնը, իր համար` ավելի լավ։ Չի՞ ունենա, կունենա իրենից կախված նախագահ։ Այս իրավիճակում շատ ուժեղ, բարոյաքաղաքական մեծ ներուժ ունեցող նախագահը կարող է ինչ-որ դերակատարում ունենալ։ Մյուսները խղճալի վիճակում են լինելու, մանավանդ, եթե համարձակվեն քրեական դրսևորումներ թույլ տալ իրենց, այսինքն` ճնշումներ գործադրելու փորձ անել։

– Այս համատեքստում` հասարակությանն անընդհատ ներկայացվում է ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը: Ըստ Ձեզ` ԲՀԿ-ն կարո՞ղ է իրական ընդդիմություն դառնալ, թե՞ սա պետք է որակել` որպես քաղաքական խաղ:

– Ես գուշակություն անել չեմ ուզում, բայց ակնհայտ է, որ որևէ քաղաքական ուժ իշխանականից ընդդիմադիր դաշտ անցնելուց հետո ժամանակի պետք ունի` նոր կարգավիճակում հաստատվելու և որպես այդպիսին հասարակության կողմից ընկալվելու համար։

– Եթե փորձենք զուգահեռներ անցկացնել ներկայիս ներքաղաքական իրադրության, ընդդիմադիր ուժերի վիճակի և 1996թ. նախընտրական ժամանակաշրջանի հետ, ինչպիսի՞ նմանություններ եք տեսնում:

– Այն ժամանակ իշխանության գերակայությունն ու ժողովրդավարության պակասն ավելի ակնհայտ էին, սակայն նախագահի փոփոխությունն ամեն բան կարող էր փոխել, որովհետև ունեինք իրավազուրկ` նախագահի կողմից ցանկացած պահի լուծարվելու ենթակա խորհրդարան։ Իմ նախաձեռնությամբ ժամանակին սահմանադրական փոփոխություններ կատարվեցին, և դրա արդյունքում մեր խորհրդարանը դարձավ ինքնուրույն հաստատություն։

Այսօր որոշ հարցերում ավելի լավ վիճակում ենք, բայց նախագահի աթոռի ձեռքբերումով արմատական փոփոխություններ կատարելու տեսակետից 1996 թվականի համեմատությամբ վիճակն ավելի լավը չէ։

Լուսանկարը` News.am-ի

Տեսանյութեր

Լրահոս