Բիշքեկում հանդիպել են Իրանի և Պակիստանի ՆԳ նախարարները
Բիշքեկում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ներքին գործերի նախարարների համաժողովի շրջանակում հանդիպել են Պակիստանի և Իրանի ներքին գործերի նախարարներ Մոհսին Նաքվին և Էսկանդար Մոմենը։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերությունները, սահմանային անվտանգությունը և տարածաշրջանային կայունությունը։
Հարևան երկրների նախարարները մտքեր են փոխանակել լարվածության նվազեցման, սահմանային կառավարման բարելավման և ներքին անվտանգության ընդհանուր մարտահրավերների լուծման վերաբերյալ։
«Երկու ներքին գործերի նախարարներն էլ ընդգծեցին տարածաշրջանում կայուն խաղաղության համար դիվանագիտական ջանքերը հետևողականորեն շարունակելու անհրաժեշտությունը»,- ասվում է Պակիստանի Ներքին գործերի նախարարության X-ի էջում։
Պակիստանի միջնորդությամբ են Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթանում խաղաղության բանակցությունները։



