Բաժիններ՝

Երբ խառնվում են նպատակն ու միջոցը

Ինչպես և սպասվում էր, «Doing Business-2013»-ում 18 հորիզոնականով վեր բարձրանալն իսկական էյֆորիա առաջացրեց իշխանական շրջանակների մոտ։ Շաբաթ-կիրակի օրերին հեռուստատեսային լրատվականները իսկական ձոներ նվիրեցին մեր իշխանություններին՝ փայլուն հաջողության համար։

Սակայն ոգևորությունը դեռ շարունակվում է և դուրս է գալիս միայն իշխանական շրջանակներից։ Հայաստանի ցուցանիշի՝ 18 կետով բարելավման առիթով վարչապետ Տիգրան Սարգսյանին նամակ է հղել Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը։ Նամակը ստորագրել են Հայ-ֆրանսիական գործարարության ակումբի նախագահ Արման Փինարբասին և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն։ Մեջբերենք ընդամենը մի հատված. «Հայ-ֆրանսիական գործարարության ակումբն ուրախ է այս նորության համար և շնորհավորում է Ձեզ այսպիսի արդյունքի առթիվ: Այս հաջողության մեջ տեսնում ենք այն բարեփոխումների պտուղները, որոնք Ձեր կառավարությունն արդեն իսկ կյանքի է կոչում»:

Ամբողջ խնդիրն այն է, որ Doing Business-ում վեր բարձրանալը՝ որպես այդպիսին, «պտուղ» չէ։ Պտուղը կլինի այն, եթե դրա արդյունքում ներդրումների հոսքը դեպի Հայաստան ավելանա։ Սակայն առայժմ դրա մասին խոսելը վաղ է, քանի որ տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Իսկ երբ զեկույցում առաջ գնալը ներկայացվում է՝ որպես փայլուն նվաճում, դա արդեն ցույց է տալիս, որ գործ ունենք ինքնանպատակ բարելավման հետ։

Պատկերացրեք մի ձկնորսի, որին չի հաջողվում ձուկ որսալ։ Նրան կողքից ասում են՝ կարթդ լավը չի, տեղդ ճիշտ չի ընտրված, և այլն։ Ձկնորսը փոխում է կարթը և հետևելով փորձառու ձկնորսների խորհուրդներին՝ ավելի լավ տեղ է նստում ձուկ որսալու համար։ Եվ անմիջապես   սկսվում են շնորհավորանքները՝ հաջողության հասնելու համար, այն դեպքում,  երբ մարդը դեռ մի 2 սանտիմետրանոց ձուկ էլ չի բռնել։

Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ զեկույցը հաշվի է առնում միայն պետական ֆորմալ կարգավորումները, սակայն իրական պատկերը կարող է այլ լինել։ Օրինակ, ՀՀ օրենսդրությամբ պետական մարմինները պարտավոր են լրատվամիջոցների գրավոր հարցմանը պատասխանել 5 օրվա ընթացքում, սակայն շատ հաճախ 5 օրը կարող է ձգվել անհայտ ժամանակով։ Սա, իհարկե, բիզնեսին չի վերաբերում, սակայն խոսում է այն մասին, որ Հայաստանում օրենսդրական կարգավորումները միշտ չէ, որ լիարժեք կյանքի են կոչվում։

Անկեղծ ասած, կասկած չունենք, որ թե՛ Ֆրանսիայի դեսպանը, թե՛ «Գրանդ Թորնթոն Ամիոյի» ղեկավար Արման Փինարբասին գիտեն իրական «պտուղների» գինը և չեն գերագնահատում այսօրինակ զեկույցների դերը։ Ի վերջո՝ Հայաստանն այս զեկույցում առաջ է անցել նաև Ֆրանսիայից (Հայաստանը 32-րդ տեղում է, Ֆրանսիան՝ 34-րդ), սակայն, եթե Հայաստանում բիզնես անելն ավելի դյուրին լիներ, քան Ֆրանսիայում, ապա գոնե ֆրանսահայ մեծահարուստներն իրենց կապիտալի մի մասը կտեղափոխեին Հայաստան։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս