ՀՀԿ-ի նվերը ԲՀԿ-ական նախագահին

Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը 75 «կողմ», 4 «դեմ» ձայնով ընտրվել է ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ: Այս պաշտոնը թափուր էր մնացել Սամվել Բալասանյանի` Գյումրիի քաղաքապետ դառնալուց հետո: ԱԺ Գյուղատնտեսության և բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը, այսպես կոչված, Դոնթի բանաձևով, ԲՀԿ-ի քվոտան է, սակայն, անկախ այդ բանաձևից և քվոտայից, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ են ընտրվում քվեարկությամբ:

Այսինքն` եթե իշխող մեծամասնությունը ցանկանար, ապա կարող էր տապալել Մարտուն Գրիգորյանի ընտրությունն այդ պաշտոնում:  Բանն այն է, որ ԲՀԿ-ն ԱԺ-ում ունի 36 պատգամավոր, եթե անգամ դրան գումարենք մնացած ընդդիմադիր կամ ոչ իշխանական խմբակցությունների թիվը, ապա ստացվում է` 53 (7 պատգամավոր ունի ՀԱԿ խմբակցությունը, 5-ական պատգամավոր` «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն): Այսինքն`իշխող մեծամասնությունը ԲՀԿ-ին կամ Մարտուն Գրիգորյանին ապահովել է ամբողջ 22 կողմ ձայնով: Այսինքն` եթե ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը չմասնակցեին Մարտուն Գրիգորյանի քվեարկությանը, ապա նա չէր ընտրվի այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Այս քվեարկությունն ուշագրավ է, առաջին հերթին, ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների սրման համատեքստում:

Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո ԲՀԿ-ն անգամ բոյկոտեց խորհրդարանական աշխատանքը: Մարտուն Գրիգորյանի ընտրությունը, սակայն, ցույց է տալիս, որ այդ հակամարտությունը եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա զգալի չափով արհեստական էր, կամ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուց հետո ինչ-որ բան է փոխվել երկու կուսակցությունների հարաբերություններում:
Ի դեպ, ԲՀԿ-ի բոյկոտից հետո Օսկանյանի հարցի շուրջ կարծես ոչինչ չի փոխվել, եթե չհաշվենք այն, որ նա հրավիրվել է հարցաքննության, «Սիվիլիթասի» աշխատակիցներն էլ, առանց ԲՀԿ-ականների մասնակցության, բողոքի երթ են կազմակերպել՝ ի պաշտպանություն նախկին ԱԳ նախարարի: Այսինքն` ԲՀԿ-ի բոյկոտ հայտարարելու առիթը շարունակում է պահպանվել, սակայն այդ կուսակցության պատգամավորները վերադարձել են խորհրդարան` առանց, ըստ էության, հիմնավոր բացատրություններ ներկայացնելու: Մյուս կողմից՝ սակայն, ԲՀԿ-ի համար բավարար հիմնավորում կարող է համարվել Մարտուն Գրիգորյանի ընտրությունը, որն, ինչպես նշեցինք, ապահովվել է ՀՀԿ-ականների կողմ քվեարկության հաշվին:

Հետաքրքիր է նաև, թե  իր ոչ խորհրդարանական գործունեության ընթացքում Մարտուն Գրիգորյանը Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով հանձնաժողովի նախագահ ընտրվելու հարցում ո՞ւմ և որքանո՞վ է շնորհակալ լինելու` միայն ԲՀԿ-ի՞ն, թե՞ նաև ՀՀԿ-ին, գուցե երկուսին` միասին վերցրած: Բանն այն է, որ անցած խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն Գյումրիում հաղթանակ է ապահովել հիմնականում Մարտուն Գրիգորյանի շնորհիվ:

Հիմա, ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ, իշխանությունը բարձրացնում է նրա քաղաքական կարգավիճակը, հետևաբար` նաև լծակները:  Բնականաբար, իշխանությունը շատ լավ գիտի դա և կարող է հաշվարկել նաև ընտրություններում Մարտուն Գրիգորյանի հնարավոր գործողությունները: Իսկ եթե դա իմանալով՝ ոչ միայն թույլ են տալիս, այլև օգնում են նրան՝ դառնալ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, այստեղ կարող է երկու բացատրություն լինել:

Կամ իշխանությունը համոզված է, որ ընտրություններում ԲՀԿ-ն պաշտպանելու է Սերժ Սարգսյանին և չի մրցելու ՀՀԿ-ի հետ, այսինքն` Մարտուն Գրիգորյանի ընտրական թիմն աշխատելու է Ս. Սարգսյանի համար, կամ համոզված է, որ անգամ ԲՀԿ-ի` սեփական թեկնածու ունենալու դեպքում, Մարտուն Գրիգորյանը կաշխատի Սերժ Սարգսյանի համար:

 

Տեսանյութեր

Լրահոս