Նոր մանրամասներ Զաքյան փողոցում սպանության գործով
Երևանի Զաքյան փողոցում սպանության գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօրվա նիստում հրապարակվեց մեղադրող, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի որոշումը ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին:
Ըստ այդմ, սպանության և ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու ամբաստանյալ Վահրամ Մարգարյանին քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել միայն ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար: Իսկ քրեական գործով ամբաստանյալ Բորիս Հակոբյանին քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում առաջադրված սպանությանն օժանդակելու և ապօրինի զենք ու ռազմամթերք պահելու մեղադրանքը փոփոխվել է և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 104 հոդ. 1-ին մասով և 235 հոդ. 1-ին մասով` տուժող Խաչիկ Գալոյանին դիտավորությամբ կյանքից զրկելու և հրազեն ու ռազմամթերք ապօրինի պահելու համար:
Հետազոտելով քրեական գործով դատաքննությամբ հետազոտված ապացույցները՝ մեղադրող կողմը պարզել է՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդ. 1-ին մասով, 235 հոդ. 1-ին մասով 2011թ. օգոստոսի 2-ին հարուցված քրեական գործով նախաքննական մարմնի որոշմամբ Վահրամ Մարգարյանին ՀՀ քր.օր-ի 104 հոդ. 1-ին մասով և 235 հոդ. 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել: Ըստ մեղադրանքի, նա գործով չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել և իր բնակության վայրում` Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48/4 շենքի թիվ 21 բնակարանում պահել է ռազմամթերք հանդիսացող «Ֆ-1» տեսակի նռնակ և «Ջ-1» տեսակի ինքնաշեն նռնակի պայթուցիչ: Բացի այդ, նրան առաջադրվել էր նաև մեղադրանք, ըստ որի Բորիս Հակոբյանի օժանդակությամբ և վերջինիս կողմից տրամադրված հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակի և ռազմամթերք հանդիսացող դրա փամփուշտների գործադրմամբ 2011թ. օգոստոսի 2-ին, ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել է կյանքից:
Նախաքննական մարմնի մեկ այլ որոշմամբ, Բորիս Հակոբյանին ՀՀ քր.օր-ի 38-104 հոդ. 1-ին մասով և 235 հոդ. 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել: Ըստ մեղադրանքի, նա գործով չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել և իրեն պատկանող` Երևան քաղաքի Հակոբյանց փողոցի թիվ 43 հասցեում գտնվող տանը պահել հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի 11 փամփուշտներ, ապա Վահրամ Արտուշի Մարգարյանին տեղեկատվություն և հանցագործության կատարման գործիք` վերոհիշյալ հրազենն ու ռազմամթերք հանդիսացող 8 փամփուշտները տրամադրելով, օժանդակել է վերջինիս կողմից 2011թ. օգոստոսի 2-ին, ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելուն:
Քրեական գործն ըստ մեղադրանքի Վահրամ Մարգարյանի և Բորիս Հակոբյանի 2012թ. ապրիլի 4-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ մեղադրող կողմի, քրեական գործի դատաքննության փուլում հետազոտվել են մեղադրական եզրակացությամբ վկայակոչված բոլոր ապացույցները, ինչպես նաև մեղադրանքի և պաշտպանության կողմերի միջնորդությամբ վկայակոչված նոր ապացույցները: Մասնավորապես, մեղադրողի միջնորդությամբ հարցաքննվել է Վահրամ Մարգարյանի բնակության վայրում խուզարկություն կատարած ոստիկանության Կենտրոնականի բաժնի ՔՀԲ օպեր-լիազոր Իգոր Մեսրոպյանը և նույն քննչական գործողությանը որպես ընթերակա մասնակցած Նելլի Մուրադյանը, իսկ պաշտպանների միջոնորդությամբ՝ վկաներ Սարգիս Հակոբյանը, Լուսիկ Պողոսյանը, Լիա Մարգարյանը, Վարուժան Սահակյանը, Հրաչիկ Թումասյանը և Նունե Ղազախեցյանը:
Առաջադրված մեղադրանքում Վահրամ Մարգարանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք տվել, որ հորաքրոջ տանից հայտնաբերված ռազմամթերքից տեղյակ չէ, Խաչիկ Գալոյանին չի սպանել, նրա սպանությանը որևէ առնչություն չի ունեցել և միայն հեռուստատեսությամբ է տեղեկացել, որ վերջինիս սպանել է Բորիս Հակոբյանը:
Բորիս Հակոբյանը առաջադրված մեղադրանքում իրեն ևս մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ որդու` Տիգրանի սպանությունից հետո մեկնել է ՌԴ Տուափսե քաղաք և փորձել է սեփական միջոցներով պարզել որդու սպանությունը կատարած անձանց: Խաչիկ Գալոյանի, ինչպես նաև այլ անձանց հետ ունեցած զրույցներից իր մոտ համոզմունք է առաջացել, որ սպանությունը կազմակերպել է Խաչիկ Գալոյանը, սակայն իր համոզմունքի մասին, ոչ նրան, ոչ էլ որևէ այլ անձի չի հայտնել, այլ նպատակադրվել է հարմար առիթի դեպքում սպանել նրան և լուծել որդու վրեժը: 2011թ. ամռանը տեղեկանալով Խաչիկ Գալոյանի Հայաստան մեկնելու մասին, առանց որևէ մեկին տեղեկացնելու, ինքը նույնպես ժամանել է Հայաստան: Երևանում գտնվելու ժամանակ 2 օր հետևել է Խաչիկ Գալոյանին, ապա օգոստոսի 2-ին ժամը 21:00-ի սահմաններում Զաքյան փողոցում մոտենալով նրան, հանգուցյալ հորից իրեն փոխանցված ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել Խաչիկ Գալոյանի մարմնի տարբեր մասերին, իսկ դեպքից օրեր անց կամավոր ներկայացել է ոստիկանություն և հանձնել հանցագործության գործիքը:
Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչելը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ոչ թե Վահրամ Մարգարյանն է սպանել Խաչիկ Գալոյանին, այլ ինքը, իսկ Վահրամ Մարգարյանը որևէ առնչություն չի ունեցել սպանության հետ:
Դատարանում հարցաքննված վկաները, Բորիս Հակոբյանի կինը` Լուսիկ Պողոսյանը, որդին` Սարգիս Հակոբյանը, ինչպես նաև բարեկամը` Վարուժան Ստեփանյանը գրեթե նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել այն մասին, որ Տիգրան Հակոբյանի մահից հետո Բորիս Հակոբյանը մեկնել է ՌԴ Տուափսե քաղաք և փորձել սեփական միջոցներով պարզել Տիգրան Հակոբյանի սպանությունը կազմակերպած անձին, սակայն այս կապակցությամբ երբևէ իրենց հետ չի կիսվել է: 2011թ. հուլիսի 30-ին Բորիս Հակոբյանը բոլորովին անսպասելի, առանց որևէ մեկին տեղեկացնելու վերադարձել է Երևան: Խաչիկ Գալոյանի սպանության մասին իրենք տեղեկացել են հեռուստատեսությունից, իսկ դրանից մի քանի օր անց Բորիս Հակոբյանը իրենց հայտնել է, որ ինքն է սպանել նրան, քանի, որ պարզել է, որ Խաչիկ Գալոյանը առնչություն է ունեցել Տիգրան Հակոբյանի սպանության հետ:
Վարդան Սահակյանը և Նունե Ղազախեցյանը, որոնք հանցագործության դեպքի վայրում տեսել են հանցանք կատարած անձին փախուստի դիմելիս, թեև նախաքննության ընթացքում հարցաքննվել էին, սակայն իրենց ցուցմունքներով անձի ճանաչման գործողություն կատարելու համար բավարար տվյալներ չէին ներկայացրել, որի արդյունքում վկայակոչված քննչական գործողությունը չի կատարվել:
Մինչդեռ, դատաքննության ընթացքում Վարդան Սահակյանը և Նունե Ղազախեցյանը ցուցմունքներ են տվել այն մասին, որ ամբաստանյալ Վահրամ Մարգարյանը ոչ հասակով, ոչ կազմվածքով ընդհանրապես նման չէ այն անձին, որին տեսել են դեպքի վայրում, փոխարենը նշել են, որ ամբաստնյալ Բորիս Հակոբյանը թե հասակով, թե տարիքով և թե կազմվածքով համապատասխանում է դեպքի վայրում իրենց կողմից նկատված անձին:
Այսինքն, վերը նշված անձանց ցուցմունքերով դատաքննության ընթացքում ի հայտ են եկել այնպիսի տվյալներ, որոնք նախաքննության ընթացքում հայտնի չեն եղել:
Ըստ մեղադրողի, դեպքի վայրից փախուստի դիմող հանցանք կատարած անձին տեսած բոլոր վկաները, այդ թվում դեպքի վայրի հարևանությամբ գործող տաքսի ծառայության վարորդներ Սամվել Պապյանի, Հրահատ Սոսյանի, Վրեժ Կարապետյանի, ինչպես նաև շենքի բնակիչներ Տիգրան Նազարյանի և Ավետիք Գևորգյանի դատարանում տված ցուցմունքերով, կարելի է հաստատված համարել միայն այն, որ հանցանք կատարած անձը ունեցել է կլորավուն գլուխ ու ճաղատ է եղել, այլ անհատականացնող տվյալ գրեթե չեն նշել, իսկ ինչ վերաբերվում է տարիքին և հասակին, ապա այս կապակցությամբ հակասական տվյալներ են ներկայացվել: Սակավ անհատականացնող տվյալներ ներկայացնելը վերջիններս պատճառաբանել են հատկապես այն հանգամանքով, որ հանցանք կատարած անձը իրենց տեսադաշտում եղել է վարկյաններ:
Մինչդեռ, թե ամբաստանյալ Վահրամ Մարգարյանը և թե Բորիս Հակոբյանը ունեն գլխի կլորավուն ձև և երկուսն էլ ճաղատ են` այն տարբերությամբ, որ Բորիս Հակոբյանի մոտ այն կապված է տարիքի հետ:
Վկա Աշոտ Ֆրանգուլյանը թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել, այդ թվում Վահրամ Մարգարյանի հետ՝ առերես, այն մասին, որ 2011թ. օգոստոսի 2-ին մինչև ժամը 20:00-ն գտնվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի 26 հասցեում գտնվող կամարամուտքում և վերանորոգել այն, ապա Աբովյան փողոցով ուղևորվել է Զաքյան փողոց, որտեղ ցայտաղբյուրի մոտ գտնվելու ընթացքում լսել է կրակոցի ձայներ և տեսել փախուստի դիմող Վահրամ Մարգարյանին:
Ընդ որում, վկա Աշոտ Ֆրանգուլյանի ցուցմունքից է բխում քրեական գործով ձեռք բերված մեկ այլ ապացույց`անձին ճանաչման ներկայացնելու վերաբերյալ կազմված արձանագրությունը:
Թեև Աշոտ Ֆրանգուլյանը նման ցուցմունք է տվել, սակայն, ըստ մեղադրողի, վկայի կողմից տրված ցուցմունքի արժանահավատությունը կասկած է հարուցում ներքոհիշյալ 2 հիմնական փաստարկներով.
1. Դատարանում ցուցմունք տված վկա Հրաչիկ Թումասյանը հայտնել է, որ իրոք Աշոտ Ֆրանգուլյանը օգոստոսի 2-ին աշխատել է Աբովյան 26 հասցեում գտնվող կամարամուտքում, սակայն նշել է, որ վերջինս ժամը 21:00-ի սահմաններում չէր կարող գտնվել Զաքյան փողոցում, քանզի մինչև 22:30-ը միասին գարեջուր են խմել Աբովյան 26 հասցեում, բացի այդ Ա.Ֆրանգուլյանը հեռացել է Սայաթ-Նովա պողոտայով, այլ ոչ թե Աբովյան փողոցով: Ընդ որում, Աշոտ Ֆրանգուլյանը նույնպես ընդունել է Հրաչիկ Թումասյանի հետ գարեջուր խմելու հանգամանքը:
Վկայակոչված փաստարկը հայտնի չի եղել նախաքննության փուլում և այն նույնպես հայտնի է դարձել դատաքննության ընթացքում:
2. Աշոտ Ֆրանգուլյանը ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի պահին գտնվել է Զաքյան փողոցում գտնվող ցայտաղբյուրի մոտ, որտեղից էլ ոստիկանները տաքսի ծառայության վարորդների հետ, նույն ավտոմեքենայով իրեն ուղեկցել են ոստիկանություն:
Սակայն, տաքսի ծառայության վարորդներ Սամվել Պապյանը, Հրահատ Սոսյանը, Վրեժ Կարապետյանը, Վարդան Սահակյանը իրենց ցուցմունքներով հայտնել են, որ բացի իրենցից դեպքի պահին ցայտաղբյուրի մոտ այլ անձ չի եղել, ավելին՝ նշել են նաև, որ ոստիկանություն ուղևորվելիս ավտոմեքենայի մեջ նույնպես այլ անձ չի եղել:
Վկայակոչված փաստարկը նույնպես հայտնի չի եղել նախաքննության փուլում ու դարձյալ այն հայտնի է դարձել դատաքննության ընթացքում:
Մեղադրողը անձին ճանաչման ներկայացնելու վերաբերյալ կազմված արձանագրության վերաբերյալ /որով վկա Աշոտ Ֆրանգուլյանը ի թիվս այլ անձանց ճանաչել է Վահրամ Մարգարյանին, որպես դեպքի վայրից փախուստի դիմած անձի/ նշում է հետևյալը.
Նախաքննական մարմինը իր 2012թ. մարտի 16-ին քրեական հետապնդում չիրականացնելու որոշմամբ հաստատված է համարել, որ Վահրամ Մարգարյանին 2011թ. օգոստոսի 17-ին ոստիկանության բաժին բերման ենթարկելիս, վերջինիս նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառվել են մարտական հնարքներ, որոնք նախաքննական մարմնի կողմից դիտվել են իրավաչափ:
Նշված դրվագով նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ Վ.Մարգարյանի մոտ արձանագրվել են վնասվածքներ` ձախ աչքի կոպերի, աջ աչքի ստորին կոպի, քթի մեջքի , աջ քունքա-ճակատային շրջանի, ծոծրակային ձախ կեսի, կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի, գոտկային շրջանի ձախ հատվածում:
Բացի այդ, նույն որոշմամբ հաստատված է համարվել, որ Վահրամ Մարգարյանը 2011թ օգոստոսի 20-ին ՝ գտնվելով ոստիկանության Կենտրոնականի բաժնում, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, ձեռքերով և ոտքերով հարվածել է աշխատասեղանին, չհրկիզվող պահարանին, ինչպես նաև գլխով հարվածել է պատին:
Այս փաստով նույնպես քրեական հետապնդում չի իրականացվել` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ:
Նշված դրվագով ևս նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն, Վահրամ Մարգարյանի մոտ հայտնաբերվել են վնասվածքներ` ձախ վերին և ստորին կոպերի շրջանի արյունազեղումների, ձախ ստորին կոպի, ձախ այտոսկրի, ձախ այտային շրջանի քերծվածքի ձևով:
Այսինքն, ըստ մեղադրողի, հաստատվել է , որ Վահրամ Մարգարյանը 2011թ օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 20-ը ունեցել է նշված վնասվածքները, ընդորում՝ դրանց ճնշող մեծամասնությունը տեղակայված են եղել Վահրամ Մարգարյանի դեմքի և գլխի շրջանում ` տեսանելի հատվածներում, մինչդեռ վերջինս Աշոտ Ֆրանգուլյանին ճանաչման է ներկայացվել օգոստոսի 20-ին, ուստի ակնհայտ է դառնում, որ Վահրամ Մարգարյանը էապես տարբերվել է շարքում կանգնած մյուս ճանաչվողներից:
Մինչդեռ, ՀՀ քր.դատ.օր-ի 221 հոդ. 3-րդ մասի համաձայն, ճանաչման ենթակա անձը ներկայացվում է ճանաչողին նույն սեռի և արտաքինով ու հագուստով ճանաչվողին հնարավորին չափ նման առնվազն երեք այլ անձանց հետ:
Համաձայն ՀՀ քր.դատ.օր-ի 105 հոդ. 1-ին մասի 5-րդ կետի, «Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ»:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, էական են այն խախտումները, որոնք դրսևորելով մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների կամ սույն օրենսգրքի որևէ պահանջի խախտմամբ, դատավարության մասնակիցներին` օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ սահմանափակմամբ կամ որևէ այլ կերպ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա:
«Այսպիսով, գնահատելով ինչպես նախաքննությամբ ձեռք բերված, այնպես էլ դատարանում ի հայտ եկած նոր ապացույցները իրենց համակցությամբ, ոչ միայն հերքվում է անմիջականորեն Վահրամ Մարգարյանի կողմից Խաչիկ Գալոյանին սպանելու հանգամանքը, այլ ավելին հիմնավորվում, որ Խաչիկ Գալոյանի սպանությունը կատարվել է անմիջականորեն Բորիս Հակոբյանի կողմից»,- նշում է մեղադրողը:
Հետևապես, հիմնավորվել է, որ Վահրամ Արտուշի Մարգարյանը, գործով չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել և իր բնակության վայրում ` Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48/4 շենքի թիվ 21 բնակարանում գտնվող կիսատաբատի գրպանում և սպորտային կոշիկի մեջ ապօրինի պահել ռազմամթերք հանդիսացող «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ և «Ջ-1» տեսակի ինքնաշեն նռնակի պայթուցիչ, որոնք հայտնաբերվել են 2011թ. օգոստոսի 17-ին հիշյալ բնակարանում կատարված խուզարկության ընթացքում: Այսինքն, ըստ մեղադրող կողմի, հիմնավորվել է, որ Վահրամ Մարգարյանը կատարել է ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք:
Միևնույն ժամանակ հիմնավորվել է, որ Բորիս Հակոբյանը գործով չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել և իրեն պատկանող` Երևան քաղաքի Հակոբյանց փողոցի թիվ 43 տանը պահել է հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակ և ռազմամթերթ հանդիսացող 9 մմ տրամաչափի 11 փամփուշտներ, բացի այդ նշված հրազենի և ռազմամթերքի գործադրմամբ 2011թ. օգոստոսի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել է կյանքից:
Այսպես. 2010թ. հոկտեմբերի 25-ին ՌԴ Տուափսե քաղաքում գտնվող բնակարանում անհայտ անձանց կողմից իր որդու` Տիգրան Հակոբյանին սպանելու կապակցությամբ, Բ.Հակոբյանի մոտ համոզմունք է ձևավորվել, որ Տիգրան Հակոբյանի սպանության հետ անմիջական առնչություն է ունեցել Խաչիկ Գալոյանը:
Բորիս Հակոբյանը 2011թ. հուլիսի 28-ին Խաչիկ Գալոյանի հետ ունեցած զրույցից տեղեկացել է, որ վերջինս հաջորդ օրը մեկ ամիս ժամանակով մեկնում է ՀՀ, ապա, վերջինիս նկատմամբ վրեժը լուծելու նպատակով իր հերթին 2011թ. հուլիսի 30-ին Կրասնոդար-Երևան չվերթով վերադարձել է Երևան քաղաք ու տեղեկացել, որ Խաչիկ Գալոյանը ժամանակավոր բնակություն է հաստատել Երևան քաղաքի Խորենացու փողոցում գտնվող «Շիրակ» հյուրանոցում:
Բորիս Հակոբյանը երկու օր շարունակ «Շիրակ» հյուրանոցի մոտակայքում շրջելով, «հանցավոր մտադրությունը իրականացնելու հարմար առիթ է փնտրել, սակայն այդպիսին չի եղել»:
2011թ. օգոստոսի 2-ին` ժամը 18:00-ի սահմաններում Բ.Հակոբյանը իր հետ վերցնելով ապօրինի իր մոտ պահվող «Մակարով» տեսակի ատրճանակը և դրա փամփուշտները, գնացել է Խորենացու փողոցում գտնվող «Շիրակ» հյուրանոցի մոտ և սպասել Խաչիկ Գալոյանի դուրս գալուն:
Խաչիկ Գալոյանը, ժամը 21:00-ի սահմաններում հյուրանոցից դուրս գալով, միայնակ քայլելով Զաքյան փողոցով գնացել է Ամիրյան փողոցի ուղղությամբ, իսկ Բորիս Հակոբյանը հանցավոր մտադրությունն իրականցնելու նպատակով մոտեցել է նրան և թիվ 3 շենքի դիմաց, սպանելու նպատակով ատրճանակից ութ կրակոց է արձակել Խաչիկ Գալոյանի կրծքավանդակի, որովայնի և գլխի շրջաններին`պատճառելով կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ, առաջ բերել գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, արյան սուր կորուստ և Խաչիկ Գալոյանին ապօրինաբար զրկել կյանքից:
Այնուհետև, Բորիս Հակոբյանը 2011թ օգոստոսի 14-ին ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և ներկայացրել հանցագործության գործիք` հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը և ռազմաթերք հանդիացող 9 մմ տրամաչափի թվով 3 փամփուշտները: Այսինքն, ըստ մեղադրողի, Բորիս Հակոբյանը կատարել է ՀՀ քր.օր-ի 104 հոդ. 1-ին մասով և 235 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործություններ:
Վերը նշված պատճառաբանությամբ քրեական գործի դատական քննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել ամբաստանյալ Վահրամ Մարգարյանին քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում առաջադրված մեղադրանքը փոփոխել և նրան նոր մեղադրանք առաջադրել ` ՀՀ քր.օր-ի 235 հոդ. 1-ին մասով`ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու համար, իսկ Բորիս Հակոբյանին քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում ՀՀ քր.օր-ի 38-104 հոդ. 1-ին մասով և 235 հոդ. 1-ին մասով առաջադրված մեղադրանքը փոփոխել և նրան նոր մեղադրանք առաջադրել ՀՀ քր.օր-ի 104 հոդ. 1-ին մասով և 235 հոդ. 1-ին մասով`Խաչիկ Գալոյանին դիտավորությամբ կյանքից զրկելու և հրազեն ու ռազմամթերք ապօրինի պահելու համար:
Դատարանը մեղադրանքին ծանոթանալու նպատակով պաշտպանական կողմին ժամանակ տրամադրեց մինչև հոկտեմբերի 23-ը: