«Եթե ցանկանայինք մաս կազմել համակարգին, ապա դա կանեինք մնացածի պես` պայմանավորվելով»

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը դեռևս 2011թ. հայտարարել էր, թե իր գլխավորած կուսակցությունը չի մասնակցելու 2012թ. ԱԺ ընտրություններին, քանի որ այն լինելու է ոչ թե արդար, այլ փողի ընտրություններ: Սակայն դրան հաջորդեց Արամ Կարապետյանի` 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարությունը:

168.am-ն Արամ Կարապետյանից հետաքրքրվեց` ի՞նչ է փոխվել այդ ժամանակահատվածում, մի՞թե Դուք արդար ընտրությունների ակնկալիք ունեք:

Ի պատասխան, Ա. Կարապետյանն ասաց. «Ես այդ ժամանակ ասել էի, որ այդ ընտրությունները պլանավորված են, այսինքն` ԱԺ ընտրություններին իշխանությանը հաջողվեց պլանավորել քաղաքական դաշտը: Հիմա էլ այն կարծիքին եմ, որ այդ պլանավորումը ճիշտ էր, քանի որ խորհրդարանական ընտրություններն ու խորհրդարանի կազմավորումն էական նշանակություն չունեցավ Հայաստանի համար: Եթե նկատում եք` խորհրդարանը չդարձավ ավելի լավ աշխատող մարմին և իր որակը դեռ չի բարձրացել: Ավելին` չհաշված մի քանի մարդկանց առկայությունը, դրա որակը նույնիսկ ցածր է: Թերևս, մենք ճիշտ էինք հաշվարկել, որ ուղղակի դառնալ մաս այն համակարգի, որ նստած է խորհրդարանում, այդ նպատակը, ինչպես ես, այնպես էլ իմ շուրջը հավաքված մարդիկ երբևէ չենք ունեցել: Մենք չենք ուզում ինչ-որ ձևով դառնալ համակարգի մաս` եթե ցանկանայինք, ապա դա կանեինք մնացածի պես` պայմանավորվելով: Մենք ուզում ենք փոխել համակարգը, թե ինչքանո՞վ կստացվի կամ չի ստացվի, համոզված եմ` կստացվի»:

Մեր հարցին, թե՝ «մնացած» ասելով` ո՞ւմ նկատի ունեք, ՆԺԿ նախագահը պատասխանել է. «Նկատի ունեմ համարյա ամբողջ քաղաքական դաշտը: Ցավոք, 20 տարվա ընթացքում քաղաքական դաշտը ձևավորվել է այնպես` բոլոր կուսակցություններում մեզ պես մտածող անհատներ կան` նույնիսկ իշխանական կուսակցությունների ներսում, որոնց հետ բավականաչափ կապեր, քննարկումներ կան: Խորհրդարանական ընտրությունները ոչինչ չէին փոխելու, և դրանցից հետո Հայաստանում ընդհանուր իրավիճակը չի բարելավվել, հակառակը` իրավիճակը գնալով խորանում է` թե՛ արտագաղթի տեմպերով, թե՛ տնտեսական խնդիրներով: Վերջերս Վարդան Օսկանյանը շատ կարևոր փաստ բերեց` արտաքին ինվեստիցիաները, որոնք ցույց են տալիս, թե երկիրն ինչ վիճակում է գտնվում: Աշխարհաքաղաքական տեսանկյունից` մենք ավելի ենք ընկղմվում վատ վիճակի մեջ: Իսկ մեր ասածը դա է` յուրաքանչյուր պլանավորված ընտրություն, ի վերջո, բերում է դեգրադացիայի»:

Կարդացեք նաև

Մեր ճշգրտող հարցին` արդյո՞ք ՀԱԿ-ը ևս մտնում է Ձեր նշած՝ մնացածի մեջ, Ա. Կարապետյանը պատասխանեց. «Իհարկե, մտնում են բոլոր նրանք, ովքեր 20 տարվա ընթացքում դերակատարություն են ունեցել համակարգի մեջ: Նորից եմ կրկնում` թե՛ ՀԱԿ-ում, թե՛ ՀՀԿ-ում, թե՛ ԲՀԿ-ում, թե՛ Դաշնակցությունում կան անհատ գործիչներ, որոնք գտնում են, որ նման գործընթացով Հայաստանը յուրաքանչյուր ֆորսմաժորային իրավիճակում կկորցնի իր պետականությունը: Սա հասկանում են շատերը, բայց դեռևս չի հաջողվում մեզ այդ ամբողջությունը դարձնել մի գաղափարական ուղղություն: Դա է պատճառը, որ ԱԺ ընտրություններից առաջ իմ գործընկերներին առաջարկում էի ազգային ճակատի գաղափարը, որն ավելի շատ ուղղված կլինի մեր ազգային հարցերի բարձրացման և լուծման ուղիների առաջարկմանը: Բայց չստացվեց, որովհետև մարդիկ, դեռևս չզգալով այդ մեծ վտանգը, ճիշտ համարեցին մտնել այդ պլանավորման մեջ` գնալ խորհրդարան և լծակներ ունենալ: Անկախ այս նախագահական ընտրություններից` մեզ անհրաժեշտ է գաղափարական ընդդիմություն, որը կներկայացնի Հայաստանի գլխավոր խնդիրները, դուրս կգա այդ դեգրադացիոն իրավիճակից, «դեղին» կոչված հարցերից: Դա կլինի այն պահին, երբ ՀՀ ամբողջ իշխանական և ստեղծված կուսակցական համակարգի 90%-ը կզգա, որ այդ ամենը կոտրվում է իր գլխին»:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս