Պետք է ստեղծել այնպիսի արտադրանք, որը վաղը կդառնա մասսայական ապրանք

«168 ժամի» զրուցակիցն է Հայաստանի ամերիկյան համալսարանի Ճարտագիտության ֆակուլտետի Ճարտարագիտական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Արտակ Համբարյանը

– Այսօր մեր օրերում ինչպիսի՞ արտադրանքի կարիք կա:

– Շատ հաճախ, երբ դու արժեք ես ստեղծում, այն ինքն իր համար ասես ճանապարհ է բացում: Իսկ արժեքներ ստեղծվում են այն ոլորտներում, որտեղ պահանջարկ կա: Այսօր կան սարքեր, որոնք չկային 5-10 տարի առաջ. օրինակ` ձայնագրող սարքերը (փոքր թվային ձայնագրիչը. Լ.Մ.) արժեք է, որը չկար 10 տարի առաջ, նախկինում դրանք ձայներիզով էին աշխատում:

Այժմ այդ ամենը առաջ է գնում, և դա գիտություն է: Արտադրանքը կարող է լինել նաև ծառայության տեսքով, օրինակ` հեռահաղորդակցության ծառայությունները` ինտերնետ, բջջային հեռախոսակապ և այլն, առանց որոնց մեր կյանքը այսօր դժվար է պատկերացնել: Դրանք նույնպես արտադրանք են և մտնում են արժեքի ստեղծման գաղափարախոսության մեջ: Բիզնեսը չէ, որ դա թելադրում է, այլ արժեք ստեղծելու այդ գաղափարախոսությունը, տեխնոլոգիաներն են, որ թելադրում են:

– Այսինքն` տեխնոլոգիանե՞րն են թելադրում բիզնեսին, թե ինչ է պետք արտադրել:

– Իհարկե, դրանք կապված են միմյանց հետ և առանձին ուղղակի լինել չեն կարող: Բիզնեսը պետք է ուսումնասիրի և հասկանա, թե այդ ապրանքն ի՞նչ ձևով պետք է վաճառել: Շուկայագիտությունը այսօր, այդուհանդերձ, երկրորդական է, եթե հաշվի առնենք ներկայումս տեխնոլոգիաների բերած հնարավորություններն ու ֆունկցիաները: Այսինքն` արժեքի ստեղծման գիտությունը, ինչը նաև տեխնոլոգիաների ստեղծման գիտությունն է:

Եթե դու այդ արժեքի ստեղծման գործընթացի ամեն մի դրամը չղեկավարես, այսինքն` այդ արժեքի ստեղծման գիտությունը չկիրառես, ապա դու չես կարող մրցել, քանի որ քո ծախսերը կլինեն ավելի շատ, իսկ որակը կլինի ավելի ցածր, ինչը նշանակում է, որ դու պարզապես չես մրցակցի:

Այժմ մեր հետազոտական կենտրոնի բոլոր ծրագրերն ու նորարարությունները, այսպես թե այնպես, կապված են դրա հետ: Օրինակ` արևի էներգիային ուղղված: Նման տեխնոլոգիաներ գոյություն ունեն շատ ու շատ երկրներում, սակայն դրանց ծավալը փոքր է: Բայց եթե մենք կարողանանք այդ տեխնոլոգիան ճիշտ կիրառել, ապա հետագայում կարող ենք հսկայական գումարներ ստանալ: Հենց էներգախնայողության և այլընտրանքային էներգիայի աղբյուրների և հատկապես արևից ստացվող էներգիայի վերաբերյալ է նաև մեր ֆակուլտետի հետազոտությունների հիմնական ուղղություններից մեկը:

– Փոքր-ինչ վերանանք ֆակուլտետից և ավելի ընդհանուր խոսենք առաջիկա տարիներին գիտության և տեխնոլոգիաների ոլորտում արժեքի ստեղծման մասին: Ո՞ր ուղղությամբ է պետք առաջ շարժվել և մրցակցությունից դուրս չմնալու համար` ի՞նչ է անհրաժեշտ անել:

– Այդ ամենը պետք է նայել երկրի կոնտեքսում: Օրինակ` մենք դժվար թե կարողանանք մրցակցել մեծ մասսայականությամբ արտադարանք տվող Չինաստանի, Թաիլանդի կամ Ինդոնեզիայի հետ: Դա նշանակում է, որ մենք պետք է կարողանանք արժեքի ստեղծման գիտությունը ծառայեցնել մեր երկրին այնպես, որ ավելի մեծ արժեք կարողանանք ստեղծել և ավելի քիչ միջոցներով: Սովորաբար դա նաև ավելի քիչ մասսայական ինչ-որ արտադրանք է լինում, սակայն ներկայումս բազմաթիվ երկրների ստեղծած արժեքը մեծ մասսայականություն ունեցող ապրանքներին չի վերաբերում, առանց որոնց, սակայն, շատ դեպքերում նույն Չինաստանը չի կարող մասսայական արտադրության ապրանք ստեղծել: Այ հենց այստեղ է, որ Հայաստանը կարող է որոշակի դերակատարություն ունենալ:

– Այսինքն` ունիկալ բաներ է պետք ստեղծել:

– Ունիկալ ասվածը մի քիչ չափազանցված է, բայց այո, գաղափարը դա է, թեև ունիկալ ասվածը այնքան էլ ունիկալ չէ, քանի որ ունիկալ նշանակում է` միակն է, և դրանից այլևս չկա: Օրինակգ մասսայական ավտոմեքենաների արդյունաբերության մեջ էլեկտրական մեքենաների արտադրությունը քիչ է: Ճիշտ է, Չինաստանում, Հնդկաստանում փորձում են դա անել, սակայն այդ ամենն իրականացնելիս նրանք օգտվում են այն նեղ փոքր ոլորտում կատարված հետազոտությունների արդյունքից, որոնք որ չեն կիրառվել մասսայականություն վայելող արտադրության ոլորտում։ Օրինակ` դիզելային վառելիքով աշխատող մեքենաները:

Սակայն առանց այդ հետազոտությունների այդ առաջընթացը` էլեկտրական մեքենաների արտադրությունը, տեղի չէր ունենա: Այսինքն` եթե այսօր մասսայական է ինչ- որ բան, ապա չգիտես, թե վաղն ի՞նչը մասսայական արտադրանք կդառնա: Դա նշանակում է, որ մենք պետք է շատ տարբեր ոլորտներում աշխատենք և հատկապես` այն ոլորտներում, որոնք վաղը կարող են մասսայական արտադրանք դառնալ: Այսինքն` դու պետք է կարողանաս գտնել և ուշադրություն դարձնել այնպիսի բաների վրա, որտեղ աշխատելու տեղ կա:

– Նման մի օրինակ կնշե՞ք:

– Օրինակ` եթե արևի էներգիան վերցնես, որը օգտագործումն ամբողջ աշխարհում կազմում է մոտ 1%, դա նշանակում է, որ այն հազարապատիկ աճելու հնարավորություն ունի: Այսինքն` ներկայումս Հայաստանում այդ ոլորտում ներգրավված լինելը և աշխատանքներ իրականացնելը հետագայում լուրջ եկամուտների վերադարձ է ապահովելու: Նման տարբեր բաներ կարելի է գտնել, որոնք, սակայն, հետագայում կարող են դառնալ մեծ մասսայականության արտադրանք: Իսկ նմանատիպ հնարավորություններն անսահման են: Միշտ ինովացիա` նորարարություն է տեղի ունենում, և այդ նորարարության արդյունքում, ի վերջո, ինչ-որ արժեքներ թարմացվում և ուժեղացվում են: Դա Հայաստանի համար կարող է ամենակարևորը լինել:

– Ներկայիս հայաստանյան գիտության վիճակը հաշվի առնելով, արդյո՞ք Հայաստանում բավարար պայմաններ կան ինովացիաների` նորարարությունների համար:

– Հայաստանում մի քանի մեծ խնդիրներ կան: Զարգացած երկրներում ինովացիայի համար կան համակարգեր, օրինակ` ինկուբացիոն համակարգերը: Մենք ունենք մեկ նման կենտրոն (խոսքը Հայաստանի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի մասին է.- Լ.Մ.), սակայն այն ավելի շատ վերաբերում է ծրագրավորման ոլորտին, մնացած ոլորտներում նման կառույցներ շատ քիչ կան կամ գրեթե չկան: Հայաստանում նորարարությունից մինչև վերջնական արդյունքին հասնելու այդ շղթան չկա: Բացի այդ, մարդիկ նաև ճանապարհը լավ չգիտեն, թե ինչպես կարելի է հասնել այդ ամենին:

Օրինակ` Ամերիկայում կան վենչուրային կապիտալիստներ, մարդիկ, որոնք իրենց գումարը ներդնում են մեծ ռիսկային գաղափարների և ծրագրերի մեջ` հստակ իմանալով, որ տասնյակ գաղափարներից ընդամենը մեկը պետք է հաջողության հասնի, սակայն, անգամ, եթե այդ մեկն էլ հաջողություն ունենա, ապա կարող է փակել բոլոր ծրագրերի վրա կատարված ծախսերը, դեռ մի բան էլ ավելին: Նման համակարգ, օրինակ, Հայաստանում չկա: Ոչ միայն չկա, այլև ընդհանուր այդ ինովացիոն մթնոլորտի զարգացումը մեր երկրում դեռ շատ սաղմնային վիճակում է գտնվում: Իհարկե, կան որոշ էնտուզիազմով աշխատող ընկերություններ և անհատներ, որոնք փորձում են զարկ տալ Հայաստանում նորարարություններին, սակայն ընդհանուր առմամբ իրականում Հայաստանում ինովացիոն մթնոլորտը զարգացած չէ:

Հաջորդ կարևոր խնդիրը` մտավոր սեփականության պաշտպանության հարցն է: Հայաստանում որևէ բանի արտոնագրումը, առաջին հերթին շատ սահմանափակ ժամանակով է քեզ պաշտպանում, իսկ երկրորդ հերթին` նաև քո պաշտպանությունը, այսպես ասած, «ծածկված չէ» մի շարք տարբեր երկրներում: Այլ երկրներում, ինչպես, օրինակ` Ամերիկայում կամ Ճապոնիայում, եթե արտոնագիր հանեցիր, ապա դու բավական լավ պաշտպանված ես, օրենքներն այնտեղ գործում են, և այնտեղ մտավոր սեփականության լավ պաշտպանություն կա: Նորարարությունից մինչև վերջնական արդյունքին հասնելու այդ շղթան մոտ 10-15 քայլ է ենթադրում, Հայաստանում, սակայն, այդ շղթայի շատ քիչ մասերն են, որ գոյություն ունեն:

– Ի՞նչ է պետք անել այդ ամենին հասնելու համար:

– Նախևառաջ` շատ լավ կրթական համակարգ է պետք: Եթե դու ունես կրթական համակարգ, որը տալիս է այն մասնագետներին, որոնք ունակ են այդ տարբեր ուղղություններով աշխատել, ուրեմն դու հաստատ գիտես, որ քո երկիրը կփոխվի, կզարգանա: Չկա այդպիսի երկիր, որի կրթական համակարգը զգալի բարելավվել է, և արդյունքները չեն տեսել: Նման բան ուղղակի գոյություն չունի: Նույն Չինաստանը, սրանից 20-30 տարի առաջ իր ուսանողներին ֆինանսավորում էր, որպեսզի նրանք գնային ԱՄՆ սովորելու: Դրանց կեսը չէր վերադառնում, բայց այն վերադարձած կեսը երկրի զարգացման համար լուրջ դերակատարում էր ունենում: Սպասել, որ դեմոկրատիան մեր երկրում 100%-ով կհաղթի, դա, իհարկե, սերունդների հարց է, բայց իրականում կա մի ոլորտ, որտեղ ներդրումները երկրի մասշտաբով հաստատ արդարացնում են: Եվ դա կրթությունն է, և կրթություն ասելով` պետք է հասկանանք սկսած դպրոցից և ինչո՞ւ չէ` նաև մանկապարտեզից:

Արդյունաբերությունն ու կրթությունն իրարից սնվում են, դու չես կարող լավ արդյունաբերություն ունենալ, եթե չունես լավ կրթություն: Քո տված կրթությունը չի կարող լինել շատ ուժեղ, եթե քո արդյունաբերությունը ծանր կշիռ չունի: Դասախոսներն ու պրոֆեսորները որտե՞ղ պետք է տեսնեն ժամանակակից տեխնոլոգիաներ, ժամանակակից արտադրական միջավայր և ենթակառուցվածք, եթե այդ ամենը չկա: Ուրեմն դու պետք է արտասահմանյան դասախոսների ներգրավես կրթական գործընթացում, որպեսզի ինչ-որ կերպ կարողանաս կրթել քո ուսանողներին, որը հետագայում ներդրում կլինի արդյունաբերության մեջ: Մենք հենց այդպես ենք անում (խոսքը Հայաստանի ամերիկյան համալսարանի մասին է.- Լ.Մ.): Այդ երկուսն էլ կարևոր են, սակայն Հայաստանում մեկը մյուսին ասես ներքև է քաշում: Ճիշտ է, ընդհանուր առմամբ, ներկայումս կրթության մեջ կարծես թե ուզում ենք տեսնել որոշակի դրական տեղաշարժեր, սակայն ցանկալիից մենք դեռ հեռու ենք:

Կրթությունը, սակայն, պետք է կոմպետենտ լինի, իսկ դա նշանակում է, որ դասախոսները կյանքից կտրված չպետք է լինեն: Նրանք պետք է տեսած լինեն տեխնոլոգիաները, պետք է հասկացած լինեն ամենաժամանակակից գործիքներն ու միջոցները և ներգրավված լինեն նաև հետազոտական աշխատանքների մեջ:

Կրթական համակարգի խնդիրները լուծելը կարող է լինել հիմնարար և աշխատող եղանակներից մեկը: Սակայն մեզ շատ բան է պակասում: Երկիրը մրցունակ դարձնելու մեր միակ ճանապարհը կրթությունն է և ինովացիան: Մենք պետք է կրթության և նորարարության վրա լուրջ ուշադրություն դարձնենք և մրցակցենք ոչ թե մասսայական արտադրություն ունեցող ոլորտներում, այլ նորարարության ոլորտում` տեսնելով այն ուղղությունները, որոնք հետագայում կարող են մեծ գումարներ բերել դեպի մեր երկիր:

Տեսանյութեր

Լրահոս