Արամ Սարգսյանին ասել են, որ չեն հավատում ընտրություններին

Հոկտեմբերի 15-ին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և կուսակցության քաղխորհրդի անդամները Արարատի մշակույթի պալատի դահլիճում հանդիպել են կուսակցության տեղական ակտիվի և համախոհների հետ: ՀԱԿ անդամ Լյովա Եղիազարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ 400 տեղանոց դահլիճում շատ քիչ ազատ աթոռներ կային, և այդ իմաստով հանդիպումը նա կայացած է համարում:

Հանդիպումը տեղի է ունեցել փակ ռեժիմով, լրագրողներ չեն հրավիրվել, որպեսզի ներկաները կարողանան ազատ արտահայտվել: Իսկ ինչ են ասել այդ ազատության պայմաններում արարատցիները: Մի քանի ամսից նախագահական ընտրություններ են, և, այդ առիթով, ընտրությունների մասնակից բոլոր կուսակցությունները` իրենց թեկնածուներով, գնալու են շրջաններ, հավաքելու են մարդկանց և փորձելու են շահել նրանց վստահությունը, համոզելու են քվեարկել իրենց թեկնածուի օգտին:

Բայց արարատցիները «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամներին ասել են, որ իրենք այլևս չեն հավատում ընտրություններին, չեն հավատում, որ ընտրությունների միջոցով Հայաստանում հնարավոր է իշխանության փոփոխության հասնել: Ներկաներն ասել են, որ եթե իրավիճակը փոխելու այլ մեխանիզմներ կառաջարկվեն, ապա իրենք պատրաստ են մասնակցել դրանց:

Ընտրությունների միջոցով իշխանափոխության կամ իշխանության ձևավորման նկատմամբ հավատի կորուստը նոր երևույթ չէ: Բայց ընդդիմությունը յուրաքանչյուր ընտրությունից առաջ, իր համախոհներին, այսինքն` իշխանությունից դժգոհողներին տեղամաս բերելու և իրեն ձայն տալու համար բացատրել է, որ ընտրությունները պետք է օգտագործել, որպեսզի հետո տեղի ունենան հետընտրական զարգացումներ, և այդ հետընտրական զարգացումների տակ մշտապես հասկացվել է իշխանության խաղաղ-բռնի փոփոխությունը:

Հասկացվել է, որ եթե հրապարակում գոնե 100 հազար մարդ հավաքվի, և հավաքվածներն ասեն, որ իրենք ուզում են, որ իշխանությունը փոխվի, ապա հենց այդպես էլ կլինի: Իրականում բոլոր հետընտրական զարգացումներն ավարտվել են ցուցարարների ծեծով և ազատազրկմամբ, իսկ 2008թ.` նաև սպանությամբ: Ըստ Լյովա Եղիազարյանի` Արամ Սարգսյանը, խոսելով նախորդ երկու ընտրությունների մասին, ասել է, որ ինքը երկու դեպքում էլ վեր կանգնելով նեղ անձնական կամ կուսակցական ամբիցիաներից, պաշտպանել է մի դեպքում` Ստեփան Դեմիրճյանին, իսկ մյուս անգամ` Լևոն Տեր-Պետրոսյանին:

Մի խոսքով, ընտրական և հետընտրական տապալումների պատասխանատվությունը դրել է նրանց վրա: Արդյո՞ք այս անգամ «Հանրապետություն» կուսակցությունն ընտրություններին հանդես կգա սեփական թեկնածուով, և Արամ Սարգսյանը կառաջադրվի` այս անգամ իր վրա վերցնելով պատասխանատվությունը: Այս հարցին նա հստակ պատասխան չի տվել:

Կուսակցությունում կա տեսակետ, որ մինչև այս հարցում վերջնական որոշում կայացնելը պետք է կազմակերպել ևս մի քանի նման հանդիպում, այդ թվում` նաև Երևանում, հնարավոր է` նաև հանրահավաքային ձևաչափով, և եթե տեսնեն, որ ունեն բավարար հանրային աջակցություն, որ հասարակությունն իրենց է տեսնում` որպես ուժի կենտրոն, ապա շատ հնարավոր է, որ Արամ Սարգսյանն առաջադրվի:

Հանդիպման մյուս հետաքրքիր հարցադրումը կապված է եղել ԵԿՄ դիրքորոշման փոփոխության հետ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արամ Սարգսյանը ԵԿՄ հիմնադիր և հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի եղբայրն է, և «Հանրապետություն» կուսակցությունում հավաքված են մարդիկ, ովքեր մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին, նախկինում եղել են ԵԿՄ անդամներ, արարատցիները հարցրել են, թե ինչպե՞ս եղավ, որ նախկինում չեզոքություն պահպանող և ինչ-որ տեղ` նույնիսկ ընդդիմադիր ԵԿՄ-ն դարձավ միարժեք իշխանամետ: Ինչպե՞ս եղավ, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ՀՀԿ համամասնական ցուցակ մտավ և դարձավ ՀՀԿ խմբակցության անդամ:

Այս հարցադրումը կարևոր է այնքանով, որ նախկինում հետընտրական զարգացումների որոշակի փուլում հնարավոր էր համարվում, որ ԵԿՄ-ն կարող է անցնել ժողովրդի կողմը: Մարդիկ մտածում էին. եթե Ոստիկանությունը և բանակը կանգնեն իշխանության կողմը, ապա մեր կողքին կկանգնեն պատերազմի փորձ ունեցող երկրապահները, և այդ դեպքում իշխանությանը հնարավոր կլինի հաղթել:

Ճիշտ է, այդպես մտածողներն ամեն անգամ սխալվել են իրենց հաշվարկներում, բայց հույսը, որ մի օր կարող է և այդպես լինել, մնացել էր: Հիմա նման կերպ մտածողները հասկանում են, որ ԵԿՄ-ն և նրա ղեկավարությունը, որպես իշխանության մի մաս, պետք է պայքարեն հանուն իրենց վերարտադրության:

Հայաստանի ընդդիմադիր դաշտում նախագահական ընտրություններին ընդառաջ երբևէ այսպիսի վակուում և անորոշություն չի եղել: Տիտղոսային ընդդիմությունը` ՀԱԿ-ը, մատնված է անգործության: Ընդամենը մի տարի առաջ այս կառույցն իր հիմնական նպատակ էր հռչակել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը: Հիմա, երբ մոտեցել է հերթական ընտրությունների ժամկետը,

ՀԱԿ-ում չգիտեն` իրենք ունենալո՞ւ են թեկնածու, թե՞ ոչ, կամ ո՞վ է լինելու այդ թեկնածուն: ՀԱԿ քաղխորհրդի անդամները խոստովանում են, որ ՀԱԿ-ում ամեն ինչ կախված է մի մարդուց, և ոչ ոք չգիտի, թե ինչ է մտածում այդ մարդը, և, որ ամենավատն է, ոչ ոք համարձակություն չունի նրան հարց տալ, թե ինչ է սպասվում իրենց ապագայում: ՀԱԿ-ը լքել է նաև այդքան «դժվարությամբ» վերանվաճված Ազատության հրապարակը:

Ո՞վ է լրացնելու այդ բացը, ո՞վ է մարտահրավեր նետելու իշխանությանը, ո՞վ է հայտարարելու, որ առաջնորդելու է համաժողովրդական պայքարն` ընդդեմ բռնակալ իշխանության: Չնայած Հայաստանում իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունների բազմազանությանը, ոչ ոք չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել, քանի որ շատերը համոզված են, որ իշխանությունն այնքան է հմտացած ընտրական տեխնոլոգիաների կիրառման մեջ, որ իրենք մի քանի տոկոս ձայն կստանան և կվարկաբեկվեն` որպես ժողովրդի կողմից մերժված անհատներ: Եթե «Հանրապետություն» կուսակցությունն ուզում է նման պատասխանատվություն վերցնել, դա միայն կարելի է ողջունել:

Տեսանյութեր

Լրահոս