Բաժիններ՝

ԱՄՀ. Մի շտապեք կրճատել ծախսերը

ԱՄՀ-ն խնդրահարույց երկրներին խորհուրդ է տվել ժամանակավորապես դադարեցնել բյուջեի ծախսերի կրճատումները: Հիմնադրամը պարզել է, որ խնայողության ռեժիմը ՀՆԱ-ին ավելի մեծ հարված է հասցնում, քան ծախսերի սովորական պայմանները: Իտալիան, հետևելով այս խորհրդին, արդեն որոշել է դադարեցնել բյուջեի ծախսային մասի կրճատումը և նվազեցրել է ցածր աշխատավարձ ունեցող քաղաքացիների նկատմամբ կիրառվող ավելացված արժեքի հարկի դրույքաչափը:

«Հաշվի առնելով իրավիճակը, երբեմն ավելի լավ է ժամանակ հատկացնել խնդիրների լուծմանը: Նմանատիպ դիրքորոշում մենք ունեինք Պորտուգալիայի դեպքում, Իսպանիայի դեպքում, և դա հենց այն է, ինչ մենք ուզում ենք անել Հունաստանի դեպքում։ Այստեղ հարկավոր է դեռևս 2 հավելյալ տարի, որպեսզի իրենք իրագործեն իրենց բյուջետային ծրագիրը»,- ասել է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը: Նրա խոսքով, տնտեսության անկման կամ դանդաղ աճի պայմաններում հնարավոր է հաշտվել հարկային մուտքերի նվազեցման և բյուջեի պակասուրդի աճի հետ:

Նշենք, որ օրերս հրապարակված՝ ԱՄՀ-ի համաշխարհային տնտեսության կանխատեսման զեկույցի համաձայն, ԱՄՀ-ն ուսումնասիրել է 28 երկրներում տիրող իրավիճակը և  եկել է այն եզրակացության, որ տնտեսման միջոցների կիրառումը ՀՆԱ-ի դինամիկայի վրա ավելի բացասական է ազդում:  Ամեն խնայված դոլարը ՀՆԱ-ն նվազեցնում է 0.5 դոլարով:

«Ճգնաժամի արատավոր շրջանը, բյուջեների դեֆիցիտը և հավելյալ խնայումները կարող են բերել էլ ավելի խորը ճգնաժամի»,- ասել է Berenberg Bank-ի տնտեսագետ Խոլգեր Շմիդինգը:  Իսկ հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Օլիվյե Բլանշարը խոստացել է, որ կազմակերպությունը հաշվի կառնի ուսումնասիրության ընթացքում կատարված բոլոր եզրակացությունները՝ առաջարկություններ նախապատրաստելով պարտապան-երկրների տնտեսական քաղաքակության իրականացման համար: Հատկանշական է, որ Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին երկուշաբթի օրը հայտարարել է, որ տնտեսմանն այլընտրանք չկա, եթե անգամ այն վնասում է ՀՆԱ-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս