«ՀՀ-ում գործում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բարձրացված կամ իջեցված հրահանգները»

Հարցազրույց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ

– Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանին մեղադրել էր զինված հակամարտության` նոր պատերազմ հրահրելու մեջ: Համակարծի՞ք եք նախագահի այս դիտարկմանը, և ինքներդ պատերազմի վերսկսման վտանգ տեսնո՞ւմ եք:

– Ադրբեջանը երբևէ չի թաքցրել, որ պատրաստվում է անցնել պատերազմական գործողությունների, եթե չստանա իր ցանկալի արդյունքները բանակցային գործընթացի շրջանակներում: Քանի որ ակնհայտ է, որ բանակցային այս օրակարգում, և առհասարակ` այդ արդյունքները ստանալն անհնար է, պարզ է, որ Ադրբեջանը վերջին առնվազն 10 տարիներին ակտիվորեն նախապատրաստվում է իր երազած պատերազմին: Դա իրականություն է, և մենք պետք է սթափ վերաբերվենք դրան:

Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի միջազգային հանրությունը ևս համոզված լինի, որ Ադրբեջանի համար պատերազմ սկսելու խնդիրն օրակարգային է: Սա նաև քաղաքական մոտեցում է, որի միջոցով Ադրբեջանը ճնշում է գործադրում միջազգային հանրության վրա, որպեսզի միջազգային հանրությունը հնարավորինս փորձի ադրբեջանական տեսակետն օրախնդիր դարձնել հայկական կողմի համար և պարտադրել այդ մոտեցումը հայկական կողմերին:

Կարդացեք նաև

– Եվ որո՞նք են Ադրբեջանի` Ձեր նշած ցանկալի արդյունքները:

– Ադրբեջանի համար ցանկալի արդյունքները բազմիցս հնչեցվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից, և Ադրբեջանը չի ընկալում ԼՂՀ անկախությունը, Ադրբեջանից դուրս դրա ինքնիշխանության ճանաչումը: Սա նշանակում է, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանը ժամանակ է ձգում բանակցություններում, որպեսզի կարողանա վերսկսել պատերազմական գործողություններն իր համար հարմար պահին, քանի որ այլ մոտեցում Ադրբեջանը չի դրսևորել: Մենք պետք է հստակ հասկանանք, որ Ադրբեջանը, հարմար առիթի դեպքում, եթե նկատի Հայաստանի թուլությունը` պատրաստ է դիմել պատերազմական գործողությունների, եթե նաև կարողանա` միջազգային բարենպաստ մթնոլորտ ձևավորի դրա համար:

– Իսկ մարդասպան Սաֆարովի արտահանձնումն արդյո՞ք կարող է արագացնել պատերազմի վերսկսումը` հաշվի առնելով, որ այդ դեպքից հետո Ադրբեջանի կողմից ռազմատենչ հայտարարություններն ավելի շիկացան:

– Մենք դա պետք է դիտարկենք նույն համատեքստում: Ես չգիտեմ` ի՞նչ է մտածել Ալիևը, բայց վստահ եմ, որ այս ճանապարհով Ադրբեջանի ռազմական ոգին բարձրացնել անհնար է, որովհետև, ի վերջո, Սաֆարովը պարզապես դեգեներատ մարդասպան է, ինչը հասկանում են նաև Ադրբեջանում:

Այսինքն` մեծ հաշվով` Ալիևն այդ քայլով պարզապես ընդգծեց Ադրբեջանի ռազմատենչությունը, պատրաստակամությունը ցանկացած բարոյական չափանիշները ոտնահարելու` հանուն Հայաստանի և Արցախի նկատմամբ իր թշնամանքն առարկայացնելու: Դա Ադրբեջանի կողմից միջազգային հանրությանը ներկայացված ապացույց էր` առ այն, որ Ադրբեջանը ոչնչի առջև չի կանգնելու, եթե, իհարկե, հնարավորություն ունենա իր ցանկություններն իրականություն դարձնել:

– Նշեցիք, թե Ադրբեջանը կվերսկսի պատերազմը, եթե նկատի Հայաստանի թուլությունը: Ըստ Ձեզ` ո՞ր դեպքում է Ադրբեջանն օգտվելու այդ «հարմարավետ» պահից, այսինքն` ո՞ր դեպքում եք հնարավոր համարում պատերազմի վերսկսումը:

– Պատերազմի վերսկսումը հնարավոր կլինի այն պարագայում, երբ Ադրբեջանը նախ հասկանա, որ անգամ առանց ռազմական դաշնակիցներ ունենալու` ռազմական ճանապարհով կարող է միայնակ պատերազմ սկսել և հասնել հաղթանակի, բայց դրա համար նա պետք է համոզված լինի, որ ՀՀ-ի դաշնակիցները չեն միջամտի այդ պատերազմին ՀՀ-ի կողմից:

Սա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է շատ լուրջ աշխատանք վարի ՌԴ-ի ներկա իշխանության հետ, որպեսզի կարողանա երաշխիքներ ստանալ նրանից` պատերազմի ընթացքում ՌԴ-ի չեզոքության վերաբերյալ: Բնականաբար, նա պետք է աշխատի ստանալ Թուրքիայի աջակցությունն` առնվազն մասնագետների, ռազմամթերքի մատակարարման, միջազգային ասպարեզում քաղաքական աջակցության առումով: Ադրբեջանը պետք է փորձի չեզոքացնել Իրանի հնարավոր միջամտությունը, և այդ ուղղությամբ բավական հաջողակ քայլեր է կատարում, մասնավորապես, Իսրայելի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ասպարեզում:

Այսինքն` Իրանի միջազգային վիճակն այսօր բավական բարդ է, և Ադրբեջանը կարող է օգտվել նաև դրանից: Ադրբեջանը բավական համապարփակ քաղաքականություն է վարում, և այս առումով մանևրելու հնարավորություններ ունի: Այս տեսակետից մենք պետք է դիմենք հավասարազոր քայլերի և չեզոքացնենք Ադրբեջանի կողմից սպառնացող վտանգը: Ես նաև չեմ բացառում, որ մենք կարող է ստիպված լինենք կանխակալ քայլեր ձեռնարկել և կանխարգելիչ հարվածներ հասցնել Ադրբեջանի տարածքին` ինչպես ԼՂՀ-ի, այնպես էլ ՀՀ-ի կողմից, եթե տեսնենք, որ Ադրբեջանի ձեռնարկած գործողությունները, իսկապես, կարող են հատել վտանգավոր գիծը:

ՀՀ-ի, ԼՂՀ-ի կողմից այդ գործողությունները կարող են լինել ավելին, քան զուտ հրազենային զենքից մասնակի լռության խախտումները: Որովհետև, եթե մենք դիմենք գործողությունների, ապա դրանք պետք է լինեն ծանրակշիռ և կանխարգելիչ` չհանգեցնելով լայնածավալ պատերազմական գործողությունների, բայց, որ հնարավոր լինի սանձել Ադրբեջանի ավելորդ ագրեսիվությունն այդ միջոցով: Այս առումով մենք պետք է չկանգնենք ոչ մի բանի առջև, քանի որ խաղադրույքը մեր ժողովրդի անվտանգությունն է տարածաշրջանում և մեր պետական ինքնիշխանությունը: Իսկ այս խնդիրներն Ադրբեջանի առջև այսչափ ծայրահեղ դրված չեն:

Մենք պետք է կարողանանք օգտագործել նաև գերտերությունների միջև եղած թե՛ հակասությունները, թե՛ ընդհանրական շահերը: Մենք պետք է չվախենանք ոչնչից, և նաև թեթև չվերաբերվենք իրողություններին, որովհետև, հատկապես մեր տարածաշրջանն առաջիկայում ապրելու է շատ բարդ ժամանակաշրջան: Մենք պետք է կարողանանք ճիշտ կողմնորոշվել և առանց վարանելու դիմել բռնի ուժի, երբ դա անհրաժեշտ է, և փորձել հաստատել խաղաղություն նույնիսկ այն նվազագույն նպաստավոր պայմաններում, որոնք գուցե հնարավոր լինեն ձևավորել քաղաքական ճանապարհով:

– Մենք, կարծես, միշտ վերացական ենք խոսում ԼՂՀ բանակցային գործընթացի մասին: Այս իմաստով գոնե վերջին մի քանի տարիներին որևէ իրատեսական արդյունք չարձանագրվեց: Ձեր կարծիքով` արդյո՞ք առկա է այդ բանակցային գործընթացը:

– Մենք պետք է հասկանանք, որ վերջին հաշվով Կիպրոսի խնդրի դեպքում շատ ավելի երկար ժամանակ է, ինչ հարցը չի լուծվում` որոշակի բանակցություններ են տարվում, նախաձեռնություններ են ի հայտ գալիս տարբեր կողմերից, բայց այդ հարցը ևս չի լուծվում: Այնուամենայնիվ, այդ տարիներին իրավիճակը տեղում չի մնացել` թե՛ Կիպրոսի հյուսիսային մասը, թե՛ թուրք-հյուսիսկիպրոսյան հարաբերություններն էապես բարելավվել են:

Ես ստույգ տեղեկություններ չունեմ այդ մասին, բայց, կարծում եմ, Հյուսիսային Կիպրոսից միջազգային թռիչքներ իրականացվում են, և ես հիշում եմ, որ Բաքվից էլ պատվիրակություններ գնացել-եկել են: Սա հիշատակում եմ Ստեփանակերտի օդակայանի հետ կապված խնդիրների համատեքստում: Չկան անլուծելի խնդիրներ: Այդ խնդիրներն ուղղակի սպասում են իրենց լուծողներին: Բանակցային գործընթաց եղել է, այլ հարց է, որ ձևավորված օրակարգը չի բխում ՀՀ-ի և ԼՂՀ-ի շահերից, որտեղ բացակայում են շատ կարևոր բաղադրիչներ, որոնց ներմուծումն, առաջին հերթին, ՀՀ-ի պարտքն է: Այսօր բանակցությունները, որքան էլ անվանում ենք Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններ, եռակողմ չեն և ընթանում են Հայաստան-Ադրբեջան ձևաչափով` միջնորդների մասնակցությամբ:

Հայաստանի պարտականությունն է` օրակարգային հարց դարձնել ադրբեջանահայ փախստականների հիմնախնդիրը, որով մենք բազմաթիվ այլ քաղաքական, աշխարհաքաղաքական խնդիրներ կկարողանանք լուծել Արցախյան խնդրի համատեքստում: Ես հասկանում եմ, թե հայ բանակցողները, քաղաքական ղեկավարներն ինչո՞ւ են անտեսում այդ հարցը, և հասկանում եմ, որ ժամանակին զլացել են, հետո դժվարացել են, իսկ այսօր այս խնդիրը, միևնույն է` անշրջանցելի է լինելու, և վաղ թե ուշ մենք պարտավորված ենք լինելու զբաղվել այդ հարցով: Այսինքն` եղել են բացթողումներ հայկական կողմից, որոնք պետք է շտկվեն: Ուշ չէ:

– Այսօր խոսվում է նաև թուրք-սիրիական հնարավոր պատերազմի մասին: Թուրքիան, լինելով Ադրբեջանի «եղբայր»-պետություն` հնարավոր համարո՞ւմ եք դրա ազդեցությունը հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման համար:

– Ամբողջ խնդիրն այն է, թե ի՞նչ ձևաչափով կընթանա թուրք-սիրիական պատերազմը, որքանո՞վ այդ պատերազմում ներգրավված կլինեն եվրոպական տերություններն ու առհասարակ ՆԱՏՕ-ն: Թուրք-սիրիական պատերազմն, իսկապես, կարող է հանգեցնել տարածաշրջանում պատերազմական էսկալացիայի, այդ թվում` նաև լուրջ մարտահրավեր կլինի ԼՂՀ-ի և ՀՀ-ի համար: Մենք պետք է հաշվի առնենք, որ ոչ մի երկիր չի ցանկանա պատերազմել 2 ճակատով:

Եթե մեզ բարեկամ Սիրիայի նկատմամբ Թուրքիան սկսի ծավալուն պատերազմական գործողություններ, ապա կնվազի Արցախյան պատերազմի վերսկսման վտանգը, որովհետև այդ դեպքում Ադրբեջանը Թուրքիայից համարժեք օգնություն ակնկալելու հնարավորություն դժվար թե ունենա` Թուրքիան զբաղված կլինի իր խնդիրներով: Բայց, եթե այդ պատերազմը դիտարկենք ավելի լայն համատեքստում` նաև ՆԱՏՕ-ի ներգրավման տարբերակով, ապա չի բացառվում, որ ընդհանուր աշխարհաքաղաքական փոփոխությունների գործընթացն արագացնելու նպատակով գուցե գտնվեն նաև Արցախյան պատերազմը վերսկսելու նպատակահարմարությունը տեսնող երկրներ:

– Որպես ԼՂՀ ԱԳ նախկին նախարար` ինչպե՞ս կմեկնաբանեք ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը:

– Հայաստանը, դժբախտաբար, իրավական պետություն չէ: Անկախ պարոն Օսկանյանի կամ իշխանության դիրքորոշումից, ՀՀ-ում չկա այն ատյանը, որն իրականում իրավասու է որևէ մեկին ընդհանրապես դատել: ՀՀ-ում արդարադատությունը չի գործում: Գործում են բարձրաստիճան պետական պաշտոնյաների կողմից բարձրացված կամ իջեցված հրահանգները, որոնց ենթարկվում է դատական համակարգը: Այս տեսանկյունից ցանկացած մարդ` անգամ քրեական հանցագործ, կարող է իրեն հայտարարել քաղաքական հետապնդումների զոհ, իշխանությունն էլ ցանկացած անձի կարող է հայտարարել քրեական հանցագործ:

Չկան այն չափանիշները, որոնց հիման վրա իրականացվեր արդադարատություն: Սա մեր գործող կառավարման համակարգի շատ բնական դրսևորումներից է: Մեր իշխանական կառավարման համակարգը կոռուպցիոն է, և այս դեպքում խոսել արդարադատության մասին` առնվազն անտեղի է: Այդ դահլիճում գտնվողներից որևէ մեկն այս պայմաններում իրավասու չէ ներկայացնել մեղադրանք` ելնելով արդադատության բացակայությունից և ներկաներից շատերի հանցագործ լինելու հանգամանքից: Ես զարմանում եմ, թե ինչո՞ւ պարոն Օսկանյանն ԱԺ դահլիճում չասաց թե՛ գլխավոր դատախազի իրավասությունները, թե՛ ԱԺ-ում ներկա գտնվողներից շատերի քրեական անցյալն ու ներկան:

Պարոն Օսկանյանը, 10 տարի է` եղել է նույն համակարգի առաջատար նախարարներից մեկը, և այսօր, երբ նա հակադրվեց այդ համակարգին, բնական է, որ այդ համակարգը պետք է հարված տա իրեն և իրեն սատարողներին: Սա համակարգային խնդիր է` ո՛ չ Վարդան Օսկանյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի, և ո՛չ էլ Աղվան Հովսեփյանի խնդիրն է: Սա համակարգի արատավորության խնդիր է, որն առանձին անձի հարց չէ: Մենք` որպես հասարակություն, պետք է չհանդուրժենք այս վիճակը և փոխենք կառավարման համակարգի որակը: Այս տեսանկյունից պարոն Սերժ Սարգսյանի գործողությունները` ուղղված Կառավարության աշխատանքը բարելավելուն կամ առողջացնելուն, ապարդյուն են լինելու, քանի որ առանց համակարգի որակն ու բնույթը փոխելու, այս կամ այն անձին համակարգից հեռացնելու` արդյունք ստանալ անհնար է:

– Ըստ Ձեզ` Վ. Օսկանյանի նկատմամբ քաղաքակա՞ն սցենար կիրառվեց:

– Հայաստանում այլ սցենարներ չկան: Իրավական հարթությունը բացակայում է Հայաստանում: Այդ տեսանկյունից նույնքան անհիմն են այն պնդումները, որ քաղաքական հետապնդումներ կան Հայաստանում, որքան անհիմն են ընդհանրապես որևէ մեկին իշխանության կողմից քրեական պիտակներ կպցնելը: Արդարադատության չափանիշներ չեն գործում Հայաստանում:

– Վերջերս ակտիվորեն խոսվում է ԲՀԿ-ՀՀԿ առճակատումների մասին: Դուք տեսնո՞ւմ եք նման առճակատումներ, թե՞ դրանք ևս «քաղաքական» շոուի մաս են կազմում:

– Այդ առճակատումները պետք է ունենան քաղաքական դրսևորումներ, այսինքն` կուսակցությունները պետք է անեն համարժեք քաղաքական հայտարարություններ իրենց քաղաքական մոտեցումների մասին: Այս տեսանկյունից` ես առայժմ չեմ կարող դիտարկել ԲՀԿ-ին` որպես ընդդիմադիր դաշտի հատված: Այլ խնդիր է, որ ԱԺ-ում ԲՀԿ-ն կարողացավ, այսպես ասած` «անկյուն քշել» ընդդիմադիր ուժերին, այդ թվում` և՛ ՀԱԿ-ին, և՛ «Ժառանգությանը»` «Ազատ դեմոկրատների» հետ միասին, իսկ Դաշնակցության մասին չեմ խոսում: Սակայն, ըստ էության, այսօր ԱԺ-ում` որպես առավել ծանրակշիռ ուժ, դիտարկվում է ԲՀԿ-ն, որն անհայտ է, թե քաղաքական առումով իրենից ի՞նչ է ներկայացնում:

Դա ամորֆ մի զանգված է, որը ո՛չ ընդդիմություն է, ո՛չ իշխանություն, և տպավորություն է, որ այդ տեսանկյունից առաջիկայում պարոն Ծառուկյանը շատ լուրջ որոշումներ ունի կայացնելու: Համենայնդեպս, այս անհայտությունը` նրանց դիրքորոշման քաղաքական անորոշությունը, աշխատելու է կուսակցության վարկանիշի դեմ: Եթե կուսակցությունը չկարողանա հստակ քաղաքական դիրքորոշում ներկայացնել հանրությանը, ապա այն կմոռացվի հանրության կողմից` անգամ ծավալուն և նյութապես արժեքավոր նվերներ շռայլելու պարագայում:

– Ըստ ԲՀԿ-ի` Վ. Օսկանյանի դեմ կատարվածն ուղղված է կուսակցության դեմ: Ըստ Ձեզ` իշխանություններն այդ քայլով ԲՀԿ-ին ցույց տվեցի՞ն, այսպես ասած` իր «տեղը»:

– Մինչ հիմա բոլորն էլ գիտեն ԲՀԿ-ի տեղը, այլ խնդիր է, որ ԲՀԿ-ն առանց տեղը փոխելու` ցանկանում է ցույց տալ, թե ինքը նոր տեղում է: Քանի դեռ իր տեղը ցույց չի տալիս, դժվար թե իրեն որևէ մեկը հավատա: Տվյալ պարագայում չեմ ցանկանում կրկնել «մերկ արքայի» պատմությունը` եթե արքան մերկ է, բոլորն էլ տեսնում են դա:

Տեսանյութեր

Լրահոս