«Թող տապակվեն իրենց խորհրդարանում, թող իրենց փեսա-բարեկամ-խնամի բոլոր-բոլորին տեղավորեն ԱԺ-ում»

ԿԸՀ-ն որոշում է ընդունել Երևանի Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 և Գյումրիի մի մասն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքներում ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 2-ին:

Հիշեցնենք, որ երկու ընտրատարածքներն էլ թափուր են մնացել` Ռուբեն Հայրապետյանի և Սամվել Բալասանյանի մանդատից հրաժարվելուց հետո: Օրերս ՀՀԿ-ն որոշեց թիվ մեկ ընտրատարածքում առաջադրել Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը, ով, ինչպես հայտնի է` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է:

Իրենց թեկնածության մասին հայտարարել էին նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը, լրագրող Արտակ Եղիազարյանն ու Հայաստանի քաղաքագետների միության (ՀՔՄ) նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Երեկ նախ` Ա. Եղիազարյանը հայտարարեց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը, այնուհետև մեզ հետ զրույցում Հմայակ Հովհաննիսյանը հայտնեց, որ մտափոխվել է ու չի դնելու թեկնածությունը: «Երբ հայտարարեցի, որ թիվ 1 ընտրատարածքում առաջադրվելու եմ, անմիջապես քննիչից պահանջ ստացա` ներկայանալու, ցուցմունքներ տալու, անգամ առերեսման` մոռացված քրեական ու երկու քաղաքացիական գործերով:

Հարձակման վերսկսումն այն երեք գործերով, որոնք իմ դեմ թխվել էին դեռևս խորհրդարանական ընտրարշավի ժամանակ, պայմանավորված է թեկնածությունս Ավանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրելու մասին իմ օրեր առաջ արված հայտարարությամբ: Ինձ կանգնեցրել են դաժան ընտրության առջև. կա՛մ կհրաժարվեմ իմ մտադրությունից` մուտք գործելու խորհրդարան, կա՛մ կենթարկվեմ բիրտ ճնշումների` վտանգելով ՀՔՄ հետագա գործունեությունը: Այս պատճառով ես որոշում եմ ընդունել չառաջադրել թեկնածությունս թիվ 1 ընտրատարածքում»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը` հավելելով, որ «քնած» գործերը նոր թափ ստացան միայն իր առաջադրվելու մասին արված հայտարարությունից հետո: Հ. Հովհաննիսյանի հավաստմամբ, դատական այս մահակը գործի կդրվի, եթե ինքը մնա թեկնածու:

«Ստեղծված իրավիճակում անիմաստ եմ համարում առաջադրվելը: Եթե իշխանությունն իր առջև նպատակ է դրել իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով խոչընդոտել իմ մուտքը խորհրդարան, թող իմանա, որ ինձ համար մասնագիտական գործունեությունս ավելի կարևոր է, քան` պատգամավորի կարգավիճակը: Մանավանդ վերջին քառօրյային հետևելով, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ ինձ համար պատվաբեր չէ տեղ զբաղեցնելը մի խորհրդարանում, որտեղ քաղաքական հաշվեհարդարը դարձել է խրախուսելի գործելակերպ: Իմիջիայլոց, իմ կանխատեսումներն իրականացան. դեռ մայիս-հունիս ամիսներին, երբ ինձ հեռացրին ԱԺ-ից, ես զգուշացնում էի, որ շուտով փորձելու են հեռացնել նաև Վարդան Օսկանյանին»,- ասաց նա:

յն, որ Հ. Հովհաննիսյանի մուտքն ԱԺ խոչընդոտվեց, դրա պատճառը քաղաքագետը համարում է իր օբյեկտիվ, ոչ թե իշխանությունների, այլ քաղաքացիների շահերով պայմանավորված գործելաոճը: «Ես միշտ հանդես եմ եկել որպես քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչ, իմ համառության շնորհիվ իշխանություններին պարտադրել եմ ամենացավոտ խնդիրների արծարծումն ԱԺ պատերի ներքո: Ես այն պատգամավորն էի, ով երբեք չի վախեցել արտահայտել իր oբյեկտիվ դիրքորոշումը` անգամ իշխանական կոշտ հակազդեցության պայմաններում:

Այդ իսկ պատճառով իշխանությունն, իր բոլոր բաղադրիչներով հանդերձ, ինձ չի ցանկանում տեսնել խորհրդարանում: Պարզ է, որ իշխանություններն առավելևս չեն ցանկանում ինձ տեսնել ԱԺ-ում անկախ պատգամավորի կարգավիճակում»,- նշեց ՀՔՄ նախագահը:

Նրա համոզմամբ, իշխանության ամենաբարձր մակարդակով որոշում է կայացվել` բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտել Հ. Հովհաննիսյանի մուտքն ԱԺ: «Թող հանգստանան, չընկնեն տվայտանքների մեջ, թող տապակվեն իրենց խորհրդարանում, ուրախանան, թող իրենց փեսա-բարեկամ-խնամի բոլոր-բոլորին տեղավորեն ԱԺ-ում»,- պարզաբանեց Հմայակ Հովհաննիսյանը` հավելելով, որ սա ՀՔՄ կազմալուծման հստակ ծրագիր է, ու առաջադրման պարագայում իր դեմ դատական վճիռ կներկայացնեն ու կզրկեն գրանցման հնարավորությունից, իսկ ինքն «իրենց նման գայթակղություն չի պատճառի»:
Իր դեմ կատարվող այս քայլերը, ինչպես ընդգծեց քաղաքագետը, ԲՀԿ-ի դեմ կատարվող քայլերի շարունակությունը չեն. սրանք քայլեր են հենց իր անձի դեմ:

«Օրերից մի օր կարող է թմրանյութ նետեն ՀՔՄ գրասենյակ, ասեն, որ` թմրամոլությամբ ես զբաղված: Այս իշխանությունը հստակ ցույց է տալիս, որ միջոցների մեջ խտրություն չի դնում: Ժողովրդին բացեիբաց ասում են, որ ԱԺ-ն իրենց «դուքանն» է և անցանկալիների մուտքն այնտեղ արգելվում է: Չնայած` նշեմ, որ ՀՔՄ վարչությունը տասն օրվա ընթացքում դեռ պետք է քննարկի իմ առաջադրվել-չառաջադրվելու հարցը, սակայն իմ տեսակետն այդ հարցում միանշանակ է` ես ամեն ինչ անելու եմ քսանամյա պատմություն ունեցող ՀՔՄ-ն ճնշումներից զերծ պահելու համար»,- նշեց Հ. Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս