«Մատի ու մատանու արանքում»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական 2rd.am կայքը անդրադարձել է Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ հրապարակումներին և այդ շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի անվան արծարծումներին:
Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական 2rd.am կայքը մասնավորապես գրել է.
«Դեռևս Սուլան էր հին հռոմեական ժամանակներում պարզել, որ եթե նախադասության մեջ կա «բայց» բառը, ուրեմն դրանից առաջ եղածն անիմաստ, հենց այնպես ասված արտահայտություն է, և ավելի կարևոր է, թե ինչ է հաջորդում բայց շաղկապին:
Անցած շաբաթ թե տպագիր մամուլն ու էլեկտրոնային լրատվամիջոցները, թե խորհրդարանական կամ այլ ամբիոնների մոտ ելույթ ունեցող պատգամավորների ու քաղաքական գործիչների մեծ մասը այս կամ այն կերպ կրկնում էին, թե գիտեն, որ Վարդան Օսկանյանի «գործի» հիմքում լուրջ բան չկա, բայց…
Ահա այս «բայց»-ից հետո ասում էին ամենաանհեթեթ բաները, իսկ իրականում իրենց համար շատ ավելի կարևոր էր այդ բայցին հաջորդող անհեթեթությունը, քան այն, որ մարդուն և քաղաքական գործչին անարդարացիորեն հետապնդում են: Ավելորդ է ասել, որ անցած շաբաթը հենց Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդության և խորհրդարանի տված համաձայնության շուրջ բուռն քնարկումներով առանձնացավ:
Ոմանք բացահայտ, ոմանք կիսատոներով կրկնում էին նաև Ռոբերտ Քոչարյանի անունը, և չի կարելի ասել, թե անհարկի, որովհետև Վարդան Օսկանյանը նախագահ Քոչարյանի արտաքին քաղաքականության գլխավոր դերակատարն էր, նրա իշխանության տարիների առանցքային դեմքերից մեկը: Ուրեմն բնական էր ակնկալիքը, որ Ռոբերտ Քոչարյանն արձագանքելու է: Սակայն մի տեսակ տենդագին ու անհամբերությամբ էին սպասում այդ արձագանքին:
Երկրորդ նախագահի խոսքը սթափեցնող էր: Հետո եղան նաև նրա այդ խոսքին արձագանքողներ նույնպես: Մի երեք-չորս հայկբաբուխանյաններ ու «նորը լավ մոռացված հինն է» ասացվածքի հերոս քաղաքական գործիչներ փորձեցին օգտվել առիթից ու հերթական անգամ հիշեցնել իրենց մասին:
Սակայն թե նրանք, և թե ասենք Գալուստ Սահակյանը ցանկանալով «թունդ ու կատաղի» երևալ, այնուամենայնիվ զգուշավոր էին ու կիսաբերան: Երևի չեն մոռացել Քոչարյանի հայտնի որսորդական պատմությունը արջի մասին…
Գալուստ Սահակյանը նույնիսկ հայտարարեց, թե չի հավատում, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է տեքստի հեղինակը: Չէր հավատում, որպեսզի ստիպված չլինի կարծիք ասել, որևէ մեկի հետ հարաբերություններ փչացնել, մարդը կոմպլեմենտար բնավորություն ունի, հո զոռով չի:
Ափսոս, մենք էլ կարծում էինք, թե մեզ համար գործունեության նոր դաշտ է բացվում, ու սիրով որոշ մարդկանց իրենց տեղը կդնենք: Դե լավ, երևի ստիպված կլինենք ուրիշ անգամ դա անել:
Բայց, քանի որ մեկն արդեն ասել էր, թե Ռոբերտ Քոչարյանը չի իր խոսքի հեղինակը, ուրեմն լծվեցին իսկական հեղինակին գտնելու գործին ու այնքան զավեշտալի եզրահանգումների հասան, որոնց թագն ու պսակն անշուշտ Լ.Տ.Պ.-ի տարբերակն է: Պատկերացնո՞ւմ եք անհեթեթության «գրադուսը»… Պարզվում է, որ Վարդան Օսկանյանին սատարող` Ռոբերտ Քոչարյանի խոսքը, ըստ հայոց մամուլի ու քաղաքական մտքի, գրել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Բացի այդ, երկրորդ նախագահի արձագանքը ոմանք համարեցին չափազանց մեղմ, ոմանք` առավել քան խիստ, ոմանք այն համարեցին նետված ձեռնոց ու «պատերազմի» հայտարարում, մյուսները` հաշտության կոչ ու իրար հասկանալու «մեսիջ»: Դե լավ, մենք էլ դրամատիկ հերոսի հանգույն կրկնենք. «Ախ ժամանակներ, ախ բարքեր…»:
Իմիջիայլոց, ԱԺ-ում Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու կողմնակիցները, բացի իրավական անմտություններից, չէին խորշում նախկին արտգործնախարարի նկատմամբ` գործի հետ ամենևին կապ չունեցող իրենց հին քեները, ոխերն ու մերժումները վերհիշել ու բարձրաձայնել: Իսկ ահա, Նիկոլ Փաշինյանն էլ այդ հին ոխերի տեղ մարտի մեկն էր հիշել և շահարկում էր ու շահարկում: Այստեղ էլ մի հին հայկական ասացվածք արժե հիշել: ժողովուրդն ասում է` «Գող` սիրտը դող»:
Ռևազի ոչխարների, կամ նույնն է թե Ջոն Հանթսմանի փողերի պատմության շուրջ աղմուկից մի քանի օր առաջ ու հետո կրկին նոր թափ է առել հետաքրքրությունը` վերադառնալո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը ակտիվ քաղաքականություն, թե՞ ոչ: Վկայելու համար, թե որքան բևեռային ու ծայրահեղ են այս հարցի շուրջ տեսակետները, ընդամենը մեջբերենք երկու տարբեր թերթերի հոդվածների վերնագրերը. «Քոչարյանը չի առաջադրվի» և «Քոչարյանը լրջորեն պատրաստվում է»:
Նրանց, ովքեր սարսափով են սպասում երկրորդ նախագահի վերադարձին` միայն մի բան կասենք. թուլացեք, չարժե այդքան անհանգիստ ու անքուն մնալ: Ինչի՞ եք ձեզ տանջում. չէ՞ որ, եթե նա որոշի վերադառնալ, ուրեմն կվերադառնա, և դուք դժվար թե կարողանանք խոչընդոտել: Իսկ եթե չէ, ուրեմն, առավել ևս, անհանգստանալու պատճառ չունեք: Թե չէ երևակայական նոր ռեկորդներ եք սահմանում: Մեկ, պարզվում է, որ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ և այնտեղ հանդիպել ինչ-որ մարդկանց ու քննարկել իր վերադարձի հարցը, մեկ նույն խնդրով Մոսկվա է գնացել ու հանդիպել ուրիշ մարդկանց, և վերջապես Եվրոպայում է բանակցություններ վարել քաղաքականություն իր վերադարձի շուրջ: Լավ է, որ դեռ Ամերիկա չեք ճանապարհել երկրորդ նախագահին: Թե՞ ճանապարհել եք, մենք տեղյակ չենք:
Միշտ է այդպես: Երբ սթափությունն ու լրջմտությունը երկրորդ պլան են մղվում, բորբոքված երևակայությունը պարապը լցնում է կեղծիքով, անմտությամբ ու զավեշտով»: