ՍԴ-ն քննության կառնի Կարեն Անդրեասյանի հերթական դիմումի հիման վրա գործը
Հոկտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության կառնի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործը: Կարեն Անդրեասյանը վիճարկում է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի` իրավասու դատարանի կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերը, ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը:
Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթների համաձայն` իրավասու դատարանը կարող է չեղյալ ճանաչել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե՝
– պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից,
– Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ,
– բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:
Ըստ օրենքի, Ֆինանսական համակարգի հաշտարարի հիմնական նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանության իրականացումն է, նրանց պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը: Հաշտարարի որոշումը առաքելու պահից, 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդի կողմից գրավոր ձևով համաձայնվելու դեպքում, այն կողմերի համար դառնում է պարտադիր:
ՄԻՊ-ը ՍԴ դիմելու անհրաժեշտությունը պայմանավորել է նրանով, որ երբ Հաշտարարի որոշումները կողմերի համար դառնում են պարտադիր, կազմակերպությունները, այսինքն` մյուս կողմը, արդյունավետ կերպով չեն կարողանում բողոքարկել այդ որոշումները, քանի որ Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին օրենքը Հաշտարարի որոշումները բողոքարկելու հնարավորություն չի նախատեսում: Միաժամանակ` խիստ սահմանափակ են հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու առկա հիմքերը. բացակայում է այն, ըստ էության, դատական կարգով բողոքարկելու հնարավորությունը:
Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը:
Դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավված է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքն ընդունած Ազգային ժողովը: